Պատմա-աշխարհագրական ակնարկ
ՀՀ Շիրակի մարզի Լանջիկ գյուղը հիմնադրվել է 1840թ-ին Ալաշկերտից, Մուշից, Բասենից գաղթածների կողմից: Նախկինում կոչվել է Մուսլուխլի, սակայն 1947թ-ի գյուղը վերանվանվել է Լանջիկ: Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում՝ Արագած լեռան լանջերին, Երևան-Գյումրի ավտոմայրուղու ձախ կողմում՝ Գյումրի քաղաքից 35կմ և Մարալիկ քաղաքից 10կմ հեռավորության վրա, բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1960մ:
Մթնոլորտային տեղումները սակավ են: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:
Բնակչությունը միատարր է: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ:
Գյուղն ունի տիպային միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մանկապարտեզ և բուժկետ:
Գյուղի գործող եկեղեցին կառուցվել է 1908թ-ին, վերանորոգվել 1996 թվականին:
Համայնքը կազմված է 253 տնային տնտեսություններից: Բնակչությունը (01.12.2011թ. դրությամբ) կազմում է 1048 մարդ, որից տղամարդիկ` 534, կանայք` 514:
Բնակչության հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրը գյուղատնտեսությունն է, որը համայնքում սեզոնային բնույթ ունի` կապված կլիմայական ցուրտ պայմանների հետ (6-7 ամիս ձյան ծածկույթ): Բնակչության մեծ մասն իր հիմնական եկամուտը հայթայթում է արտագնա աշխատանքի միջոցով:
Գյուղապետարանում, դպրոցում, մանկապարտեզում, հեռուստաաշտարակի սպասարկման ոլորտում, փոստում և բուժկետում, առևտրի կետերում աշխատում են 50 մարդ:
Գյուղի վարչական տարածքում չկան խմելու ջրի բավարար քանակի պաշարներ: Համայնքի ղեկավարության կարծիքով, ջրի խնդիրը լուծելու լավագույն տարբերակը ջրի կուտակիչ-բաշխիչ համակարգ ունենալն է: Այս հարցը մտած է համայնքի առաջիկա տարիների պլանների մեջ: Լանջիկում կա մանկապարտեզ, որի շենքը վերանորոգման խիստ կարիք ունի: Համայնքում գազաֆիկացումն իրականացվել է 2009 թ: Բնակելի տների 80%-ը ներկայումս գազաֆիկացված է: Գազագիկացված չեն համայնքի ծայրամասում գտնվող տները, ինչի պատճառը ֆինանսական միջոցների պակասն է:
Համայնքում աղբահանության աշխատանքները կարգավորված չեն: Համայնքի ծայրամասերից մեկում կա հատուկ տեղ` հատկացված աղբի կուտակման համար: Սակայն աղբատար մեքենաների և ընդհանուր առմամբ աղբահանության մշակույթի
բացակայության պատճառով աղբահանության խնդիրը ներկայումս շարունակում է մնալ համայնքի ամենակարևորներից մեկը:
Լանջիկի «Համայնքային կենտրոն»
Լանջիկում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության աջակցությամբ 2008թ.-ին ստեղծվել է Համայնքային կենտրոն, որի նպատակն է խրախուսել առողջ և խաղաղ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը համայնքում՝ աջակցելով խաղաղ և առողջ միջավայրի ստեղծմանը: Այդ նպատակով աշխատանքներ են տարվում զարգացնելու հետաքրքրություն և մասնակցային մոտեցում Լանջիկ համայնքի անդամների շրջանում՝ ձևավորելու խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման մշակույթ, զարգացնելու առողջության պահպանման և առողջ ապրելակերպի հմտություններ Լանջիկ համայնքի անդամների շրջանում, ակտիվացնելու աշխատանքը խաղաղասեր և առողջ կենտրոնների ինստիտուցիոնալացման ուղղությամբ:
Համայնքային կենտրոնի գոյության 5 տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվիստների խումբ, որոնց մասնակցությամբ աշխատանքներ են տարվում վեր հանելու համայնքի առաջնային խնդիրները և փորձում լուծել դրանք:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ՝ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, դպրոցի եւ մանկապարտեզի աշխատակազմի, ինչպես նաեւ համայնքի անդամների հետ համատեղ մշակվել է Լանջիկի 2013-2015թթ. համալիր զարգացման պլանը: Ռազմավարական ծրագիրը սահմանում է համայնքի զարգացման հիմնական ուղղությունները 2 տարիների համար: Այն կդառնա ուղեցույց համայնքային ծառայությունների մակարդակի և որակի պահպանման, խթանման ու բարձրացման համար: Մեծ ազդեցություն կունենա համայնքի բնակիչների համախմբման ու համայնքի խնդիրներին մասնակցության բարձրացման գործում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լանջիկի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։