Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 4կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 34կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կուրդբուլաղ, Կուրտի բուլաղ, Ղուրդբուլաղ, Ղուրդիբուլաղ, Ղուրթբուլաղ անվանումները: Կրասար է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:
Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ: Գյուղից մոտ 2կմ հյուսիս արևմուտք` «Քարոտ հողեր» կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1897 թ-ին գյուղն ունեցել է 311, 1926 թ-ին` 349, 1939 թ-ին`604, 1959 թ-ին` 350, 1970 թ-ին` 387, 1979 թ-ին` 352 հայ բնակիչ: Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%:
Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 127տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579հա), խոտհարքերը (46հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Կրասար բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Կրասարի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։