ԿՀԶ ՀԿ-ն շարունակում է աջակցությունը պատերազմից տուժած ընտանիքներին

Արձագանքելով երկրում ստեղծված իրավիճակին,պատերազմից ընդամենը մի քանի օր անց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն (ԿՀԶ ՀԿ) սեփական նախաձեռնությամբ և միջոցներով սկսեց իրականացնել հրատապ աջակցության միջոցառումներ թե՛ առաջնագծում կռվող զինվորներին և թե Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներին օգնելու համար։

Մինչ օրս մեր միջոցներով կարողացել ենք հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ ու դեղորայք տրամադրել Արցախից ժամանած թվով 9 ընտանիքների՝ որից 28-ն անչափահաս երեխաներ են, 20-ը՝ կանայք ու մեծահասակներ։

Մեր նախաձեռնությանը միացավ նաև ամերիկահայ անհատ բարերար Սերգեյ Վարդանյանը և քանի որ այս ընթացքում գրեթե բոլորի ուշադրության կենտրոնում էին Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքներն ու նրանց կարիքները, որոշվեց վերջինիս նվիրատվությունն ուղղորդել կամավոր առաջնագիծ մեկնած մեր ազատամարտիկներին, ովքեր չնայելով իրենց պատկառելի տարիքին ու առողջական խնդիրներին, առանց մեկ վայրկյան վարանելու շտապեցին ամենաթեժ մարտական կետեր՝ կանգնելու մեր երիտասարդ զինվորների կողքին։ Ս․ Վարդանյանի կողմից տրամադրած գումարի մի մասով արդեն իսկ առաջին անհրաժեշտության սննդի փաթեթներ ենք տրամադրել Երկրապահ կամավորականների միության թվով 10 առավել անապահով ազատամարտիկների ընտանիքներին։ Գումարի մյուս մասը՝ կրկին սննդի փաթեթի տեսքով, նախաձեռնում ենք ուղղորդել վիրավոր կամ զոհված զինվորների այն ընտանիքներին, ովքեր սոցիալապես ծանր վիճակում են։


Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ս․ Վարդանյանին՝ նախաձեռնության, սրտացավության ու վստահության համար։ Միայն բոլորիս միասնությամբ ու համախմբվածությամբ կկարողանանք հաղթահարել նաև այս դժվարին ժամանակաշրջանը։