Հաղթանակի օրը նշվեց Ցողամարգ համայնքում

Մայիսի 9-ին  Ցողամարգի համայնքապետարանի եվ Համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարելիցին եվ Շուշիի ազատագրման 21-ամյակին: Ցողամարգի Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանին հարգանքի տուրք մատուցելու էին եկել համայնքապետը, ավագանու անդամներ, ուսուցիչներ, աշակերտներ, Համայնքային կենտրոնի կամավորներ ու բնակիչներ, ովքեր ծաղիկներ դրեցին հուշարձանին, խոնարհվեցին երկու պատերազմներին մասնակցած հերոսների անմար հիշատակի առջեվ:

Ցողամարգ համայնքը նույնպես իր արժանի ներդրումն է ունեցել Հայրենական մեծ պատերազ-մում: Գյուղից ռազմաճակատ են մեկնել 134 մարտիկներ, որոնցից վերադարձել են 91-ը:

Միջոցառման մասնակիցներն այնուհետեվ այցելեցին Ցողամարգ գյուղի Հայրենական պատերազմի արդեն միակ վետերան Վարազդատ Մովսիսյանին, ում համայնքապետի կողմից հանձնեցին ծաղիկներ ու դրամական պարգեվ:

Վարազդատ Մովսիսյանը ծնվել է 1921թ. Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում: 1939-1940թթ. Սովորել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետում: 1942թ. փետրվարի 12-ին զորակոչվել է սովետական բանակ, 1945թ. Սեպտեմբերի 28-ին՝ փառավոր մարտական ուղի անցնելուց հետո զորացրվել է և վերադարջել հայրենի գյուղ:

1955-1956թթ. աշխատել է Ցողամարգի միջնակարգ դպրոցում որպես ուսմասվար, իսկ 1956թ մարտ ամսից ստանձնել նույն դպրոցի տնօրենի պաշտոնը, որը ղեկավարել է ավելի քան 28 տարի:

Հայրենական պատերազմում  տարած սխրագործույթյունների, ինչպես նաև հայրենի գյուղի մշակութային ու կրթական կյանքում ունեցած մեծ ներդրումների համար Վ. Մովսիսյանը արժանացել է մի շարք պարգևների, հուշամեդալների ու պատվոգրերի:

1963թ. պարգևատրվել է Հայկական ԽՍՀ լուսավորության մինիստրության պատվոգրով: 1965թ. արժանացել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրի, իսկ 1967թ. նրան շնորհվել է Հայկական ԽՍՀ վաստակավոր ուսուցչի պատվավոր կոչում:

Շնորհավորելով ու մեծարելով Վ. Մովսիսյանին, միջոցառման մասնակիցները նշեցին, որ Մեծ հաղթանակը կերտած հերոս-վետերանների, ինչպես նաև հայրենիքի փրկության համար իրենց կյանքը զոհաբերած Արցախյան պատերազմի հերոսների հանդեպ ունեցած մեծագույն խոնարհումն ու նրանց հիշատակի հավերժացումը բոլոր սերունդների պարտքն ու պարտականությունն է, նրանց շնորհիվ է, որ այսօր մենք ապրում ենք խաղաղ պայմաններում:

 [fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.643398405734600.1073741893.158335984240847&type=1″ slider=”1″]

 

                                                                                                                                                        Լուսանկարները և ինֆորմացիան տրամադրել է

                                                                                                                                                         Ցողամարգի Համայնքային կենտրոնի կամավոր

                                                                                                                                                                                                                Արփինե Նիկոլյանը