“Իմ ջերմոցը Արփենիում” ծրագիր – իրականացնող՝ Գոհար Գևորգյան
“Անուշահամ մեղր Մեղրաշատից” ծրագիր – իրականացնող՝ Կարեն Ոսկանյան
Կարեն Ոսկանյանը նույնպես գոհ է իր աշխատանքից և ստացած արդյունքներից։ “Կանայք հանուն զարգացման” ՀԿ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում մարտ ամսին Կարեն Ոսկանյանն իր ունեցած 2 փեթակներին ավելացրել է ևս 6-ը, որից հետո կատարել է մեղուների բոլոր պրոֆիլակտիկ աշխատանքներն ու նախապատրաստել մեղրի հավաքման սեզոնին։ Հունիս-հուլիս ամիսներին 8 փեթակներից Կարենն ստացել է մոտ 50կգ անարատ մեղր։ Մեղրի իրացման գործում Կարենը ևս ոչ մի խնդիր չի ունեցել։ Բարձրորակ մեղրը շատ արագ սպառվել է համագյուղացիների ու բարեկամների շրջանում՝ ապահովելով 135 հազար դրամ մաքուր շահույթ։ Ստացված շահույթը Կարենը մտադրված է ուղղել նոր փեթակների ձեռքբերմանն ու մեղվաընտանիքների բազմացմանը։ Մեղրաքամից հետո Կարենն արդեն իսկ կիսել է ուժեղ մեղվաընտանիքներից մեկը՝ ավելացնելով դրանց թիվը։ Արդյունքում՝ Կարենն այսօր ունի 9 փեթակ։
Նա մեծապես համոզված է, որ հաջորդ տարում փեթակների թվի աճին զուգահեռ, կավելանա նաև իր կողմից արտադրվող էկոլոգիապես մաքուր և անարատ մեղրի ծավալը և կկարողանա մրցունակ դառնալ շուկայում։
“Լիլիթ խմորեղեն” ծրագիր – իրականացնող՝ Ելիզավետա Մկրտչյան
Ավելի քան 130 հազար դրամի շահույթ է ունեցել նաև Ելիզավետա Մկրտչյանը Ցողամարգ համայնքից, ով ԿՀԶ ՀԿ ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել էր «Լիլիթ խմորեղեն» թխվածքի փոքրածավալ բիզնես։ Հմուտ մասնագետի մոտ վերապատրաստման դասընթացներ անցնելուց և խմորեղեն պատրաստելու համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելուց հետո Լիզան շատ կարճ ժամանակում սկսեց պատվերներ ընդունել: Այսօր արդեն համայնքում գրեթե բոլորն են համտեսել թարմ ու տնական մթերիքներից պատրաստված Լիզայի խմորեղենները։
Վերը նշված կազմակերպությունների շնորհիվ այսօր Լիզայի սիրելի զբաղմունքն իր համար դարձել է նաև եկամտի աղբյուր, որը դրական ազդեցություն է թողել ինչպես իր ընտանիքի ֆինանսական վիճակի, այնպես էլ համայնքի բնակիչների վրա, ովքեր այլևս ստիպված չեն լրացուցիչ ժամանակ և գումար ծախսել՝ իրենց միջոցառումների տորթերը քաղաքից գնելու համար։ Ամսական կտրվածքով առնվազն 4-6 տորթի պատվեր է ունենում, որը Ցողամարգի նման փոքր գյուղի համար նորմալ է համարում, չնայած համոզված է, որ այդ թիվն աճելու միտում ունի, քանի որ սա դեռ սկիզբն է։
2019թ․ հունիս ամսին Լիզան մասնակցեց ՄԱԿ-ի և «Կանաչ արահետ» ՀԿ կողմից կազմակերպված դասընթացներին, որի արդյունքում ստացավ ևս մեկ դրամաշնորհ՝ իր տանը կից խմորեղենի արտադրամաս կառուցելու համար։ Այս պահին ընթացքի մեջ են արտադրամասի շինարարական աշխատանքները։ Լիզան համոզված է, որ արտադրամասի հիմնումն իրեն հնարավորություն կտա մեծացնել արտադրանքի ծավալը և պատվերներ ընդունել նաև հարևան համայնքներից։
Լիզան իրեն սկսնակ է համարում այս գործում և նշում, որ դեռ շատ բան ունի սվորորելու, սակայն համոզված է, որ ամեն ինչ հաղթահարելի է, երբ սիրով ու նվիվածությամբ ես կատարում աշխատանքդ։
“Իմ ջերմոցը Ողջիում” ծրագիր – իրականացնող՝ Աննա Խաչատուրյան
Որոշ խնդրներ առաջացան Մեղրաշատ համայնքից Աննա Խաչատուրյանի բիզնես ծրագրի հետ, ով նախաձեռնել էր ջերմոցի կառուցում։ Գարնան գալու հետ Աննան ձեռնամուխ է լինում 50 քառ․ մետր ջերմոցի կառուցմանը, որի ավարտից անմիջապես հետո տնկում է պոմիդորի, վարունգի, բիբարի և բադրիջանի սածիլներ։ Սածիլները շատ արագ են աճում՝ խոստանալով առատ բերքատվություն, սակայն կառուցման ընթացքում թույլ տված որոշակի սխալների, ինչպես նաև անորակ պոլիէթիլենային թաղանթի պատճառով Աննայի ջերմոցը չի դիմանում եղանակային անբարենպաստ պայմաններին ու ուժեղ քամիներին և բավականին վնաս է կրում։ Սակայն նույնիսկ նման պայմաններում Աննան մինչև հոկտեմբեր ամսվա վերջ կարողացել է ստանալ ավելի քան 150կգ բերք, որից մոտ 70կգ վաճառել է իր համայնքում՝ ստանալով մոտ 10 հազար դրամի շահույթ, իսկ մնացած բերքն օգտագործել է իր ընտանիքի կարիքների համար։
Չնայած դժվարություններին, Աննան գոհ է և չի հիասթափվել։ Նրա խոսքերով առաջին տարին իր համար փորձաշրջան հանդիսացավ, որից նա դասեր քաղեց և եկող տարում արդեն առավել հմտորեն կմոտենա իր աշխատանքին։ Սածիլների թիվն ավելացնելու և առավել մեծ շահույթ ստանալու նպատակով Աննան մտադրված է եկող գարնանը մեծացնել իր ջերմոցը։ Նա արդեն իսկ գնել է ավելի ամուր երկաթե ամրակներ ու որակյալ պոլիէթիլենային թաղանթ, որոնցով նախատեսում է փոխարինել իր ջերմոցը։
“Տատիկի տուն ընտանեկան հյուրատուն” ծրագիր – իրականացնող՝ Ռիմա Ղազարյան
Ինչ վերաբերում է Մեղրաշատ համայնքում հիմնված «Տատիկի տուն ընտանեկան հյուրատուն» ծրագրին, ապա այն արդեն գրանցվել է www.booking.com կայքում և սոցիալական ցանցերում և ակտիվորեն գովազդում ու տեղեկատվություն է տարածում այցելուներին գրավելու համար։
Հյուրատանը աջակցելու համար ԿՀԶ ՀԿ-ն նույնպես պարբերաբար տեղեկություններ է տարածում իր էջում, ինչպես նաև այնտեղ կազմակերպում դասընթացներ ու հանդիպումներ՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց շրջանում տեղեկատվություն տարածելու նպատակով։
Նախատեսվում է հյուրատան մասին տեղեկատվություն տարածել և համագործակցել նաև Շիրակի մարզում գործող տուրիստական ընկերությունների հետ։ Հուսով ենք․ որ 2020 թվականից արդեն հյուրատունը կընդունի իր առաջին այցելուներին։
Նշված բոլոր դրամաշնորհային ծրագրերը ֆինանսավորվել են “Կանայք հանուն զարգացման”, Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի Զարգացման հաստատության և “Հաց աշխարհին” գերմանական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։