«Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ ամանորյա փոքրիկ միջոցառում կազմակերպվեց թվով 50 արցախցի և վիրավոր զինծառայողների ընտանիքների փոքրիկների համար։ Մուլտհերոսների կերպարներով կամավորներն ամեն ինչ արեցին՝ երեխաներին ուրախացնելու և նրանց տոնն անմոռանալի դարձնելու համար։ Դահլիճում տիրող մթնոլորտն ավելի աշխուժացավ, երբ երեխաներին շնորհավորելու եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր ամանորյա նվերներ էին պատրաստել փոքրիկների համար։ Մեզ համար անչափ հաճելի էր տեսնել տոպրակներն արագ-արագ քանդող և ստացած նվերներով ուրախացող փոքրիկներին, քանզի ամենայն բծախնդրությամբ ընտրված այդ նվերների հետ դրել էինք նաև մեր սերն ու ջերմությունը։ Այս դժվարին օրերի մեր աշխատանքի ամենամեծ գնահատականն այս փոքրիկների աչքերում ուրախություն տեսնելն էր և ծնողների ջերմ խոսքեր լսելը, ովքեր շնորհակալ էին իրենց փոքրիկների օրը տոնական դարձնելու և այս ողջ ընթացքում իրենց կողքին լինելու համար։
Մենք էլ մեր հերթին շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ իրականություն դարձնելու այս միջոցառումը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում մեր լավ գործընկեր
International Civil Society Action Network ICAN կազմակերպությանը՝ թվով 50 երեխաների համար նախատեսված քաղցրավենիքի ու նվերների փաթեթները, ինչպես նաև միջոցառմանը ներկա թվով 17 մայրիկների համար պատրաստած անակնկալ նվերները ֆինանսավորելու համար։
Շնորհակալ ենք «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնի ղեկավար Lilit Gyunashyan ին և իր հրաշալի կամավորներին՝ ժամանցային ծրագիրը կազմակերպելու և փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու համար։Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլորի կողմից շատ սիրված Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Нара Сантоян Նառա Սանթոյանին՝ անշահախնդիր կերպով կամավորների հետ աշխատանքի և կազմակերպչական մի շարք հարցերում օգնելու համար։Մեր հատուկ շնորհակալությունը նաև ծաղրածու Թութուշի կերպարը մարմնավորող Գյումրու մտորումների թատրոնի դերասան Davit Mardoyan Դավիթ Մարդոյանին, ով ընդամենը մի քանի օր առաջ էր վերադարձել առաջնագծից, սակայն մեծ սիրով ու պատրաստակամությամբ մասնակցեց միջոցառմանն՝ ուրախ ու անմոռանալի պահեր պարգևելով երեխաներին։Շնորհակալ ենք նաև Araks Hotel Complex – Արաքս հյուրանոցային համալիր ի մեր գործընկերներին՝ ի դեմս Վարդան Սրտաշյան ի, փոքրիկներին հյուրընկալելու և դահլիճն անվարձահատույց տրամադրելու համար։