Վիոլետ բնական չրեր Ցողամարգից

Դրամաշնորհառու՝ Վիոլետ Ավագյան,
Շիրակի մարզ, Ցողամարգ համայնք
Դրամաշնորհի գումար – 2.058.960 ՀՀ դրամ 

 

Կարևորելով գյուղաբնակ կանանց և երիտասարդ աղջիկների կարողությունների զարգացումն ու վերջիններիս ձեռներեցության խթանումը,  «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն (ԿՀԶ ՀԿ) Բուլղարիայի հանրապետության արտգործնախարարության ֆինանսական աջակցությամբ 2020-2021թթ. Իրականացրեց  «Շիրակի մարզի գյուղաբնակ երիտասարդ կանանց տնտեսական հզորացում ձեռներեցության զարգացման և գործող բիզնեսների ընդլայնման միջոցով» ծրագիրը։  Վիոլետա Ավագյանը մեկն էր այն 28 դիմորդներից, ով հնարավորություն ստացավ մասնակցելու ԿՀԶ ՀԿ կողմից կազմակերպված բիզնես դասընթացների և ձեռք բերելու բիզնե հիմնելու տարրական գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացների ավարտին դրամաշնորհի հայտ ներկայացրած 9 ծրագրերից հաղթեցին առավել հետաքրքիր ու կենսունակ հետևյալ 4 գաղափարները՝

  • – «Ելակի տուն»  –  ջերմոցային տնտեսություն Արփենի համայնքում
  • – «Վիոլետ բնական չրեր» – չրերի արտադրություն Ցողամարգ համայնքում
  • – «Քաղցր Արեգ» – հրուշակեղենի արտադրամաս Անուշավան համայնքում
  • – «Կանաչ օազիս» – ջերմոցային տնտեսություն Ցողամարգում։
  •  

«Մեր ընտանիքը շատ է սիրում հյուրեր ընդունել և երբ նրանց հյուրասիրում էի իմ պատրաստած չրերով, բոլորը միաբերան գովում էին, ինչն էլ ինձ ստիպեց մտածելու, որ իմ սիրած զբաղմունքը կարող  է օգնել ինձ նաև եկամուտ ստանալ։ Շնորհիվ այս ծրագրի, այսօր ես հնարավորություն ունեմ զբաղվելու իմ սիրած աշխատանքով և միևնույն ժամանակ գումար վաստակել» 

Չրերի արտադրությունն այսօր կարելի է համարել հայկական գյուղատնտեսության առավել հեռանկարային ոլորտներից մեկը։ Այն տարածվել է գրեթե բոլոր մարզերում։ Ժամանակակից արևային և էլեկտրական չորանոցների ներդրմամբ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի աշխարհին մատակարարելու բացառիկ որակի և համի, էկոլոգիապես մաքուր չոր միրգ ու բանջարեղեն։
Մասնագիտությամբ մանկավարժ Վիոլետան նույնպես որոշել է իր ուժերը փորձել չրարտադրության ոլորտում՝ հոբբին վերածելով եկամտաբեր բիզնեսի։ Մեծածավալ արտադրություն կազմակերպելու համար սակայն, սեփական տանը չուներ համապատասխան պայմաններ։ Այս հարցում նրան աջակցեց համայնքապետը՝ 3 տարի ժամկետով անվարձահատույց տրամադրելով համայնքապատկան շինության մի քանի սենյակներ։

Կիսաքանդ տարածքն արտադրամասի վերածելու համար Վիոլետայից ոչ պակաս եռանդով գործի լծվեցին ամուսինն ու ընտանիքի անդամները, ովքեր կարողացան շինարական աշխատանքներն ավարտել ճիշտ ժամանակին, որպեսզի Վիոլետան բաց չթողնի մրգի ամենալավ սեզոնն ու սկսի իր բիզնեսը։

Չրանոցային տնտեսություն կազմակերպելու համար այսօր արդեն Վիոլետան ունի անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հումքի ընդունման և նախապատրաստման արտադրամաս, տարածք մրգի լվացման համար, ծխարան, չորացման արտադրամաս և սառնարան։ Նրա խոսքերով, այնքան է սիրում իր հարմարավետ արտադրամասը, որ դասերից հետո միանգամից այստեղ է շտապում՝ անդադար աշխատում, նոր տեսականի փորձարկում և չի զգում, թե օրը ոնց է մթնում։ Բոլորիս հայտնի մրգերից ու հատապտուղներից բացի Վիոլետան արևային չորացումով չրեր և օշարակով ցուկատներ է պատրաստում նաև բանջարեղեններից՝ սմբուկ, լոլիկ, սեխ, ձմերուկ․․․

«Ամեն միրգ ունի իր յուրահատկությունն ու բնավորությունը, լավ արդյունք ստանալու համար անհրաժեշտ է մրգի յուրաքանչյուր տեսակ մշակել ու չորացնել իր պահանջներին համապատասխան պայմաններում։ Ինձ շատ օգնեց նաև ուսումնական այցելությունը Բյուրականի Չրերի տուն, որտեղ մեծ ծավալների արտադրություն կազմակերպելու հետ կապված կարևոր գործնական խորհուրդներ ստացա, օգտակար էր նաև չրերի և մրգային շարանի վարպետաց դասը:»,- ասում է Վիոլետան։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված չորանոցում Վիոլետան կարող է միանգամից 150կգ միրգ չորացնել, սակայն նա մտադիր է արտադրությունը սկսել ավելի փոքր ծավալներից, իսկ հետագայում՝ ելնելով պահանջարկից, ավելացնել այն։

Ստեղծված արտադրամասն իր բնույթով նաև սոցիալական ձեռնարկատիրություն է, քանզի չրերի համար հումք հանդիսացող մրգերն ու բանջարեղենը Վիոլետան մտադիր է մթերել համագյուղացիներից, իսկ արտադրության ծավալների մեծացմանը զուգահեռ կստեղծվեն նոր աշխատատեղեր։