Կանանց իրավունքներ

ԿՀԶ ՀԿ ծրագրերը մշտապես իրականացվել են՝ ելնելով համայնքների կարիքներից ու պահանջներից:  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ հեռավոր գյուղական համայնքներում բացի սոցիալական, կենցաղային և այլ  հիմնախնդիրներից կան նաև արտաքին աշխարհի հետ կապի, տեղեկատվության ստացման ու փոխանակման հետ կապված խնդիրներ: Նույնիսկ երիտասարդների շրջանում չափազանց ցածր է համակարգչից և ինտերնետ կապից օգտվելու համար անհրաժեշտ տարրական գիտելիքների և հմտությունների մակարդակը: Կազմակերպության շահառու կանանց ավելի քան 60% ցանկություն են հայտնել ստանալու համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ ու հմտություններ:

Այն, որ ինտերնետ կապը տեղեկատվություն ստանալու և հաղորդելու, կրթական մակարդակը բարձրացնելու, անձնական և համայնքային զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու գործիք է, օբյետիվ պատճառներով չի ընկալվում հանրության գերակշռող մեծամասնության կողմից: Տիրապետելով համակարգչից ու համացանցից օգտվելու տարրական գիտելիքների, մենք հնարավորություն կունենաք որոշակիորեն լրացնելու համայնքներում առկա այդ բացը, ինչպես նաև նպաստելու համայնքների զարգացմանը: Ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ համայնքներում ձևավորված կամավորական ակտիվ խմբերի ջանքերով կիրականացվեն համայնքային զարգացմանը, առանձին համայնքներում մշակութային կյանքի ակտիվացմանն ու միջհամայնքային մշակութային կապերի ստեղծմանն ուղղված ամենատարբեր ծրագրեր:

Բացի այդ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր գյուղի տղամարդկանց մեծ մասը գումար վաստակում է արտագնա աշխատանքի միջոցով եվ տղամարդկանց մեծամասնությունը տարվա գրեթե 11 ամիսներն անցկացնում է դրսում՝ հեռու իր ընտանիքից, իսկ համացանցն  այսօր համարվում է ամենահեշտ եվ համեմատաբար էժան կապը, որով կարող են նրանք հաղորդակցվել:

Ինչպես վերոհիշյալ հիմնախնդրի, այնպես էլ բազմաթիվ այլ հիմնախնդիրների հիմնական պատճառներից մեկը եղել և մնում է աղքատության բարձր մակարդակը: Համակարգիչ և ինտերնետ կապ ունենալը  գյուղական համայնքների բնակչության գերակշռող մեծամասնության համար դեռևս մնում է շքեղություն, կամ «մոդայիկ կահույքի մի մաս»:


«Աշխարհը ավելի մոտ դարձնենք գյուղի կանանց» ծրագիր

Հաշվի առնելով «Կանայք հանուն զարգացման» ՀԿ շահառու Թորոսգյուղ, Մուսայելյան, Արփենի եվ Ցողամարգ համայնքների ավելի քան 60 տոկոս կանանց խնդրանքը՝ օգնել իրենց տիրապետելու համակարգչին եվ ինտերնետին, ԿՀԶ ՀԿ-ն  “Global Fund For Women” կազմակերպության ֆինանսական աջակցությամբ նշված համայնքներում սկսեց «Աշխարհը ավելի մոտ դարձնենք գյուղի կանանց» փոքր դրամաշնորհային ծրագիրը:

Դեռեվս 2012թ. նոյեմբեր ամսից վերոհիշյալ գյուղերի Համայնքային կենտրոնների կամավորներից ընտրվեցին դասընթացավարներ, ովքեր արդեն ավարտել են համապատասխան համակարգչային դասընթացները եվ պատրաստ են ուսուցանելու իրենց համայնքներում: Նշված գյուղերի Համայնքային կենտրոններին արդեն տրվել են համակարգիչներ եվ սկսած 2013թ. մարտ ամսից արդեն վերապատրաստված կամավորները կանոնավոր կերպով անցկացնում են համակարգչային դասընթացներ Համայնքային կենտրոններում:


Ուսուցանողների հաջողված պատմություններից

Ստորեվ ներկայացնում ենք Համակարգչային ուսուցանողների հաշվետվություններից մի քանի հատվածներ: Ահա թե ինչ են գրում նրանք.

