Ձեր շնորհիվ գյուղում արդեն ունենք փոփոխված ճակատագրեր

Ֆորում թատրոն խմբակների ձևավորումը շահառու բնակավայրերում շատ կարևոր դերակակատարություն ունեցավ ծրագրի հաջողության համար։ Գրեթե բոլոր բնակավայրերում թե ուսուցիչները և թե ծնողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում ներկայացումներին ու քննարկումներին։  Ծնողները ուրախությամբ են նշում, որ նկատում են դրական փոփոխություններ իրենց երեխայի վարքագծում, նոր հմտություններ, որոնք ձեռք են բերել այս կարճ ժամանակահատվածում։ Որպես օրինակ բերենք Կրասար բնակավայրի ֆորում թատրոն խմբակի ղեկավար Տիրուհի Սումբուլյանի հաղորդագրությունից մեկ հատված՝ ուղղված ֆորում թատրոն խմբակների իր գործընկերներին և ԿՀԶ ՀԿ ծրագրի համակարգող Սուսաննա Ղազարյանին․

«Բարի երեկո սիրելի գործընկերներ, հարգելի տկն. Սուսաննա, ցանկանում եմ իմ խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կազմակերպության բոլոր անդամներին՝ կատարած կարևոր աշխատանքի համար, կիսվել արդյունքներով և պատմել այն մասին, որ Ֆորում թատրոն խմբակի անդամների կողմից վեր հանված մի քանի խնդիրներ արդեն լուծվել են։ Եթե հիշում եք մեր առաջին ներկայացումը կոչվում էր «Մարդկային ճակատագրեր», որտեղ երեխաներն ու ծնողները բարձրաձայնում էին խմբակների բացակայության մասին, դժգոհում, որ գյուղում երեխաների համար ոչ մի զբաղմունք չկա։ Ներկայացումից և քննարկումներից շատ կարճ ժամանակ նրանց բոլորի համար կարծես բացահայտում եղավ, որ մեր գյուղում կան «թաքնված» ընդունակություններով բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ։ Անցած մի քանի ամիսների ընթացքում նրանք համախմբվեցին և իրենց ամբողջ ներուժը ներդրեցին՝գյուղում ստեղծելով պարի, նկարչական,  ասեղնագործության խմբակներ։ Հետագայում, ոգևորվելով իրենց կատարած աշխատանքներից, կազմակերպեցին նաև ամառային ճամբար՝ հրավիրելով գյուղի երեխաներին, կտրելով նրանց հեռախոսներից ու հեռուստացույցից։ Ծնողների խնդրանքով ճամբարը ևս մեկ հերթափոխ ունեցավ, միացան նաև երեխաներ հարևան գյուղերից։ Երեխաները մեծ ոգևորությամբ են պատմում իրենց պարապմունքների և  ճամբարում անցկացրած ժամանակի մասին։

Շնորհակալ ենք գյուղի երեխաների միապաղաղ օրերը փոխելու համար։ Առանց ձեր ուղղորդման, առանց Ռեսուրս կենտրոնի երեխաները չէին կարողանա ոչ մի ծրագիր իրականացնել։ Շնորհակալ եմ ի սրտե մեզ օգնելու, ուղղորդելու և ոգևորելու համար։ Ձեր շնորհիվ այսօր արդեն մենք ունենք «փոփոխված ճակատագրեր»։