Հանրային քննարկում երիտասարդների հիմնախնդիրների թեմայով

Օգոստոսի 23-ին ԿՀԶ ՀԿ շահառու Անուշավան, Մուսայելյան և Ցողամարգ համայնքների երիտասարդական ակտիվ խմբերի պատասխանատուները մասնակցեցին «Կրթության և երիտասարդների զարգացման հայկական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված հանրային խորհրդատվական հանդիպում-քննարկմանը` Հայաստանում երիտասարդության ոլորտը կարգավորող օրենսդրության մշակման ու բարելավման թեմայով։
Հանդիպումը նպատակ ուներ տարբեր մարզերի երիտասարդների հետ քննարկումների հիման վրա ստեղծել քաղաքական ամփոփագիր, որով կսահմանվի Հայաստանում Երիտասարդության մասին օրենքի նախագծի անհրաժեշտությունը՝ հիմնված միջազգային երիտասարդական քաղաքականության լավագույն փորձի համեմատական վերլուծության վրա։
Գյումրիում կայացած քննարկմանը մասնակցել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի երիտասարդները, ովքեր բարձրաձայնել են երիտասարդներին հուզող հիմնախնդիրները, ոլորտում առկա բացերը, հանդես եկել առաջարկություններով։
Արշավն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից և իրականացվում ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ։