«Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային գիտաժողովը անցյալում է, բայց միջոցառման թողած տպավորությունները և արգասաբեր համագործակցությունը թվով 25 երկրների 130 մասնակիցների միջև կա ու կմնա: Սա «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից կազմակերպած երկրորդ գիտաժողովն է: Առաջինը կազմակերպվել էր 2007թ.:
Եթե առաջին գիտաժողովը նպատակ ուներ ներկայացնել հիմնականում ԿՀԶ ՀԿ գործունեությունը, ապա երկրորդ գիտաժողովը, մի տեղ հավաքելով տարբեր բնագավառի մասնագետներին, հնարավորություն տվեց վերջիններիս կիսվել գաղափարներով, խոսել սեփական ծրագրերի մասին և այլն: Գիտաժողովին հրավիրված հիմնական բանախոսներն էին Ավստրիայի «Խաղաղության ուսուցման և հետազոտությունների կենտրոն»-ի տնօրեն Վերներ Վինթերշթայները, Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության Խաղաղության կրթության աշխատանքային խմբի ղեկավար Ջենիֆեր Բաթթոնը, ICAN կազմակերպության հիմնադիր Սանամ Նարաղի-Անդերլինին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը և «Ժողովրդավարությունն այսօր» ՀԿ հիմնադիր Գյուլնարա Շահինյանը:
Ավստրիայից, Ավստրալիայից, Գանայից, Կոլումբիայից, Նիդերլանդներից, Ճապոնիայից և մի շարք այլ երկրներից ժամանած զեկուցողները կիսվեցին ոլորտում ունեցած իրենց փորձառությամբ, ինչպես նաև հանդես եկան ընտանեկան բռնության, բռնի ծայրահեղականության, գլոբալ քաղաքացիության, Կովկասում կոնֆլիկտների լուծման և մի շարք այլ խնդրիների հաղթահարմանն ուղղված համընդհանուր քայլերի մշակման առաջարկներով: Թե՛ մասնակիցները և թե՛ բանախոսները փաստեցին, որ բոլոր մարտահրավերներն ու խնդիրները, որոնց մենք այսօր բախվում ենք աշխարհում խաղաղության հաստատման և խաղաղաշինության ասպարեզում, պահանջում են հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: Գիտաժողովի ավարտին նրանք կոչ արեցին խթանել ֆորմալ և ոչ ֆորմալ ուսուցման միջոցով խաղաղության կրթության տարածումը և խաղաղության մշակույթի ձևավորումը դպրոցականների ու երիտասարդների շրջանում՝ որպես խաղաղության հաստատման, բռնությունների և ահաբեկչությունների դեմ պայքարի կարևորագույն նախապայման:
Գիտաժողովին հաջորդող օրը՝ դեկտեմբերի 3-ին, Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության Խաղաղության կրթության աշխատանքային խմբի 8 անդամները, որոնք ժամանել էին աշխարհի տարբեր մայրցամաքներից, անցկացրին դասընթացներ` ներկայացնելով լավագույն ձեռքբերումները, հաջողված պատմությունները, ընդլայնելով գործընկերների շրջանակը և փոխանակելով կարծիքներ առկա խնդիրների մասին, որոնք ընկած են խաղաղության կրթության իրագործման ճանապարհին ողջ աշխարհում:
Գիտաժողովի այդ 2 օրերի և դրան հաջորդող 1-օրյա դասընթացի ընթացքում մենք չէինք գրանցի նմանատիպ արդյունք, եթե չլիներ Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության Խաղաղության կրթության աշխատանքային խմբի աջակցությունն ու սերտ համագործակցությունը ԿՀԶ ՀԿ-ի հետ:
Գիտաժողովն անցկացվեց Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում, որն ամենաարդիական սարքավորումներով հագեցած կառույցն է քաղաքում: Այս ամենի շնորհիվ մենք կարողացանք գիտաժողովը, միջանկյալ դասընթացները անցկացնել առանց տեխնիկական խափանումների կամ այլ խոչընդոտների:
Գիտաժողովը ևս մեկ հնարավորություն էր օտարերկրա մասնակիցների համար՝ ծանոթանալու հայկական մշակույթին՝ այդ թվում «Քոչարի» ժողովրդական պարին, որը մասնակիցները կատարեցին Գյումրու Հայորդյաց տան պարի խմբակի սաների հետ միասին: Նրանց նաև դիտեցին Հայորդյաց տանը ցուցադրված «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով նկարչական ցուցահանդեսը, որը ԿՀԶ ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ: Մեկ այլ մշակութային միջոցառում էր օտարերկրյա հյուրերի այցը Գյումրու «Սև բերդ» ամրոց:
Կոնֆերանսի ավարտին կազմակերպվեց հրաժեշտի ընթրիք՝ ողողված դասական երաժշտությամբ, դրական մեծ էներգիայով, շնորհակալանքի և երախտիքի փոխադարձ խոսքերով և, ի վերջո, ԿՀԶ ՀԿ հիմնադրման 20-ամյակի առթիվ հնչած բարեմաղթանքներով։
Մեծ էր նաև Գյումրեցի մասնակիցների հետաքրքրությունը միջազգային զեկուցողների կատարած աշխատանքի նկատմամբ: Շիրակի պետական համալսարանի ռեկտորի և մի շարք դասախոսների հրավերքով Զինված կոնֆլիկտների կանխարգելման գլոբալ նախաձեռնության Խաղաղության կրթության աշխատանքային խմբի անդամներ Քեսիա-Օնամ Բիժու Բիրչը, Կառլոս Ժոզե Գոնզալեզ Հերնանդեսը և Ահմեդ Բաքիր Բուկլին հյուրընկալվեցին Շիրակի համալսարանում: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ու պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն առաջարկեցին ԿՀԶ ՀԿ միջոցով պահել կապը GPPAC համացանցի անդամ երկրների ներկայացուցիչների հետ, փոխանակվել տարբեր երկրների ունեցած փորձով ու քաղած դասերով՝ «Կոնֆլիկտների կառավարման կրթությունը» ոչ ֆորմալ եղանակով համալսարանում ներդնելու համար։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ը, որպես գիտաժողովի կազմակերպիչ և ոլորտում ակտիվ դերակատար շուրջ 15 տարի, գտնում է, որ խաղաղության կրթության ներմուծումը բոլոր երկրների կրթական համակարգ խաղաղության հասնելու կարևորագույն քայլերից մեկն է: Այն նաև խթան է բոլոր ջանքերն ուղղորդելու հետագայում ոլորտին համապատասխան ծրագրերի մշակմանն ու իրագործմանը:
ԶԼՄ-ների անդրադարձը գիտաժողովին
Գիտաժողովի և “Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում” թեմաներով 2 տեսանյութ՝ պատրաստված “Շիրակ” հանրային հեռուստաընկերության կողմից
“Ցայգ” հեռուստաընկերության ռեպորտաժը գիտաժողովի մասին
Շիրակի պետական համալսարանի անդրադարձը GPPAC կազմակերպության անդամների հետ հանդիպմանը ՇՊՀ-ում