Մակերես՝ 11,7կմ2
Տուֆաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ- արևմտյան մասում, Արթիկ համայնքի վարչական շրջան:Այն հյուսիսից սահմանակից է Հոռոմ, Նոր Կյանք գյուղերին, արևելքից Արթիկ համայնքին, հարավից Պեմզաշեն գյուղին, արևմուտքից Հայկասար, Հայրենյաց գյուղերի վարչական տարածքներին: Գտնվում է Արթիկից 9,3 կմ հեռավորության վրա, մարզկենտրոն Գյումրիից՝ 26 կմ հարավ-արևելք մայրաքաղաքից 115 կմ։ Գյուղը հիմնադրվել է 1828թվականին: Հին անունը եղել է Արմտլու, 1946թվականին վերանվանվել է Տուֆաշեն: Բնակիչները հիմնականում գաղթել են արևմտյան Հայաստանի Բասեն, Մուշ, Ղարս գավառներից: Նախնիների մի մասի 1829-1830 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից։ Գյուղի աշխարհագրական դիրքը նախալեռնային է, ծովի մակերևույթից բարձրությունը 1720 մետր է, ունի հիմնականում բլրաթմբային ռելեֆ: Կլիման բարենպաստ է, ամառը՝ զով, ձմեռը ցուրտ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը հարուստ է տուֆի պաշարներով։
Գյուղում կան XIX դարի «Ժամ» «Սուրբ Սարգիս» եկեղեցի, «Թուխ Մանուկ» մատուռ (VII- XI դարեր), «Արմենքար» կիկլոպյան ամրոց։
Տուֆաշեն գյուղի բնակիչները ավանդապաշտ և ավանդապահ են՝ միաժամանակ անտարբեր չլինելով նորի նկատմամբ: Պատմության մեջ կան փաստեր, որոնք վկայում են Տուֆաշենի բնակչության ըմբոստ բնավորության մասին: Ավանդաբար պահպանվել են նվիրվածությունը և հարգանքը ընտանիքի նկատմամբ, հարգանքն աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ:
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Տուֆաշեն բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Տուֆաշենի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։