Փոփոխությունների թատրոն/ Theatre for Changes մշակութային հասարակական կազմակերպության հաջորդ կանգառը Ցողամարգ համայնքում էր՝ այս անգամ «Ագռավաձորի գյուղապետարան» ներկայացմամբ։ Ինտերակտիվ ֆորմատով այս ներկայացումը ագռավաձորցի խրտվիլակ Նազիկի մասին էր, ով որոշել էր կրթություն ստանալ քաղաքում, մարդ դառնալ և իրենց գյուղում բացել սեփական ֆերմա, սակայն նրա այդ որոշմանը դեմ էին իր ամսուսին խրտվիլակ Սեթոն ու գյուղապետը և այդ պատճառով Ագռավաձորի գյուղապետարանում թեժ կռիվ ու վիճաբանություն է ծագում։ Զվարճալի, բայց միևնույն ժամանակ ուսուցողական այս ներկայացման հիմքում նույնպես ընկած էին կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը, կանանց կրթությանն ու նրանց նկատմամբ խտրական վերաբերմունքին առնչվող հարցեր։
Ագռավաձորցիների թեժ ժողովը բուռն քննարկումներ առաջ բերեց նաև հանդիսատեսի մոտ։ Եղան խրտվիլակ Սեթոյին և գյուղապետին պաշտպանողներ, սակայն հանդիսատեսի մեծ մասը կողմ էր Նազիկի որոշմանը, քաջալերում էր նրան և առաջարկում գնալ սեփական երազանքի ետևից։
Ներկայացման ավարտին դահլիճում ներկա գտնվող կանանցից Մարիամ Ղուկասյանն ու Վիոլետա Ավագյանը կիսվեցին իրենց անձնական հաջողության պատմություններով, ովքեր լինելով ամուսնացած, կրթություն են ստացել քաղաքում, աշխատել են և կարողացել են գյուղում ստեղծել իրենց սեփական բիզնեսը՝ այս ամենը համատեղելով ընտանիքի հետ։
Ներկայացմանը ներկա էին ԿՀԶ ՀԿ շահառու Ցողամարգ, Գոգհովիտ, Սալուտ, Թորոսգյուղ և Մուսայելյան համայնքներում գործող ֆորում թատրոն խմբակների ավելի քան 45 անդամներ, որոնց համար այս հանդիպումը ոչ միայն հետաքրքիր ներկայացում դիտելու հնարավորություն էր, այլ նաև վարպետության դաս և փորձի փոխանակում։
«Փոփոխությունների թատրոն»-ն ունի ավելի քան 15 տարվա հարուստ փորձ և հանդիսանում է ինտերակտիվ թատրոնի առաջատարը Հայաստանում։ Խումբը կազմված է արհեստավարժ դերասաններից, ովքեր իրենց ներկայացումներում շոշափում են ամենատարբեր թեմաներ՝ սկսած միջանձնային, կենցաղային մակարդակում առկա խնդիրներից մինչև միգրացիա, հատուկ կարիքներ ունեցող անձանց խնդիրներ և այնպիսի թեմաներ, որոնց մասին ֆորմալ պայմաններում մարդիկ դժվարանում են խոսել։
«Ագռավաձորի գյուղապետարան» նախագիծն իրականացվել է Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի աջակցությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում Փոփոխությունների թատրոնին՝ շարունակական համագործակցության և նման մշակութային միջոցառումներով երիտասարդների շրջանում մարդու իրավունքների իրազեկվածության բարձրացմանը նպաստելու համար։