Պատերազմը մարդկության մեծագույն չարիքներից մեկն է։ Աշխարհում շատ քիչ են եղել համընդհանուր խաղաղ ժամանակներ։ Պատերազմները մոլեգնել են բոլոր դարերում՝ խլելով անհամար մարդկային կյանքեր, բերելով ահռելի ավերածություններ, բազմաթիվ մարդկանց մատնել զրկանքների, արտագաղթի ու վշտի։
1939թ․ սեպտեմբերի 1-ին սկիզբ առած Երկրորդ Համաշխարհային պատերազմը խոշորագույնն էր մարդկության պատմության մեջ։ 6 տարի տևած պատերազմը ամենասփռվածն էր համաշխարհային պատմության ընթացքում, որում ներքաշված էին աշխարհի բոլոր մեծ տերությունները՝ ավելի քան 100 մլն մարդ աշխարհի 30 երկրներից ուղղակիորեն մասնակցում էին այդ պատերազմին։ Այն ուղեկցվեց մարդկային մեծ կորուստներով՝ ընդհանուր հաշվարկով ավելի քան 80 մլն մարդ՝ ներառյալ խաղաղ բնակչության շրջանում եղած զոհերը։
Այսօր ևս մարդկությունը կանգնած է նոր համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։ Աշխարհում օրեցօր մոլեգնող պատերազմների, ահաբեկչությունների ու ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների տարածումը խրախուսող ծրագրերն ու միջոցառումները։
Գերմանական EVZ հիմնադրամի “Meet UP” դրամաշնորհային փոքր ծրագրերի շրջանակներում ԿՀԶ ՀԿ շահառու երիտասարդական ակտիվ խմբերի անդամների համար կազմակերպվեց «Պատմական անցյալի և խաղաղության երիտասարդական ֆորում» նախաձեռնությունը, որը նպատակ ուներ պատմական իրադարձությունների մասին հիշողությունների միջոցով մեկ անգամ ևս արժևորել խաղաղության, բռնություններից ու պատերազմներից զերծ աշխարհում ապրելու կարևորությունը։ Միջոցառման ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունը երիտասարդները կփոխանցեն նաև իրենց հասակակիցներին և որպես հիշողության կրողներ ու փոխանցողներ կկարողանան իրենց ներդրումն ունենալ ավելի անվտանգ ու խաղաղ աշխարհ կառուցելու գործում։
Երկրորդ համաշխարհային պատերազմը, կամ ինչպես նախկին խորհրդային հանրապետություններում է ընդունված ասել՝ Հայրենական Մեծ պատերազմը, հիրավի մեծ դժբախտությունների պատճառ է հանդիսացել ամբողջ աշխարհի մարդկության համար, որից անմասն չի մնացել նաև փոքրիկ Հայաստանը։ Մասնավորապես Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրին իր բաժին պատմությունն ունի այդ մեծ թատերաբեմում։
Ֆորումի շրջանակներում թվով 25 մասնակից երիտասարդների համար կազմակերպվեց քայլարշավ և պատմական էքսկուրս դեպի Գյումրիի Մայր Հայաստանի հուշահամալիր՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Էքսկուրսավար Արամ Խաչատրյանը երիտասարդներին ներկայացրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի առանցքային դրվագները, Հայաստանի ունեցած մասնակացությունը պատերազմին, ինչպես նաև անդրադարձավ հուշահամալիրի կառուցման պատմությանը։
Պատմական էքսկուրսի հաջորդ կանգառը Գյումրիում գտնվող գերմանացի ռազմագերիների գերեզմանն էր։ Այսօր շատ քչերն են տեղյակ, որ Գյումրիում այն պահպանվել և վերականգնվել է։ Գերմանացի ռազմագերիների գերեզմանը յուրատեսակ խորհրդանիշ է այն բանի, որ անկախ երկրից ու ազգությունից նրանք բոլորը դաժան պատերազմի զոհեր են։
Երիտասարդներն իրենց քայլարշավը շարունակեցին Գյումրի քաղաքի այն փողոցներով, որտեղ տեղի են ունեցել պատմական իրադարձություններ և որտեղ նկարահանվել են հայկական վավերագրական ու գեղարվեստական հանրահայտ կինոնկարներ՝ նվիրված Համաշխարհային 2-րդ պատերազմին։
«Պատմական անցյալի և խաղաղության երիտասարդական ֆորում»-ը հնարավորություն տվեց երիտասարդներին մեկ անգամ ևս վերհիշել պատմությունը, հարգանքի տուրք մատուցել բոլոր ժամանակների պատերազմներում ընկածներին։
Ֆորումի ավարտին երիտասարդները միմյանց հետ կիսվեցին օրվա տպավորություններով ու ստացած տեղեկատվությամբ, փոխանակեցին կարծիքներ ու կարևորեցին ստացած գիտելիքներն իրենց հասակակիցներին փոխանցելու անհրաժեշտությունը։
Ֆորումի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դիտելու Գյումրիի «Շիրակ» հեռուստաընկերության և Գյումրիում Գերմանիայի պատվո հյուպատոսի նախաձեռնությամբ պատրաստված «Տիկնիկ Ամալյայի համար» կարճամետրաժ ֆիլմը։ Ֆիլմը նույնպես նվիրված է Գյումրիում պահվող ռազմագերիներին և հիմնված է իրական փաստերի ու եղելությունների վրա։
Մասնակիցներին բաժանվեցին նաև տեղեկատվական թերթիկներ և ձեռագործ պայուսակներ, որոնք պատրաստվել էին Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խմբի անդամների կողմից՝ առանձնահատուկ դարձնելով այս նախաձեռնությունը, քանի որ միաժամանակ անդրադառնում է մարդու իրավունքներին, պատմական անցյալին ու խթանում երիտասարդական ձեռներեցության հմտությունները։
Ֆորումի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով