Մակերես` 11.3կմ2
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 2կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կզըլքիլիսա, Կզըլքիլիսա Նոր, Ղզըլքիլիսա Հայկական անվանումները: Կզըլքիլիսան Կարմրավան է վերանվանվել 1935 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու ձախ կողմում: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2060մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ:
Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Փարտիկի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 19-րդ դարի վերջին: 1873 թ-ին գյուղն ունեցել է 255, 1897 թ-ին` 350, 1959թ-ին` 232, 1970 թ-ին` 237, 1979 թ-ին` 208 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 234 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 223 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (410հա), խոտհարքերը (190հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 114 և 294 հեկտար: Գյուղատնտեսության մասնա գիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
2024թ․ հունվարից «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ Կարմրավան բնակավայրում հիմնվել և ակտիվորեն գործում է կահավորված և տեխնիկապես հագեցած «Ռեսուրս կենտրոն», որը ծառայում է երիտասարդներին ու համայնքի բնակիչներին՝ դասընթացների կազմակերպման, տարաբնույթ միջոցառումների, հանդիպումների և համայնքային ժողովների անցկացման համար։
Ձեզ ենք ներկայացնում Կարմրավանի մասին պատմող տեսանյութը՝ պատրաստված գյուղի երիտասարդների կողմից։