Արցախից տեղահանվածներին, վիրավոր և զոհված զինծառայողների ընտանիքներին հումանիտար աջակցություն տրամադրելուն զուգահեռ ԿՀԶ ՀԿ-ն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն աշխատանքին՝ այդկերպ փորձելով հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանում բոլորիս առջև ծառացած մարտահրավերներն ու խնդիրները։
«Սարապատ» Գործողությունների իրականացման տեղական խմբի (ԳԻՏԽ) անդամների հետ առաջին ընդհանուր ժողովն անցկացվեց նախորդ շաբաթ։ Երկօրյա աշխատանքային հանդիպումներին մասնակցում էին Սարապատ միավորված համայնքներից 8 բնակավայրերի թվով 40 մասնակիցներ։ Հանդիպման ընթացքում մեկ անգամ ևս անդրադարձ կատարվեց գյուղական համայնքների զարգացման ԼԻԴԵՐ մոտեցման հիմնական սկզբունքներին ու առավելություններին, ինչպիսի փոփոխություններ են կատարվել մեր գործողությունների մեջ և թե ինչ ձևաչափով ենք շարունակելու աշխատանքը շահառու համայնքներում։ Աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցների հետ համատեղ կատարվեց համայնքային հիմնախնդիրների վերլուծություն և խմբավորում՝ ըստ ռազմավարական հիմնական ուղղությունների, քննարկվեց «Սարապատ» ԳԻՏԽ ՀԿ-ի կանոնադրության նախնական տարբերակը, ինչպես նաև լրացրեցին ՀԿ-ին անդամակցության դիմում-հայտեր։ Հանդիպման օրակարգում էր նաև ԳԻՏԽ ՀԿ խորհրդի նախագահի, փոխնախագահի և գնահատող հանձնաժողովի անդամների ընտրությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում «Սարապատ» ԳԻՏԽ նախագահ ընտրվեց Սալուտ համայնքի ներկայացուցիչ Անահիտ Խաչատրյանը, փոխնախագահներ ընտրվեցին՝ Անդրանիկ Պալյանը Փոքր Սարիար համայնքից և Արմինե Խաչատրյանը Ցողամարգից։ Առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուներ՝ Էմմա Հարությունյանը (Թորոսգյուղ), Անուշ Խաչատրյանը (Սալուտ) և Ասյա Մկրտչյանը (Փոքր Սարիար) ընդգրկվեցին խորհրդի անդամների կազմում։ Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին առաջադրված ներկայացուցիչներ բոլոր 8 գյուղերից։