««Սարապատ» գործողությունների իրականացման տեղական խումբ» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը («Սարապատ» ԳԻՏԽ ՀԿ) բազմաոլորտային գործընկերության հարթակ է, որը միավորում է պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչներին`տեղական զարգացումը խթանելու համար:
«Սարապատ» ԳԻՏԽ -ն հիմնադրվել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից 2020թ․ դեկտեմբերին, իսկ պաշտոնապես գրանցվել է 2021թ․ հունիսի 24-ին՝ որպես ոչ առևտրային, հասարակական կազմակերպություն:
Հիմնադրման պահին «Սարապատ» ԳԻՏԽ անդամների թիվը 34 է, ովքեր ներկայացնում են Սարապատ միավորված համայնքի 8 բնակավայրեր՝ Սարապատ, Սալուտ, Փոքր Սարիար, Գոգհովիտ, Հողմիկ, Ցողամարգ, Թորոսգյուղ և Արփենի:
Սարապատ միավորված համայնքի մասին առավել մանրամասն տեղեկատվության համար տե՛ս հետևյալ հղումը
«Սարապատ» ԳԻՏԽ ՀԿ-ն հիմնված է LEADER մոտեցման 7 հիմնական սկզբունքների վրա, որոնք են՝
– Ներքևից վերև որոշումների կայացում,
– Տեղական կարիքների վրա հիմնված ռազմավարության մշակում,
– Համագործակցություն տեղական մակարդակում,
– Տարբեր ոլորտների/բնագավառների միավորում,
– Կապերի հաստատում, ցանցերի ստեղծում,
– Նորարարական ուղղվածություն ունեցող գաղափարների ներդրում,
– Միջազգային համագործակցություն։
«Սարապատ» ԳԻՏԽ-ն անդամության վրա հիմնված կազմակերպություն է, որի կառավարման բարձրագույն մարմինը հանդիսանում է ընդհանուր ժողովը: ԳԻՏԽ – ի կառավարման մարմինը Խորհուրդն է։ Վերջինս ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից 2 տարի ժամանակով: Խորհրդի ներկայացուցչական լիազորությունները տրվում են Նախագահին և նրա տեղակալին, կազմակերպությունն ունի նաև սեփական կանոնադրությունը:
Սարապատի զարգացման ռազմավարության հիմնական նպատակն է՝
Բարելավել կյանքի որակը Սարապատ միավորված համայնքում՝ ապահովելով տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքային խնդիրների բարձրացման և որոշումների կայացման գործընթացում։
Վերոհիշյալ նպատակին հասնելու համար ԳԻՏԽ ՀԿ-ն առանձնացրել է 5 ռազմավարական ուղղություններ, որոնք են`
- – Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում և զարգացում,
- – Շրջակա միջավայրի պաշտպանություն,
- – Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական փոքր բիզնեսի զարգացում,
- – Մշակութային և սպորտային կյանքի ակտիվացում,
- – Գյուղական տուրիզմի զարգացում։
«Սարապատ» Գործողությունների Իրականացման Տեղական Խմբի անդամների և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ կազմվել է նաև Սարապատ միավորված համայնքի 2021-2025թթ․ զարգացման ռազմավարական ծրագիր։
Այն ներկայացնում է Սարապատ միավորված համայնքի ներկայիս իրավիճակի մանրամասն վերլուծություն, որի հիման վրա մասնակցային եղանակով մշակվել են զարգացման հիմնական առաջնահերթությունները, իրականացվել է SWOT վերլուծություն, մշակվել է գործողությունների ծրագիր միավորված համայնքի կազմի մեջ մտնող ութ բնակավայրերում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ:
Չնայած այն հանգամանքին, որ Տեղական զարգացման ռազմավարական ծրագիրը վերաբերում է Սարապատ միավորված համայնքի ութ բնակավայրերին՝ Թորոսգյուղ, Ցողամարգ, Գոգհովիտ, Հողմիկ, Արփենի, Սալուտ, Փոքր Սարիար, Սարապատ բնակավայրերի, վերջինս պարունակում է համայնքի խնդիրների և կարիքների խորը վերլուծություն և կոնկրետ առաջարկներ, որոնք կիրառելի են համայնքի կազմի մեջ մտնող բոլոր՝ 15 բնակավայրերի զարգացման համար։
Սարապատ միավորված համայնքի տեղական զարգացման ռազմավարական պլանին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով