Ընտանեկան հյուրատուն Մեղրաշատում
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում անցկացված «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում, բիզնես պլանի կազմում» դասընթացների արդյունքում մասնակիցների կողմից մշակված և ներկայացված լավագույն 5 բիզնես գաղափարներն արդեն իսկ ֆինանսավորվել են` հնարավորություն ընձեռելով գյուղաբնակ սկսնակ ձեռներեցներին իրենց գաղափարները վերածելու շահավետ բիզնեսի։ Ֆինանսավորված գաղափարներից մեկը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղում գործող ընտանեկան հյուրատան վերանորոգման ու պարսպապատման ծրագիրն է, որը նպատակ ունի առավել հարմարավետ ու անվտանգ դարձնել այցելուների հանգիստը։
Հյուրատան մասին տեղեկատվություն տարածելու, գովազդելու և առավել մեծ թվով այցելուներ ներգրավելու համար Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն իսկ բացվել է Granny’s House – Family Guest House in Meghrashat էջը։ Հյուրատան մասին տեղեկատվությունը շուտով հասանելի կլինի նաև սոցիալական այլ ցանցերում ևս։
Ռիմա Ղազարյանի կողմից ներկայացված հյուրատան գաղափարին և առաջարկվող ծառայություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://web.facebook.com/GuesthouseinMeghrashat/
«Լիլիթ» խմորեղեն
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ բիզնես գաղափարը Ցողամարգ համայնքում խմորեղենի փոքրիկ արտադրամասի հիմնումն է։ Գաղափարը ներկայացվել է Ցողամարգի բնակչուհի Ելիզավետա Մկրտչյանի կողմից՝ նպատակ ունենալով իր և հարևան համայնքների բնակիչներին մատուցել թարմ ու համեմատաբար մատչելի խմորեղեն։
Ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել խմորեղենի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու պարագաները։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև խմորեղենի պատրաստման ու ձևավորման դասընթացների շարք Գյումրիում, որն արդեն իսկ մեկնարկել է։
Ելիզավետան շատ լավատեսորեն է տրամադրված և համոզված է, որ տնային պայմաններում սկսած իր փոքրածավալ բիզնեսը հետագայում ընդլայնվելու է՝ իր դրական ազդեցությունը թողնելով թե՛ ընտանիքի և թե՛ համայնքի կյանքի վրա։
«Լիլիթ» խմորեղենի կողմից առաջարկվող ծառայություններին ծանոթանալու և պատվերներ ընդունելու համար արդեն գործում է անձնական Ֆեյսբուք էջը, որը պարբերաբար կթարմացվի՝ https://web.facebook.com/Lilit-cakes-336873113578006/?modal=admin_todo_tour
«Անուշահամ մեղր Մեղրաշատից»
Մասնագիտությամբ մանկավարժ Կարեն Ոսկանյանը Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղից է։ Նա հասցնում է և՛ տեղի դպրոցում դասավանդել, և՛ զբաղվել իր սիրած աշխատանքով` մեղվապահությամբ։ Մեղվապահության նկատմամբ սերը Կարենը ժառանգել է ընտանիքից, որը երկար տարիներ զբաղվել է մեղվապահությամբ։ Տարիներ շարունակ մեղվապահությունը Կարենի համար եղել է հիմնականում հոբբի և ընտանիքին անարատ մեղրով ապահովելու միջոց, սակայն այժմ ցանկանում է ավելացնել մեղվաընտանիքների թիվը և իր սիրելի զբաղմունքը վերածել նաև շահութաբեր բիզնեսի։ Դա էր պատճառը, որ Կարենը որոշեց մասնակցել ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպած բիզնես դասընթացներին և ներկայացնել «Անուշահամ մեղր Մեղրաշատից» բիզնես գաղափարը։ Կարեն Ոսկանյանի խոսքերով, Մեղրաշատ անվանումն ինքնին հուշում է մեղրի համար հրաշալի հումքի աղբյուր հանդիսացող գյուղի աշխարհագրական դիրքը։ Նա մեծապես համոզված է, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն կունենա ավելացնելու իր կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և անարատ մեղրի ծավալը և մրցունակ դառնալ շուկայում։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Կարեն Ոսկանյանի ներկայացրած ծրագիրը, որով նախատեսվում է ունեցած 2 փեթակներն ավելացնել ևս 6-ով, ինչը հնարավորություն կտա սկսնակ ձեռներեցին իրականացնելու իր գաղափարը։
Ջերմոցային տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ 2 բիզնես ծրագրերը նպատակ ունեն հիմնելու ջերմոցային փոքր տնտեսություններ Արփենի և Ողջի համայնքներում։ Ծրագրերի առաջարկները ներկայացվել են նշված համայնքների ակտիվ կանանց կողմից, ովքեր բիզնես դասընթացներին մասնակցելուց հետո որոշեցին իրենց ուժերը փորձել այս ոլորտում և սկիզբ դնել իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսին։ Գոհար Գևորգյանի և Աննա Խաչատուրյանի խոսքերով, ձմռան ամիսներին աճեցրած բանջարեղենն ու կանաչին հոգալու են ոչ միայն իրենց ընտանիքների, այլ նաև իրենց համայնքների կարիքները, քանի որ շրջիկ վաճառականներից գնված բանջարեղենն այդ ժամանակաշրջանում այնքան էլ թարմ ու որակյալ չէ, իսկ իրենք գնորդներին առաջարկելու են անմիջապես ջերմոցից քաղած և էկոլոգիապես մաքուր արտադրանք։ Բացի այդ, համայնքի բնակիչները բանջարեղեն ձեռք բերելու համար ստիպված չեն լինի հասնել քաղաք՝ ծախսելով լրացուցիչ գումար և ժամանակ։
Նախատեսվում է կառուցել 50մ2 և 100մ2 մակերեսներով պոլիէթիլենային երկշերտ թաղանթով երկու ջերմոցներ, որոնց համար արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր անհրաժեշտ շինարարական նյութերը։ Օրերը տաքանալուն պես կտրվի ջերմոցների շինարարական աշխատանքների մեկնարկը։
2018-2019թթ․ ընթացքում ֆինանսավորված փոքր դրամաշնարհների մոնիթորինգի արդյունքներ
«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը (ԿՀԶ ՀԿ) գերմանական «Հաց աշխարհին» (BfdW) և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF –European Fund for Southeast Europe Development Facility) կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ 2019թ. օգոստոս-դեկտեմբեր ամիսներին իրականացրեց «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին կարողությունների բարձրացման դասընթացներ և ուսումնական այցեր՝ Շիրակի մարզում հաջողված բիզնեսներին ծանոթանալու նպատակով։
Ծրագրի ավարտին հայտարարվեց փոքր դրամաշնորհների մրցույթ, 5 լավագույն բիզնես գաղափարները ֆինանսավորվեցին։ Դրանք են՝
- “Էկո ճուտիկներ Մեղրաշատից”
- “Նիկոլյանս հյուրատուն”
- “Արգիշտի Արտ ստուդիա”
- “Ընտանեկան բիստրո”
- “Թխվածքներ Անուշավանից”
“Էկո ճուտիկներ Մեղրաշատից”
Ծրագիրը ներկայացվել է Մեղրաշատ համայնքից Քրիստինե Սահակյանի կողմից։
Նախագիծն իրենից ներկայացնում է ինկուբացիոն եղանակով հավի ճտերի բազմացում, որը կնպաստի Մեղրաշատ համայնքում և հարևան գյուղերում թռչնապահության ներդրմանը, ինչպես նաև կստեղծի կայուն եկամտի հնարավորություն ընտանիքի համար։
Երկար տարիներ Քրիստինեի ընտանիքը զբաղվել է թռչնաբուծությամբ՝ ձեռք են բերել մի քանի օրական հավի ճուտիկներ, մեծացրել և վաճառել։ Այն եկամտաբեր բիզնես է եղել, որն հնարավորություն է տվել ընտանիքին լրացուցիչ եկամուտ ստանալու, սակայն ելնելով մի շարք հանգամանքներից, տևական ժամանակ է ինչ չեն զբաղվում տվյալ գործունեությամբ․
Ներկայացվող ծրագրի նպատակն է ձեռք բերել 100 ձվի համար նախատեսված ինկուբատոր, որով հնարավորություն կունենանք ստանալ հավի ճուտիկներ և վերսկսել մեր բիզնեսը։ Ինկուաբցիոն եղանակով ճտեր կարելի է ստանալ միանգամից շատ քանակով՝ կախված ինկուբատորի չափից, ինչը հնարավոր չէ բնական ճանապարհով։
Համոզված եմ, որ գաղափարը ֆինանսավորելու դեպքում այն կդառնա կայուն և եկամտաբեր բիզնես, քանի որ ունենք թռչնաբուծության փորձ, համայնքում և հարակից գյուղերում նման գործունեությամբ զբաղվողներ չկան, իսկ հավի ճուտիկների պահանջարկը մեծ է։ Մեր արտադրանքի առավելությունը կլինի նաև առողջ և էկոլոգիապես մաքուր՝ առանց հորմոնալ հավելումների կերակրված ճուտիկների բազմացումն ու վաճառքը։
2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է նաև Քրիստինեի ներկայացրած բիզնես ծրագիրը և հաջողությամբ իրականացվում է Մեղրաշատ համայնքում։
«Արգիշտի արտ ստուդիա»
Լեռնակերտ համայնքից Արգիշտի Աբրահամյանի բիզնես ծրագրի նպատակն է համայնքում հիմնել նկարչական և խեցեգործական ստուդիա՝ նպաստելով համայնքի երեխաների ու երիտասարդների գեղագիտական զարգացմանը, արվեստի տվյալ ճյուղի զարգացմանն ու համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը։ Ծրագրի միջոցով հնարավոր կդառնա համայնքում ունենալ ժամանակակից գույքով, նյութերով ու սարքավորումներով հագեցած ուսումնական կենտրոն, որտեղ Լեռնակերտ համայնքի (ինչպես նաև մոտակա համայնքների) երեխաները հնարավորություն կունենան ծանոթանալու նկարչության և կիրառական արվեստի տեխնիկային ու առանձնահատկություններին։
Մասնագիտությամբ լինելով արվեստագետ, երկար տարիներ ցանկացել եմ ունենալ սեփական արվեստանոց և միևնույն ժամանակ ուսուցողական կենտրոն, որտեղ հնարավորություն կունենամ ոչ միայն ինքս ստեղծագործել, այլ նաև իմ մասնագիտական գիտելիքները փոխանցել համայնքիս դպրոցականներին ու երիտասարդներին։
Մեր տան հատակագիծը լիովին հնարավորություն է տալիս իրագործելու իմ մտահղացումը։ Տունը բաղկացած է 3 հարկաբաժնից, որի առաջին հարկը նախատեսում եմ վերափոխել և հիմնել «Արգիշտի արտ ստուդիան»։ Ուսումնական պարապմունքներից զատ ստուդիայում նախատեսում եմ նաև անցկացնել կավագործության ու խեցեգործության վարպետության դասեր ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ արտ թերապիայի կարիք ունեցող երեխաների համար։ Վերջիններս հնարավորություն կունենան ստեղծագործել, արտահայտել սեփական հույզերն ու ապրումները, ազատվել հոգեկան լարվածությունից ու հանգստանալ։ Իսկ զբոսաշրջիկները գեղագիտական հաճույք ստանալուց զատ, վարպետության դասերի արդյունքում ավելի մոտիկից կծանոթանան հայկական մշակույթին ու պատմությանը։ Ստուդիայի առկայության դեպքում հնարավորություն կունենամ պատրաստելու հուշանվերներ, որոնք կիրացնեմ ինչպես համայնքում, այնպես էլ Երևանում և Գյումրիում գործող հուշանվերների վաճառակետերում։
2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի ֆինանսական աջակցությամբ ձեռք է բերվել բրուտագործական հաստոցը։ Ներկա պահին ընթացքի մեջ են ստուդիայի շինարարական աշխատանքները, որին զուգահեռ անհրաժեշտություն կա ձեռք բերել համապատասխան գույք, նյութեր ու սարքավորումներ։
“Ընտանեկան բիստրո”
2019-2020թթ․ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի շրջանակներում ֆինանսավորված հաջորդ ծրագիրը Լեռնակերտ համայնքի բնակչուհի Լուսինե Ավետիսյանն էր։
Երկար տարիներ ապրելով Ռուսաստանում՝ զբաղվել եմ արագ սննդի արտադրությամբ։ Վերադառնալով Հայաստան՝ որոշեցի շարունակել իմ գործունեությունը հայրենիքում։ Գրեթե մեկ տարի է, ինչ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում հիմնել ենք արագ սննդի կետ՝ «Ընտանեկան բիստրո» անունով, որտեղ ներգրավված են 3 աշխատողներ։ Բիստրոն զբաղվում է հիմնականում տարբեր տեսակի կարկանդակների, արագ պատրաստվող ուտեստների ու թխվածքների արտադրությամբ։ Իրականացնում ենք նաև անվճար առաքում Արթիկ քաղաքում, ինչն առավելություն է քաղաքում գործող հանրային սննդի մյուս կետերի նկատմամբ։ Արագ սննդի կետում մատուցվող մեր կերակրատեսակները թարմ են և պատրաստվում են առանց լրացուցիչ հավելումների ու արոմատիզատրոների։
Ներկայացված ծրագրի ծրագրի շրջանակներում ձեռք բերվել անհրաժեշտ տարողությամբ ճարպաջեռոցը, ինչը թույլ կտա զարգացնել գործող ընտանեկան բիստրոն, ինչպես նաև ընդլայնել արտադրամասը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր կանանց համար։ Նոր սարքավորումների ձեռքբերումն հնարավորություն կտա նաև ավելացնելու մերբիստրոյի հաճախորդներին և մարզ այցելող զբոսաշրջիկներին մատուցվող սննդատեսակները։
“Նիկոլյանս հյուրատուն”
Վայրը՝ Շիրակի մարզ, Ցողամարգ բնակավայր
Դրամաշնորհառու՝ Արկադի Նիկոլայն
Շիրակի մարզի Ցողամարգ համայնքում գործում է «Նիկոլյանս» հյուրատուն։ Տունն ունի
մեծ բակ, պտղատու ծառերով այգի, ջերմոց: Հյուրատան այցելուները հնարավորություն ունեն մասնակցել գյուղատնտեսական աշխատանքներին՝ մշակել հողը, մասնակցել բերքահավաքին, օգտվել այգու բարիքներից: Հյուրատունը գտնվում է հայտնի «Թռչկան»
ջրվեժից 30 կմ, «Արփի լիճ» ազգային պարկից մինչև 35 կմ, իսկ Աշոցքի դահուկավազքի կենտրոնից 14 կմ հեռավորության վրա:
“Թխվածքներ Անուշավանից”
Վայրը՝ Շիրակի մարզ, Անուշավան համայնք
Դրամաշնորհառու՝ Մարիամ Սաքոյան
Անուշավան համայնքում գործում է թխվածքների արտադրամաս, որտեղ պատրաստվում են տարբեր տեսակի թխվածքներ և տորթեր՝ ծննդյան, հարսանեկան և այլ միջոցառումների համար։ Առաջարկվող թխվածքները ունեն յուրօրինակ ձևավորում, պատրաստվում եմ միայն էկոլոգիապես մաքուր և թարմ գյուղական մթերքներից, ինչը անկրկնելի համ և որակ է ապահովում։
«Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորված բիզնես ծրագրեր
Կարևորելով գյուղաբնակ կանանց և երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացումն ու վերջիններիս ձեռներեցության խթանումը, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն (ԿՀԶ ՀԿ) Բուլղարիայի հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ 2020-2021թթ. Իրականացրեց «Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրը։ Վիոլետա Ավագյանը մեկն էր այն 28 դիմորդներից, ով հնարավորություն ստացավ մասնակցելու ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպված բիզնես դասընթացների և ձեռք բերելու բիզնե հիմնելու տարրական գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացների ավարտին դրամաշնորհի հայտ ներկայացրած 9 ծրագրերից հաղթեցին առավել հետաքրքիր ու կենսունակ հետևյալ 4 գաղափարները՝
- – «Ելակի տուն» – ջերմոցային տնտեսություն Արփենի համայնքում
- – «Վիոլետ բնական չրեր» – չրերի արտադրություն Ցողամարգ համայնքում
- – «Քաղցր Արեգ» – հրուշակեղենի արտադրամաս Անուշավան համայնքում
- – «Կանաչ օազիս» – ջերմոցային տնտեսություն Ցողամարգում։
“Ելակի տուն” ջերմոցային տնտեսություն
Դրամաշնորհառու՝ Հասմիկ Գևորգյան,
Շիրակի մարզ, Արփենի համայնք
«Երկար տարիներ երազանք ունեի ՝ զբաղվել սիրած աշխատանքով և միևնույն ժամանակ գումար վաստակել, օգնել ընտանիքիս և որոշակի ֆինանասական անկախություն ձեռք բերել։ Երազանքիս ճանապարհին իմ ամենամեծ մարտահրավերը նախնական գումարի ձեռքբերումն էր, որը թույլ կտար առաջին քայլերն անել դեպի իմ սեփական փոքրիկ բիզնեսը, մարմին ու շունչ տալ իմ գաղափարին։ Շնորհակալ եմ ճակատագրին, որ դարձա այս ծրագրի հաղթողներից մեկը։ Վստահ եմ, որ շատ շուտով հնարավորություն կունենամ քաղել իմ նորաստեղծ բիզնեսի առաջին պտուղները և ինչու չէ, իմ խոսքը կասեմ մեր մարզի ելակի վաճառքի շուկայում»։
90մ2 մակերեսով պոլիկարբոնատային ջերմոցում Հասմիկն աճեցնում է «Ալբիոն» տեսակի ելակ, որն առանձնանում է իր բարձր որակով և տեղափոխման ու պահպանման ընթացքում դիմացկունությամբ։ Չնայած նրան, որ ելակը համարվում է քաղցր հատապտուղ, այս տեսակի մեջ շաքարի պարունակությունը նվազագույնն է։ Ջերմոցը ոռոգվելու է կաթիլային համակարգով, որն ավելի արդյունավետ է և խնայող։
Նրա երազանքներից մեկն է նաև Արփենի համայնքը դարձնել կարմիր էկզոտիկայի մշակման վայր և փոխել մարդկանց մոտ ձևավորված կարծրատիպը, որ Շիրակի մարզում միայն կարտոֆիլ և հացահատիկ կարելի է մշակել։
Հասմիկի հաջողության պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով
“Քաղցր Արեգ” հրուշակեղենի արտադրություն
Դրամաշնորհառու՝ Գոհար Դավթյան,
Շիրակի մարզ, Անուշավան համայնք
“Ինձ համար իմ նորաստեղծ բիզնեսն առաջին հերթին հարթակ է ստեղծագործելու, մշակելու նոր, գեղեցիկ, համեղ և տարբերվող քաղցրավենիքների բաղադրատոմսեր: Այն ինձ հնարավորություն է տալիս զբաղվել իմ սիրած գործով, միաժամանակ գումար վաստակել և ֆինանսապես աջակցել ընտանիքիս: Պատասխանատվությունն ու
սերն հաջողության առաջին գրավականն են ցանկացած գործում և հենց այդ սկբունքով էլ առաջնորդվում եմ”:Որդու՝ Արեգի անունով կոչվող հրուշակեղենի արտադրամասի հիմնումը Գոհարի վաղեմի երազանքներից մեկն էր։ Գոհարն անչափ սիրում է խոհանոցը, որտեղ ոչ միայն պատրաստում է համեղ ուտեստներ ու թխվածքներ, այլ նաև մեծ սիրով ստեղծագործում՝ փնտրում և գտնում ուտեստների մատուցման և ձևավորման նոր մոտեցումներ։
Մասնագիտությամբ դեղագործ-դեղագետ Գոհարն իր փորձարարական գիտելիքներն այսօր կիրառում է ընդարձակ ու անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած խոհանոցում՝ միախառնելով ավանդականն ու նորարարականը՝ կատարելագործելով և զարգացնելով սեփական մտահղացումները։ Նրա պատրաստած թխվածքներն ու աղանդերներն էապես տարբերվում են խանութներում վաճառվող թխվածքներից, քանի որ պատրաստվում են բացառապես տնական մթերքներով և նորարար մոտեցումներով մշակված հեղինակային բաղադրատոմսերով։
Գոհարն այլ նպատակներ ևս ունի. բիզնեսի հաջողության դեպքում մտադիր է կազմակերպել խոհարարական դասընթացներ համայնքի երիտասարդ աղջիկների և կանանց համար և հիմնել իր փոքրիկ սրճարանը՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Գոհարի հաջողության պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով
“Վիոլետ բնական չրեր Ցողամարգից”
Դրամաշնորհառու՝ Վիոլետ Ավագյան,
Շիրակի մարզ, Ցողամարգ համայնք
«Մեր ընտանիքը շատ է սիրում հյուրեր ընդունել և երբ նրանց հյուրասիրում էի իմ պատրաստած չրերով, բոլորը միաբերան գովում էին, ինչն էլ ինձ ստիպեց մտածելու, որ իմ սիրած զբաղմունքը կարող է օգնել ինձ նաև եկամուտ ստանալ։ Շնորհիվ այս ծրագրի, այսօր ես հնարավորություն ունեմ զբաղվելու իմ սիրած աշխատանքով և միևնույն ժամանակ գումար վաստակել»:
Չրերի արտադրությունն այսօր կարելի է համարել հայկական գյուղատնտեսության առավել հեռանկարային ոլորտներից մեկը։ Այն տարածվել է գրեթե բոլոր մարզերում։ Ժամանակակից արևային և էլեկտրական չորանոցների ներդրմամբ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի աշխարհին մատակարարելու բացառիկ որակի և համի, էկոլոգիապես մաքուր չոր միրգ ու բանջարեղեն։
Մասնագիտությամբ մանկավարժ Վիոլետան նույնպես որոշել է իր ուժերը փորձել չրարտադրության ոլորտում՝ հոբբին վերածելով եկամտաբեր բիզնեսի։ Մեծածավալ արտադրություն կազմակերպելու համար սակայն, սեփական տանը չուներ համապատասխան պայմաններ։ Այս հարցում նրան աջակցեց համայնքապետը՝ 3 տարի ժամկետով անվարձահատույց տրամադրելով համայնքապատկան շինության մի քանի սենյակներ։
Ծրագրի շրջանակներում ձեռք բերված չորանոցում Վիոլետան կարող է միանգամից 150կգ միրգ չորացնել, սակայն նա մտադիր է արտադրությունը սկսել ավելի փոքր ծավալներից, իսկ հետագայում՝ ելնելով պահանջարկից, ավելացնել այն։
Ստեղծված արտադրամասն իր բնույթով նաև սոցիալական ձեռնարկատիրություն է, քանզի չրերի համար հումք հանդիսացող մրգերն ու բանջարեղենը Վիոլետան մտադիր է մթերել համագյուղացիներից, իսկ արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Վիոլետա Ավագյանի հաջողության պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով
«Կանաչ օազիս» ջերմոցային տնտեսություն
Դրամաշնորհառու՝ Նաիրա Կարապետյան,
Շիրակի մարզ, Ցողամարգ համայնք
Ընտանիքն ամուր ու միասնական պահելու նպատակով Նաիրան որոշեց ստեղծել ընտանեկան բիզնես, որտեղ ներգրավված կլինեն ամուսիններով։ Նաիրայի գաղափարն էր հիմնել 160մ2 մակերեսով ջերմոց, որն հնարավորություն կտար ամբողջ տարվա ընթացքում բանջարեղեն արտադրել, վաճառել այն և ընտանիքն ապահովել լրացուցիչ եկամուտով։
Բնականաբար առանց ամուսնու աջակցության Նաիրան չէր կարողանա իրագործել ջերմոցի նախագծման, անհրաժեշտ շինանյութի ձեռքբերման և կառուցապատման աշխատանքները․
«Երբ մեր անմշակ տարածքում սկսեցինք ջերմոցի կառուցումը, գործն անչափ շատ էր և մտավախություն ունեի, որ ժամանակին չենք հասցնի ավարտել։ Սակայն յուրաքանչյուր քար, դետալ ավելացնելուց հետո ավելի մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ էինք աշխատում և կարողացանք ամեն ինչ ժամանակին ավարտել ու ստանալ մեր ուզած արդյունքը:», – անկեղծանում է Նաիրան։
Այս պահին ջերմոցում լոլիկ ու վարունգ է աճում, սակայն հետագայում նախատեսում են ընդարձակել մշակաբույսերի տեսականին։ Կիսափակ ջերմոցի հիմնական առավելությունը տարածքի ներսում օպտիմալ միկրոկլիմայի ստեղծումն է, որը բույսին թույլ է տալիս դրսևորել գենետիկական ողջ ներուժը՝ ապահովելով առավել բարձր բերքատվություն։ Ջերմոցում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ, որը շուրջ 5 անգամ խնայում է ջուրը, ինչպես նաև ամենաաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, քանզի բույսերը ոռոգելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չի լինում։
Այժմ Նաիրայի առաջին գործն առավոտյան ջերմոց այցելելն է և իր բույսերին հետևելը․ «Բույսին նույնպես երեխայի նման պիտի սիրես ու խնամես, սեր և ջերմություն տաս, որպեսզի պատասխանը փոխադարձ լինի։ Չկա ավելի երանելի բան, քան այն պահը, երբ հավաքում ես սեփական աշխատանքիդ պտուղներն ու, վայելում արդյունքը»։
Ջերմոցային տնտեսություն հիմնելու իր գաղափարով Նաիրան մարտահրավեր է նետում արտագնա աշխատանքին և վստահեցնում, որ ցանկության դեպքում կարելի է գումար վաստակել նաև հայրենի գյուղում՝ չկտրվելով ընտանիքից։
Նաիրայի հաջողության պատմությանը կարող եք ծանոթանալ այս հղումով