Arevik…Համակարգչային դասընթացներին մասնակցելուց հետո շատ բան փոխվեց իմ կյանքում: Բացի այն, որ ավելի խորացրեցի իմ գիտելիքները համակարգչի վերաբերյալ, ես ձեռք բերեցի նաեվ ինքնավստահություն,  զգացի, որ ինքս կարող եմ դասավանդել եվ իմ համեստ լուման ունենալ սիրելի համայնքիս զարգացման գործում: Ձեռք բերեցի նաեվ նոր ընկերներ, որոնց հետ կապը պահպանում եմ մինչ այսօր:

Մեծ սիրով եմ պարապում յուրաքանչյուրի հետ, պատրաստակամությամբ պատասխանում բոլորի հարցերին ու անկեղծորեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ աշխատանքիս արդյունքը: Նույնիսկ չեմ նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Լսելով, թե ինչպես են համագյուղացիներս վերաբերվում իմ կատարած աշխատանքին, ես ինձ լիովին գնահատված եմ զգում:

Արեվիկ Մովսիսյան, Ցողամարգ


Lilit«Համայնքային կենտրոնի» մասին իմացել եմ կենտրոնի պատասխանատու Մարիամ Ղուկասյանից: Մշտապես մասնակցել եմ կազմակերպվող հանդիպումներին, միջոցառումներին, իսկ կամավորական աշխատանքներում ընդգրկվելուց հետո փորձել եմ այլ տեսանկյունից նայել ու նոր գաղափարներ առաջարկել Թորոսգյուղի զարգացման համար: Մեծ սիրով ու հետաքրքրությամբ եմ մասնակցել համայնքի ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքներին՝ մեր խմբով վեր ենք հանել համայնքին հուզող խնդիրներ ու փորձել գտնել լուծման տարբերակներ: Կամավորական աշխատանքն  ինձ տվեց աշխատելու նոր եռանդ, նոր մտածելակերպ ու համայնքին օգտակար լինելու մեծ ցանկություն:

Անչափ ուրախ էի, երբ մեր համայնքից ընտրվեցի համակարգչային դասընթացներին մասնակցելու, քանի որ կկարողանայի ե՛վ գիտելիքներ ձեռք բերել, եվ դրանք փոխանցել համայնքի բնակիչներին:

Աշխատանքս մեծ սիրով ու նվիրվածությամբ եմ կատարում, պարապում եմ շաբաթական երեք օր երկու հերթով, քանի որ ցանկացողները շատ-շատ են: Գյուղում բոլորը միայն գովասանքով են խոսում Համայնքային կենտրոնի կատարած աշխատանքների եվ համակարգչային դասընթացների մասին:

Շնորհակալ եմ ԿՀԶ ՀԿ կազմակերպությանը մեր համայնքին նման հնարավորություն ընձեռելու համար:

Լիլիթ Հակոբյան, Թորոսգյուղ


Արդեն 3 տարի է, ինչ մեր գյուղում «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության շնորհիվ հիմնվել է «Համայնքային կենտրոն», որի գրեթե բոլոր հանդիպումներին մեծ սիրով ու հետաքրքրությամբ եմ մասնակցել: Այնուհետեվ սկսեցի կամավոր կերպով մասնակցել եվ ուժերիս ներածին չափով օգտակար լինել  գյուղում կազմակերպվող միջոցառումներին, աջակցել Համայնքային կենտրոնի պատասխանատուի աշխատանքներին:  Յուրաքանչյուր շաբաթ եվ կիրակի օրերն ինձ համար «աշխատանքային» են եղել, քանի որ մեծ ոգեվությամբ ու պատասխանատվությամբ եմ մասնակցել կենտրոնում գործող փոքրիկների խմբակի աշխատանքներին.  միասին դիտել ենք մուլտֆիլմեր, ընթերցել հեքիաթներ, նկարել ու կազմակերպել տարբեր խաղեր, որոնց շնորհիվ ավելի հետաքրքիր ու հագեցած է դարձել թե՛ իմ եվ թե երեխաների առօրյան:

Իմ աշխատանքը գնահատվեց եվ ԿՀԶ ՀԿ-ի կողմից ինձ տրվեց հնարավորություն մասնակցելու համակարգչային ուսուցման դասընթացների:

Իմ կյանքում շատ բան փոխվեց: Երեք ամիս մասնակցելով դասընթացներին, այյհվելի լավ կարողացա տիրապետել համակարգչին, ձեռք բերեցի նոր գիտելիքներ ու հմտություններհհ: Շնորհիվ ԿՀԶ ՀԿ-ի, ես այսօր աշխատանք ունեմ: Փոխվել է նաեվ համայնքի բնակիչների վերաբերմունքն իմ հանդեպ` նրանք սիրում ու գնահատում են իմ աշխատանքը: Դրա մասին վկայում է այն, որ օրեցօր ավելի են շատանում համակարգչային դասընթացներին մասնակցել ցանկացողները: Այս ամենն ինձ ավելի է ոգեվորում ու պարտավորեցնում՝ ամեն կերպ օգտակար լինել ու աջակցել իմ համայնքին:

Ծովինար Դավթյան, Արփենի


Կանանց իրավունքների ուղղությամբ իրականացված ծրագրեր