Ուսումնաճանաչողական այց Լուկաշին համայնք

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի շրջանակներում  «Թորոսգյուղ» ֆերմերային խմբի 13 անդամներ, ծրագրի ղեկավարի և համայնքային կազմակերպչի հետ միասին ուսումնաճանաչողական այցով եղան Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում։ Այցի նպատակն էր տեղում տեսնել և ծանոթանալ «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» Սպառողական կոոպերատիվի կողմից համայնքում իրականացված մի շարք ծրագրերի, ինչպես նաև խորհրդատվություն ստանալ կոոպերատիվների հիմնադրման և հետագա կառավարման վերաբերյալ։
Հանդիպման մասնակիցներին կոոպերատիվների տեսակների, դրանց ձևավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի, անդամների կողմից սկզբնական ներդրումների, ներքին կանոնադրության ստեղծման ու կառավարման հաջորդական քայլերի, ինչպես նաև կոոպերատիվների ու բիզնեսի տարբերությունների մասին մանրամասն ինֆորմացիա տվեց «Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» ՍԿ նախագահ Վարդգես Դավթյանը, ով 2005 թվականին հիմնադրել և մինչ օրս ղեկավարում է Լուկաշինի կոոպերատիվը։ Գործունեությունը սկսելով համայնքի 43 անդամների հետ միասին, այսօր արդեն Լուկաշինի կոոպերատիվն ունի թվով 134 անդամներ։ Իր գործունեության 11 տարիների ընթացքում տարբեր դոնորների ֆինանսական աջակցությամբ կոոպերատիվն ավելի քան 70 հազար Եվրո արժողության գյուղատնտեսական ծրագրեր է իրականացրել համայնքում և այսօր արդեն ունի բրենդային արտադրանքներ, որոնք մրցունակ են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա շուկայում։
«Թորոսգյուղ» ֆերմերային խմբի անդամները շրջայց կատարեցին նաև Լուկաշինի կոոպերատիվի սառնարանային տնտեսությունում, ծանոթացան մրգերի չորանոցի, կաթի հավաքման կետի, նոր տեխնոլոգիայով գինու պատրաստման, ինչպես նաև մրգերի ու չրերի համար նախատեսված սարքի գործունեության հետ։
Հանդիպման ավարտին Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիայի հարմարավետ ու հյուրընկալ հարկի տակ հանդիպման մասնակիցներն համտեսեցին կոոպերատիվի էկոլոգիապես մաքուր արտադրանքն ու  բազմաթիվ հարցեր ուղղեցին Վ․Դավթյանին՝ ստանալով մասնագիտական սպառիչ պատասխաններ։
Հանդիպումն անչափ օգտակար ու արդյունավետ էր թորոսգյուղցիների համար, ովքեր հետդարձի ամբողջ ճանապարհին կիսվում էին իրենց ստացած տպավորություններով, քննարկում խմբի հետագա անելիքներն ու գծագրում նոր ծրագրեր։

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1049939385080498.1073741970.158335984240847&type=3″]

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագիրն իրականացվում է «Կանայք հանուն զարգացման» եվ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: