Պաս պապիկն ու Ուտիս տատիկը Թորոսգյուղում 

«Սարապատ ԳԻՏԽ» ՀԿ նախագահ, Թորոսգյուղի երիտասարդական կենտրոնի անդամ Ջուլիետա Պետրոսյանի նախաձեռնությամբ Սուրբ Զատկի տոնին նվիրված գունեղ ու ինքնատիպ միջոցառում կազմակերվեց Թորոսգյուղ բնակավայրում։

Կարևորելով ազգային արժեքների ու ավանդույթների պահպանումը և դրանք սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, երիտասարդները որոշել էին յուրովի նշել Սուրբ Զատիկը։ Մեծ պահքի խորհրդանիշ համարվող ծիսական տիկնիկներ Ակլատիզի կամ Պաս պապիկի և Ուտիս տատիկի կերպարներով, գունեղ հանդերձանքով ու ծիսական երգերով երեխաները շրջում էին ամբողջ գյուղով՝ այցելելով տներ ու շնորհավորելով համագյուղացիներին։ Բնակիչներն էլ իրենց հերթին էին շնորհավորում երեխաներին ու Զատկի ավանդական ուտեստներից դնում զամբյուղի մեջ։

Թորոսգյուղցիները ողջունեցին ու անչափ կարևորեցին երիտասարդական կենտրոնի այս նախաձեռնությունը՝ ինքնատիպ շնորհավորանքն ու ավանդական ծեսերի պահպանումը, նշելով, որ բոլորն անհամբեր սպասում էին, թե երբ են իրենց դուռը թակելու Պաս պապիկն ու Ուտիս տատիկը՝ հավատալով, որ խորհրդանշական տիկնիկներն առատ բերք ու հաջողություն կբերեն իրենց ընտանիքներին։

Երեխաները օրն ամփոփեցին երիտասարդական կենտրոնում՝ տոնական սեղանի շուրջ երգելով ու ավանդական տարբեր խաղեր խաղալով։

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ անունից շնորհակալություն ենք հայտնում Ջուլիետա Պետրոսյանին և Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խմբի անդամներին` հրաշալի նախաձեռնության և ամբողջ համայնքին միջոցառմանը մասնակից դարձնելու համար։

Լուսանկարներ միջոցառումից