Նոյեմբերի 22-ին «Սարապատ» ՀԿ և Սարապատի երիտասարդական ակտիվ խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Համայնքային տոնը Սարապատում, ծրագրերի բացում» տոնական միջոցառումը։ Այն նպատակ ուներ ամփոփելու վերջին 1,5 տարվա ընթացքում Սարապատում իրականացված աշխատանքները և ազդարարելու «Լուսե» երեխաների զարգացման կենտրոնի ու համայնքային «Նորարար գրադարան-ընթերցասրահի» պաշտոնական մեկնարկը։
Զարգացման կենտրոնը և գրադարան-ընթերցասրահը հիմնովին վերանորոգվել, կահավորվել և անհրաժեշտ պարագաներով են համալրվել «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Աշոցքի համայնքապետարանի համատեղ ֆինանսական աջակցությամբ։ Երկու ծրագրերի համար ընդհանուր թվով ծախսվել է 1․788․890 ՀՀ դրամ, որից 1․433․890 դրամ ներդրել է ԿՀԶ ՀԿ-ն, 330․000 դրամ ներդրվել է համայնքապետարանի կողմից, իսկ 25․000 դրամ ներդրվել է բնակիչների կողմից իրականացված դրամահավաքի արդյունքում։
Միջոցառումը բազմամարդ էր՝ հրավիրված էին Աշոցքի համայնքապետարանի աշխատակիցներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սարապատի և հարակից համայնքների բնակիչներ։
Հավաքվածները ողջունեցին և բարձր գնահատեցին իրականացված աշխատանքները, հետաքրքիր նախաձեռնությունները, խոսեցին համայնքային կյանքի բարելավմանն ու համախմբմանն ուղղված նմանատիպ ծրագրերի կարևորության մասին։
Աշոցքի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Համլետ Ավետիսյանը խոսեց ՏԻՄ-ՀԿ տարիների հաջողված և արդյունավետ համագործակցության մասին, իսկ ԿՀԶ ՀԿ համայնքային ծրագրերի համակարգող Արմինե Շիրոյանը ամփոփ հաշվետվություն ներկայացրեց կազմակերպության կողմից Սարապատում իրականացված բոլոր ծրագրերի մասին։
Պաշտոնական մասի ավարտից հետո հյուրերը շրջեցին նորաբաց զարգացման կենտրոնում և համայնքային գրադարան-ընթերցասրահում, ծանոթացան շենքային պայմաններին ու իրականացված աշխատանքներին՝ խոստանալով հնարավորության սահմաններում աջակցել այս ծրագրերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, իսկ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի կողմից փոքրիկներին հանձնվեցին զարգացնող խաղեր ու այլ նվերներ։
Ներկաների կողմից առանձնահատուկ անդրադարձ կատարվեց հսկայածավալ շինարարական աշխատանքներին կամավոր կերպով մասնակցած բոլոր բնակիչներին։ ԿՀԶ ՀԿ անունից բոլոր կամավորներին հանձնվեցին շնորհակալագրեր՝ սեփական համայնքի խնդիրների լուծմանն ակտիվորեն ներգրավված լինելու և անձնական օրինակով համայնքի մյուս բնակիչներին առավել համախմբված ու մոտիվացված դարձնելու համար։ Ա․ Երվանդյանն հատուկ շնորհակալություն հայտնեց նաև համայնքի արտագնա աշխատանքի մեկնած բնակիչներին, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ իրականություն դարձավ այդ օրվա տոնական միջոցառումը։