Երիտասարդական ակտիվ խմբեր

Մենք կարևորում ենք երիտասարդների կարողությունների զարգացումն ու հզորացումը տեղերում՝ խթանելով նրանց ակտիվ ներգրավվածությունը համայնքի զարգացման գործընթացներում։

Վերջին  մի  քանի  տարիներին  ԿՀԶ  ՀԿ  ռազմավարական  զագացման  հիմնական  ուղղություններից  մեկը    Շիրակի  մարզի  հեռավոր  գյուղական  համայնքներում  կայուն  երիտասարդական  ակտիվ  խմբերի  ձևավորումն  է։  Կազմակերպության  աջակցությամբ  2017-2021թթ.  ընթացքում  ձևավորված  8  երիտասարդական  խմբերն այսօր  ունեն  վերանորոգված,  կահավորված  և  տեխնիկապես  հագեցած  աշխատանքային  տարածքներ: Խմբերում ընդգրկված երիտասարդները ձեռք են բերել ծրագիր-առաջարկներ կազմելու, ֆոնդա-հայթայթման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցության,  ռազմավարական պլանների մշակման, համայնքի համախմբման և մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման, հաղորդակցման և կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ գիտելիքներ ու հմտություններ:

Կազմակերպության շնորհիվ, գյուղական համայնքների երիտասարդներին հասանելի և ընդունելի է դարձել կամավորության գաղափարը: Անշահախնդիր գործունեության ծավալումն առանց ֆինանսական շահի, շատերի ապրելակերպի անբաժանելի մասն է այլևս: Կազմակերպությունը մշտապես աջակցում է երիտասարդներին՝ կամավորական  աշխատանքներ իրականացնելիս, համայնքի այլ անդամների և տեղական իշխանությունների հետ համագործակցելիս: Սա մի ոլորտ է, որի հետ առնչվող յուրաքանչյուր մեկը հնարավորություն է ստանում բացահայտել իր ներսում թաքնված ունակություններն ու գտնել դրանց համար կիրառման ձևեր: Մշտապես տարբեր ոլորտներում կամավորությամբ զբաղվողները խոստովանում են, որ կյանքի որակը փոխվել է դեպի լավը և այս առումով սկսել են կարևորել կամավորությունը:

«Կանայք հանուն զարգացման»  ՀԿ-ն իր առաքելության իրականացման ճանապարհին հետևում է որոշակի հստակ սկզբունքների, այն է՝ ձեռք բերված ցանկացած գիտելիք ու հմտություն պետք է գործնական կիրառություն ստանա տեղերում։ Դա է պատճառը,  որ փորձում ենք ֆինանսական,  խորհրդատվական,  կապերիև ցանցերի ձևավորման միջոցով համապատասխան միջավայր ստեղծել երիտասարդների համար՝  ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները սեփական համայնքներում կոնկրետ ծրագրերի և նախաձեռնությունների վերածելու համար:

Կատարած աշխատանքներն ու ստացած արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ տեղերում իրականացվող ծրագրերը ճիշտ են ընտրված և թիրախային: Երիտասարդ սերնդի՝  սեփական համայնքի կարիքների լուծմանն ուղղված նախաձեռնություններում ընդգրկվածությունը, պատասխանատվություն է ձևավորում ցանկացած մեծ ու փոքր խնդրի նկատմամբ: Սա է ապագա լիարժեք քաղաքացու, ժողովրդավարական բարեփոխումներին ակտիվ մասնակից քաղաքացու ձևավորման հիմնական երաշխիքը: