Համայնքային զարգացում

Մենք կարևորում ենք երկարաժամկետ և հետևողական աշխատանքը համայնքներում՝ ապահովելու համար կայուն ազդեցություն և կերտելու հզոր համայնքներ: 

Կազմակերպությունն իր առաջին քայլերը սկսել է Շիրակի մարզի 70 գյուղական համայնքներից ՝ իրականացնելով հիմնականում ընտանիքի պլանավորման, առողջ ապրելակերպի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ու կանանց իրավունքներին ուղղված ծրագրեր։ Մարզի գյուղական համայնքներում աշխատանքի գրեթե 10 տարվա փորձառությունը, իրազեկվածությունը բնակիչներին հուզող խնդիրներին և կազմակերպության հանդեպ ձևավորված վստահությունը հիմք հանդիսացան մեր աշխատանքի նոր մոտեցումների մշակման համար։ Եվ ահա 2008թ-ից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն մեկնարկեց համայնքների զարգացմանն ուղղված համակարգված գործունեություն Շիրակի մարզի գյուղական համայնքներում` որպես սկզբունք ունենալով «Ոչ թե համայնքի համար, այլ միասին՝ հանուն համայնքի» կարգախոսը։  Շահառու համայնքներում մեր աշխատանքի հիմնական հաջողությունը հենց այս մոտեցման մեջ է։

1998-2014թթ-ին կազմակերպությունն աշխատել է Շիրակի մարզի 70 գյուղական համայնքներում, իսկ 2014թ-ից առ այսօր ակտիվ և հետևողական աշխատանք է տանում Շիրակի մարզի 12 համայնքներում։ Կազմակերպության շահառուներն են նշված համայնքների ավելի քան 7610 բնակիչները՝ ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ, դպրոցականներ, համայնքի ակտիվ անդամներ։

*ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների ինտերակտիվ քարտեզի վրա կարող եք գտնել տվյալ գյուղերի մասին համառոտ պատմական ակնարկ և ԿՀԶ ՀԿ կողմից իրականացված ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն։ 

Կազմակերպության շահառու համայնքներն են ՝  Սարապատ միավորված համայնքի 8 բնակավայրեր,  Կրասար, Կարմրավան, Սարագյուղ, Նոր Կյանք, Տուֆաշեն, Վարդաքար, Նահապետավան, ԱնուշավանԼեռնակերտ,    Լանջիկ   և Մեղրաշատ 

Ծրագրի համայնքային զարգացման բաղադրիչն ունի մեկ հիմնական նպատակ՝ տեղերում ձևավորված ակտիվ խմբերի աջակցությամբ բարձրացնել համայնքներում ապրող բնակչության կյանքի որակը։

Դուրս գալով փորձից, կազմակերպությունը մշակել է համայնքների հետ աշխատանքի իր սեփական, արդյունավետ մոտեցումներն ու մեխանիզմները, որի արդյունքում վերջիններս դարձել են ավելի ուժեղ, համախմբված և կարողանում են ինքնուրույն վերլուծել ու գնահատել իրենց կարիքներն ու հնարավորությունները։

Համայնքների զարգացմանն ուղղված հիմնական քայլերն են՝

  • – Համայնքի համախմբում,
  • – Մասնակցության բարձրացում,
  • – Համայնքի անդամների կարողությունների զարգացում,
  • – Տեղի խնդիրների վերհանում և լուծում,
  • – Տեղական բիզնեսի և սոցիալական ձեռներեցության խթանում,
  • – Կոնֆլիկտների կառավարում։

Կազմակերպությունը  մշակել  է  համայնքներում  իրականացվող  աշխատանքների  հստակ  քայլեր,  որոնք  բաժանվում  են  երկու  հիմնական  մասի։

Առաջին  մասը  նախապատրաստական  աշխատանքներն  են,  որոնց  հիմքում    տեղի  բնակչության  կարողությունների  զարգացումն  է՝  մասնակցության,  կամավորության  և  համայնքի  համախմբման  խթանումը,  սեփական  համայնքի  խնդիրները  սեփական  համայնքի խնդիրները  բացահայտելու  և  ներկայացնելու  ունակության  զարգացումը:

Աշխատանքների  երկրորդ  մասն  արդեն  բուն,  գործնական  աշխատանքներն  են՝  սոցիալական  հիմնախնդիրների  լուծում,  ֆինանսական  աջակցություն  տեղերում  ձևավորված  ակտիվ  խմբերի  կողմից  ներկայացված  այս  կամ  այն  ծրագրի  իրականացման  համար,  ձեռներեցության  խթանում  և  աջակցություն  փոքր  բիզնեսներին: Ինչպես նաև  հնարավոր  ֆինանսական  և    տեխնիկական  աջակցություն  ապահովելու  նպատակով՝  շահառու  համայնքների  խնդիրների  ներկայացում  պոտենցիալ  դոնորներին  և    գործընկեր  կազմակերպություններին։

Աշխատանքի  նման  մոտեցման  արդյունքնում  այսօր  արդեն  տեսանելի  դրական  փոփոխություններ  կան  շահառու  բոլոր  համայնքներում: Հաջողությամբ  իրականացված  ավելի  քան  84  սոցիալական  ծրագրերի արդյունքում  լուծվել  են  երեխաների,  երիտասարդների  և  մեծահասակների  ազատ  ժամանակի  արդյունավետ  կազմակերպման հարցեր: Մասնակիորեն լուծվել են համայնքային  ենթակառուցվածքների՝  այդ  թվում  փողոցային  լուսավորության,  հանդիսությունների  սրահների  վերանորոգման  ու  կահավորման,  հանրային  կանգառների  տեղադրման,  մշակութային  խմբակների  ձևավորման,    սպորտի  և  առողջ  ապրելակերպի  զարգացման  հետ  կապված  մի շարք խնդիրներ։  Սոցիալական  ծրագրերի  իրականացման  ամենակարևոր  արդյունքը  տեղական  ինքնակառավարման,  համայնքի  բնակչության  և  կազմակերպության  միջև  վստահության  ամրապնդումն  է։  Ոչ  մի  ծրագիր  համայնքներում  չի  իրականացվում  առանց  տեղական  իշխանության  ֆինանսական  ներդրումների,  իսկ  այն  ծրագրերը,  որոնք  ներառում  են  շինարարական  և  վերանորոգման  բաղադրիչ,  ամբողջովին  իրականացվում են տեղի կամավորների ջանքերով և  վերահսկվում  համայնքապետերի  կողմից։

Շահառու  4  համայնքում  հիմնվել են  համայնքահեն  հասարակական  կազմակերպություններ: Նրանք արդեն կատարում են ինքնուրույն առաջին քայլերը՝  ձևավորելով  որոշակի  դրական  միջավայր  և  վստահություն  հաղորդելով  հատկապես բնակչության առավել երիտասարդ հատվածին։ Սա երիտասարդներին սեփական համայնքում պահելու, գործունեություն ծավալելու, սեփական գաղափարներով հանդես գալու և համայնքային խնդիրների լուծմանը մասնակցություն ապահովելու լավագույն ձևերից մեկն է, որը շնորհիվ ԿՀԶ ՀԿ-ի, այլևս իրողություն է։