Սարապատ միավորված համայնքի աշխարհագրական և ժողովրդագրական նկարագրությունը
2016թ․ հոկտեմբերին Շիրակի մարզում իրականացվեց խոշորացման ծրագիրը, ըստ որի մարզի հյուսիսային հատվածի թվով 15 բնակավայրեր մտան Սարապատ միավորված համայնքի կազմի մեջ։ Դրանք են՝ Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար,Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար։
* 2021թ-ից սկսած այս համայնքները միավորվել են Աշոցք խոշորոցված համայնքի կազմի մեջ։
«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունն աշխատում է Սարապատ միավորված համայնքի թվով 8 բնակավայրերում՝
Փոքր Սարիար, Սալուտ, Սարապատ, Գոգհովիտ, Հողմիկ, Թորոսգյուղ, Ցողամարգ և Արփենի։
Աշխարհագրություն, բնական պայմաններ
Սարապատ միավորված համայնքը գտնվում է Շիրակի սարահարթի կենտրոնական մասից դեպի հյուսիս-արևելք, արևելքում սահմանակից է Լոռու մարզին, արևմուտքում՝ Ամասիայի տարածաշրջանին: Խոշորացված համայնքի 15 բնակավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 274,65 քառ․ կմ: Ստորև բերված են տվյալներ միավորված համայնքի բնակավայրերի տարածքների, բնակչության, մարզկենտրոնից բնակավայրերի հեռավորության և ծովի մակերևույթից ունեցած բարձրության վերաբերյալ
Միավորված համայնքի տարածքը հիմնականում նախալեռնային է, արևելքում և հարավում՝ լեռնային, ծովի մակերևույթից բարձրությունը 1800-2200 մ։ Տարածքը հիմնականում իրենից ներկայացնում է ալիքային սարահարթ և Շիրակի ու Բազումի լեռնազանգվածների կազմի մեջ մտնող սարավանդներ։ Տարածքի արևելյան սահմանը եզրափակվում է Ցողասարի լեռներով, որոնք Բազումի լեռների արևմտյան ճյուղավորումներից են, իսկ հարավում՝ Շիրակի լեռներով։ Կլիման այստեղ չափավոր ցամաքային է։ Ունի չափավոր տաք, չոր ամառ, և երկարատև և ցուրտ ձմեռներ՝ հաստատուն ձնածածկույթով։ Օդի բացարձակ ջերմաստիճանը հասնում է ամռանը +360C, ձմռանը՝ -360C։ Տարեկան մթնոլորտային տեղումները 500-700մմ։ Լինում են ուժեղ քամիներ, գերակայում են 3,5-6,0 մ/վրկ արագությամբ արևելյան և հյուսիսային քամիները։ Ձմռան ձյան ծածկույթը հասնում է 80սմ-ի։ Հաճախակի ձնաբքերի պատճառով միջհամայնքային ճանապարհներն ունենում են խնդիրներ։
Այստեղ գերակշռում են տափաստանային և լեռնատափաստանային լանդշաֆտները, որոնց մի մասը հերկված է, անտառածածկ տարածքները կազմում են մոտ 892 հա, հիմնականում սովորական սոճու ծառերով արհեստական տնկարկներ են։ Մշակվող հողերը ունեն սևահողային կառուցվածք։ Տարածքով, իրենց բազմաթիվ փոքր վտակներով, հոսում են Հողմաջուր գետը՝ Ախուրյանի ձախակողմյան վտակը, Վարդաղբյուր գետը՝ Աշոցքի վտակը, Չիչկան գետը՝ Փամբակի ձախակողմյան վտակը։ Տարածաշրջանում ամենուրեք կան խմելու ջրի բարձրորակ և հանքային ջրերի հազարավոր բնական աղբյուրներ։
Տարածաշրջանը գտնվում է Հայաստան – Վրաստան միջպետական ճանապարհային ցանցի վրա և չունի երկաթուղային հաղորդակցություն։ Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է, որտեղ զբաղված են տնային տնտեսությունների մոտ 90%-ը։
Տեղական ինքնակառավարման կառուցվածքը
Սարապատ միավորված համայնքը բաղկացած է 15 գյուղերից, որոնք միավորված են մեկ համայնքի կազմում, կենտրոնը՝ Թորոսգյուղ։ Համայնքն ունի տեղական ինքնակառավարման մարմիններ՝ համայնքի ղեկավար և ավագանի՝ 9 անդամներով։
Ժողովրդագրական բնութագրեր
Տարածաշրջանի մշտական բնակչությունը կազմում է 3695 մարդ (2018թ․ հունվարի 1-ի դրությամբ), իսկ բնակչության միջին խտությունը՝ մոտ 14 մարդ (միջին հանրապետական ցուցանիշը մոտ 100 մարդ է 1 քառ․ կմ-ի վրա)։ Համեմատաբար ավելի խիտ բնակեցված է տարածաշրջանի հարավ-արևմտյան հատվածը (Հողմիկ, Ցողամարգ):
Տարածաշրջանի բնակչությունը առավելապես զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Գյուղատնտեսությունը վարվում է նախալեռնային և լեռնային բնակլիմայական և ագրոտեխնիկական պայմաններին բնորոշ ձևերով, տարածված զբաղմունք է նաև մեղվապահությունը, իսկ պտղաբուծությունը ունի փոքր ծավալներ: Բուսաբուծությունը իրականացվում է անհատական գյուղացիական տնտեսությունների միջոցով, սեփականաշնորհված, տնամերձ և վարձակալված, գյուղատնտեսության վարման համար համեմատաբար նպաստավոր հողատարածքների վրա։ Մշակվող հիմնական մշակաբույսերն են հացահատիկային կուլտուրաները, կերային խոտաբույսերը, բանջարաբոստանային կուլտուրաները և կարտոֆիլը։ Բուսաբուծության զարգացման խոչընդոտներից են, մասնավորապես, ոռոգման, պարարտացման և գյուղտեխնիկայի բարելավման խնդիրները։ Համայնքում գրեթե ամենուր առկա է ոռոգման ջուր, սակայն ոռոգման ցանցը քայքայված է։ Սարապատ միավորված համայնքի բնակավայրերում լուրջ խնդիր է նաև աղբահանությունը։
Միջհամայնքային հանրային տրանսպորտ
Դեպի մարզկենտրոն գործում է միայն ձորի հատվածի – Սալուտ տարածքի գյուղերի համար ծառայող հանրային տրանսպորտը, այն էլ շաբաթական 3 օր։ Մայրուղուց ավելի հեռու գտնվող գյուղերի բնակիչները՝ Հողմիկ, Ձորաշեն, Լեռնագյուղ, Սարապատ, Արփենի և այլն, հանրային տրանսպորտի բացակայությունը համարում են շատ հրատապ խնդիր։ Որպես հիմնական տրանսպորտային միջոց օգտագործվում են սեփական ավտոմեքենաները։
Հանրակրթական դպրոցներ
15 բնակավայրերից միայն 8-ում կան միջնակարգ դպրոցներ։ Մեկ բնակավայրում կա հիմնական դպրոց, 4-ում գործում են տարրական դպրոցներ, որից 3-ը ուղղակի տարրական դասարաններ են հարևան գյուղերում գործող դպրոցների կազմում։ Իսկ 2 գյուղերում ընդհանրապես դպրոց կամ դասարաններ չեն գործում (Լեռնագյուղ, Բաշգյուղ)։ Միջնակարգ դպրոցներից 6-ում գործում են նաև նախակրթարաններ։ Համայնքի ոչ մի բնակավայրում մանկապարտեզներ չկան։ Դպրոցների այսպես կոչված «օպտիմալացումը» հանդիսանում է բնակչության արտահոսքի և լքված գյուղերի առաջացման հիմնական պատճառը։
Բուժկետ
Բուժկետեր գործում են միայն 13 գյուղերում։ Մեկ գյուղում կա բժշկական ամբուլատորիա: Մնացած 2 գյուղերը օգտվում են հարևան գյուղերի ծառայությունից։
Մշակույթի տներ և ակումբներ
Մշակույթի տներ կան միայն Թորոսգյուղում, Գոգհովիտում, Արփենիում, իսկ ակումբ՝ Հողմիկում։
Փողոցային լուսավորություն
Բոլոր գյուղերում կա փողոցային լուսավորություն, որոշ գյուղերում կա կետերի ավելացման կարիք:
Երիտասարդական կենտրոններ
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ աջակցությամբ Սարապատ միավորված համայնքի թվով 6 բնակավայրերում՝ Սարապատ, Փոքր Սարիար, Սալուտ, Գոգհովիտ, Ցողամարգ և Թորոսգյուղ հիմնվել և ակտիվորեն գործում են վերանորոգված և կահավորված երիտասարդական կենտրոններ։
* Տվյալները վերցված են «Քաղաքացիական ակտիվություն խոշորացված համայնքում» ծրագրի շրջանակներում տպագրված «Սարապատ համայնքի իրավիճակային գնահատում և զարգացման գործողությունների ծրագրի մշակման ուղեցույց» մեթոդական ձեռնարկից։
Ծրագիրն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորված «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ «Հայկական Կարիտաս», «Կանայք հանուն զարգացման» և «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների կողմից 2017-2018թթ․։