Մեկնարկել է ԿՀԶ ՀԿ նոր եռամյա ծրագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեկնարկել է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից իրականացվող «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» եռամյա ծրագիրը։ Այն տրամաբանական շարունակությունն է կազմակերպության նախորդ ծրագրերի, որոնք միտված են Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի զարգացմանն ու համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը։
Ընթացիկ ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել կազմակերպության գործունեության աշխարհագրությունը՝ ներառելով նոր գյուղական բնակավայրեր Շիրակի մարզից։ Նոր համայնքների ընտրության նպատակով կազմակերպության աշխատանքային թիմն արդեն հանդիպումներ է ունեցել Աշոցք միավորված համայնքի Վարդաղբյուր, Կրասար, Զույգաղբյուր, Կարմրավան, Թավշուտ, Փոքր Սեպասար, Հարթաշեն և Սարագյուղ համայնքների վարչական ղեկավարների հետ, իրականացրել համայնքների նախնական քարտեզագրում և ծանոթացել տեղի մարդկային ու նյութական ռեսուրսներին։
Համայնքային այցելությունները դեռևս ընթացքի մեջ են, իսկ շահառու նոր բնակավայրերը կընտրվեն միայն ԿՀԶ ՀԿ կողմից սահմանված հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում։