«Մայիսի 9-ը յուրաքանչյուր հայի համար լոկ ամսաթիվ չէ: Այն մեր լուսավոր ապագայի և կյանքի շարունակության խորհրդանիշն է և պատահական չէ, որ մեր երկու ծրագրերի պաշտոնական բացումն ու շնորհանդեսը համընկավ հենց այս տոնի հետ: Այս տարի մայիսյան եռատոնին Ցողամարգում ավելացավ ևս 3-ը՝ Հանդիսությունների սրահի բացումը, մեր համայնքի պարի խմբի սաների նոր հագուստների շնորհնադեսն ու գյուղի մատուռին խաչի կանգնեցումը»,- այսպես սկսեց իր խոսքը Ցողամարգի համայնքապետ Գնել Բարսեղյանը՝ հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Նա շնորհակալություն հայտնեց «Կանայք հանուն զարգացման», «Հայաստանի բարեկամներ» կազմակերպություններին, ինչպես նաև համայնքի բնակիչներին, որոնք օգնեցին կյանքի կոչել հանդիսությունների տան վերանորոգման ու մասնակի կահավորման ծրագիրը:
«Այս ծրագրերը նույնպես ես համարում եմ հաղթանակ: Եթե բանակն այսօր պատվով պաշտպանում է մեր սահմանները, մենք էլ պարտավոր ենք պահել թիկունքը՝ շենացնելով ու հզորացնելով մեր համայնքները»,- եզրափակեց նա:
ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նույնպես ողջունեց ու շնորհավորեց ներկաներին՝ ծրագրի իրականացման գործում ընդգծելով թե՛ համայնքապետի անձնական օրինակն ու սրտացավությունը, թե՛ Համայնքային կենտրոնի ակտիվ աշխատանքը, և թե համայնքի համախմբվածությունն ու նվիրվածությունը: Նա մանրամասն հաշվետվություն ներկայացրեց հավաքվածներին՝ կատարված աշխատանքների վերաբերյալ և ցանկացավ, որ այսուհետ միայն ուրախության առիթներ նշվեն այս գեղեցիկ ու հարմարավետ սրահում:
Տոնական տրամադրությունն այնուհետև շարունակվեց դպրոցի դահլիճում, որտեղ տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ ֆինանսավորմամբ իրականացված մեկ այլ ծրագրի շնորհանդես: Գյումրու «Ընտանիք» կենտրոնի կողմից Ցողամարգում ստեղծված «Արփի» պարային համույթն առաջին անգամ համայնքին ներկայացավ նոր պարացանկով և ազգային նոր տարազներով:
«Ազգային տարազներ Ցողամարգի պարի խմբի համար» ծրագրի նախաձեռնող անդամ Արփինե Նիկոլյանը հավաքվածներին ներկայացրեց ծրագրի նախապատմությունն ու ձեռք բերված արդյունքները՝ բարձր գնահատելով ԿՀԶ ՀԿ դերն ու գործունեությունն իրենց համայնքում:
Գոհար Մարկոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ծրագրի նախաձեռնող խմբի անդամներին եվ կամավորներին՝ հրաշալի գաղափարի ու գեղեցիկ զգեստների համար, նշելով, որ իրենց անձնական օրինակով կամավորները քաջալերում են համագյուղացիներին և նպաստում առավել ակտիվ ու ներգրավված լինելու սեփական խնդիրներում:
Ցողամարգի տոնակատարություններին մասնակցելու էին հրավիրվել նաև «Ընտանիք» կենտրոնի աշխատակիցները, Թորոսգյուղի դպրոցի ուսուցիչներ ու աշակերտներ, համայնքի բնակիչներ:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1051945568213213.1073741971.158335984240847&type=3″]