Ֆորում թատրոններ

Մենք կարևորում ենք ֆորում թատրոն  խմբակների  գործունեությունը՝  ոչ  ֆորմալ  ճանապարհով  համայնքներին  հուզող  հիմնախնդիրները վեր հանելու և դրանց լուծմանը  համայնքի  անդամներին  մասնակից  դարձնելու  գործում։

Աշխարհը ճանաչելու լավագույն միջոցներից մեկը արվեստն է: Արվեստի ազդեցությունը մարդու վրա լայն է, ունի տարբեր գործառույթներ և  նպատակներ, որից հիմնականը կրթականն է: Թատրոնը՝ ասելիքը տեղ հասցնելու այլընտրանքային, հիշվող, էմոցիոնալ առումով առավել տպավորիչ ու ազդեցիկ միջոցներից է: Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով «Կանայք  հանուն  զարգացման»  ՀԿ-ն  2015թ-ից սկսեց կիրառել ինտերակտիվ թատրոնը կամ որ նույնն է՝ ֆորում թատրոնը, որպես կոնֆլիկտների կառավարման այլընտրանքային մեթոդ:  Փորձնական  ծրագրի  իրականացման  համար  ընտրվեց  Թորոսգյուղ  համայնքը,  որտեղ  ձևավորվեց  15  հոգուց  բաղկացած  խմբակ։  Ֆորում թատրոն  խմբակը  նպատակ  ուներ  այս  մեթոդի  կիրառմամբ  համայնքների  դեռահասների  ու  երիտասարդների  միջոցով  բարձրաձայնել  և  գտնել  լուծումներ  իրենց  հուզող  խնդիրների  վերաբերյալ։ Առաջին ներկայացումը, որ  Թորոսգյուղի  Ֆորում  թատրոնի  խմբակը ներկայացրեց  հանդիսատեսի  դատին, ընդունվեց  մեծ  ոգևորությամբ  և  հետաքրքրությամբ։ Հաշվի առնելով  դրական  արձագանքները՝ որոշվեց Թորոսգյուղի  փորձը  ներդնել    նաև  շահառու  այլ  համայնքներում։  Այսօր արդեն 8  համայնքներում  գործում են  Ֆորում  թատրոն  խմբակներ, որոնցում ներգրավված են 12-16  տարեկան  ավելի  քան 230 երեխա։

Բոլոր ներկայացումների մշտական հանդիսատեսն են ուսուցիչները, ծնողները, դպրոցականներն ու համայնքի անդամները, ովքեր ակտիվորեն ներգրավվում են բեմականացումներին, փոխարինում «դերասաններին» և խնդիրների լուծման իրենց տարբերակներն առաջարկում։

Ֆորում թատրոնի անդամները ներկայացումների միջոցով բարձրաձայնում են ներանձնային և միջանձնային խնդիրներ, ներդպրոցական և ներհամայնքային կոնֆլիկտներ, բնապահպանական և համայնքին հուզող տարատեսակ հարցեր: Ներկայացվող նյութն այնուհետև տեղում քննարկվում է հանդիսատեսի հետ: Սա լավագույն հարթակն է, որտեղ նյութի ներկայացմանը տրվում է գեղարվեստական երանգավորում, իսկ հարցի լուծումը գտնվում է բազմակարծիք քննարկման արդյուքում: Ֆորում թատրոնի խմբակները օգնում են դպրոցականներին ազատ և անկաշկանդ հայտնել իրենց կարծիքը, բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Ուսուցիչն ու ծնողը ոչ ֆորմալ միջավայրում հնարավորություն են ստանում մասնակցել երեխային հուզող խնդիրներին և համատեղ փնտրել լուծման այլընտրանքային ճանապարհներ:

Բեմի անտեսանելի 4-րդ պատը, որը ոչ թե բաժանում, այլ միավորում է դերասաններին ու հանդիսատեսին, հնարավորություն է տալիս աշակերտին ու ծնողին փոխվել դերերով: Ֆորում թատրոնն օգնում է գնահատել  անկեղծությունն  ու  արժևորվել  ազատ  խոսքը։

ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպվել են նաև Ֆորում թատրոն խմբակների փոխայցելություններ այլ համայնքներ, ինչը մասնակիցներին հնարավորություն է տվել փորձի փոխանակման, ինչպես նաև այլ համայնքներում առկա խնդիրները տեսնելու համար։

«Այստեղ ես դարձա ընկերասեր, համարձակ, նախաձեռնող: Ես այստեղ ավելի անկեղծ եմ, քան տանը մայրիկիս հետ, այստեղ ես հասկացված եմ…» ,- Սրանք կոնկրետ երեխայի խոսքեր են, որոնք խոսում են ֆորում թատրոնի դրական ազդեցության մասին։