Արցախյան պատերազմ․ օր 20

Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ շարունակում է ինտենսիվ կրակի տակ պահել ոչ միայն Արցախի ռազմական օբյեկտները, այլ նաև բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու նույնիսկ հիվանդանոցները՝ խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։
 
Հոկտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմից զոհվել են ավելի քան 633 զինծառայողներ և 34 քաղաքացիական անձինք, վիրավորվել են հարյուրավոր քաղաքացիներ ու զինվորներ։ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը՝ պարբերաբար հարվածներ հասցնելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցներն այս դժվարին օրերին «Հայաստան Համահայկական հիմնադրամին» կատարած դրամական փոխանցումներից բացի, փորձել են նաև նյութապես աջակցել առաջնագծում կանգնած զինվորին ու Արցախից Հայաստան եկած ընտանիքներին։ Այս պահի դրությամբ հագուստ, սնունդ, առաջին անհրաժեշտության հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ ու դեղորայք է տրամադրվել Արցախից ժամանած թվով 6 ընտանիքների՝ որից 20 անչափահաս երեխաներ և 15 կանայք ու մեծահասակներ։
 
Պատերազմը շարունակվում է, իսկ միջազգային կառույցներն ու հանրությունը շարունակում են լռել և չտեսնել ադրբեջանա-թուրքական ագրեսորների կողմից խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող ռազմական հանցագործությունները։