«Կանաչ օազիս» ջերմոցային տնտեսություն

green oasis

Դրամաշնորհառու՝ Նաիրա Կարապետյան,

Շիրակի մարզ, Ցողամարգ համայնք

Դրամաշնորհի գումար – 2․507․980 ՀՀ դրամ

Ընտանիքն ամուր ու միասնական պահելու նպատակով Նաիրան որոշեց ստեղծել ընտանեկան բիզնես, որտեղ ներգրավված կլինեն ամուսիններով։ Նաիրայի գաղափարն էր հիմնել 160մ2 մակերեսով ջերմոց, որն հնարավորություն կտար ամբողջ տարվա ընթացքում բանջարեղեն արտադրել, վաճառել այն և ընտանիքն ապահովել լրացուցիչ եկամուտով։

Բնականաբար առանց ամուսնու աջակցության Նաիրան չէր կարողանա իրագործել ջերմոցի նախագծման, անհրաժեշտ շինանյութի ձեռքբերման և կառուցապատման աշխատանքները․

Naira«Երբ մեր անմշակ տարածքում սկսեցինք ջերմոցի կառուցումը, գործն անչափ շատ էր և մտավախություն ունեի, որ ժամանակին չենք հասցնի ավարտել։ Սակայն յուրաքանչյուր քար, դետալ ավելացնելուց հետո ավելի մեծ ոգևորությամբ ու աշխուժությամբ էինք աշխատում և կարողացանք ամեն ինչ ժամանակին ավարտել ու ստանալ մեր ուզած արդյունքը:», – անկեղծանում է Նաիրան։

Այս պահին ջերմոցում լոլիկ ու վարունգ է աճում, սակայն հետագայում նախատեսում են ընդարձակել մշակաբույսերի տեսականին։ Կիսափակ ջերմոցի հիմնական առավելությունը տարածքի ներսում օպտիմալ միկրոկլիմայի ստեղծումն է, որը բույսին թույլ է տալիս դրսևորել գենետիկական ողջ ներուժը՝ ապահովելով առավել բարձր բերքատվություն։ Ջերմոցում ներդրվել է կաթիլային ոռոգման համակարգ,  որը շուրջ 5 անգամ խնայում է ջուրը, ինչպես նաև ամենաաթանկ ռեսուրսը՝ ժամանակը, քանզի բույսերը ոռոգելու համար լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն չի լինում։

Այժմ Նաիրայի առաջին գործն առավոտյան ջերմոց այցելելն է և իր բույսերին հետևելը․  «Բույսին նույնպես երեխայի նման պիտի սիրես ու խնամես, սեր և ջերմություն տաս, որպեսզի պատասխանը փոխադարձ լինի։ Չկա ավելի երանելի բան, քան այն պահը, երբ հավաքում ես սեփական աշխատանքիդ պտուղներն ու, վայելում արդյունքը»։

«Շատ հայ տղամարդկանց նման իմ ամուսինն էլ տարվա մեծ մասը արտագնա աշխատանքի էր՝ ապրուստի միջոց որոնելով    Ռուսաստանում, ինչը շատ ծանր էինք տանում ես և երեխաներս։ Անընդհատ մտածում էի ի՞նչ անեմ որպեսզի օգնեմ ամուսնուս  հայրենի գյուղում գումար վաստակել և կանխեմ նրա մեկնումը արտագնա աշխատանքի։ Եվ այստեղ ինձ օգնության հասավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն, որի օգնությամբ կարողացա իրականություն դարձնել իմ նպատակը»:

Ամուսինները շուտով պատրաստվում են բերքահավաքի և համոզված են, որ տարվա ցանկացած եղանակին առկա էկոլոգիապես մաքուր բանջարեղենն իրացման խնդիր չի ունենա։

Ջերմոցային տնտեսություն հիմնելու իր գաղափարով Նաիրան մարտահրավեր է նետում արտագնա աշխատանքին և վստահեցնում, որ ցանկության դեպքում կարելի է գումար վաստակել նաև հայրենի գյուղում՝ չկտրվելով ընտանիքից։