Գոգհովիտի անգլերեն լեզվի ուսուցման խմբակն ամանորյա ուրախ տրամադրությամբ ամփոփեց այս տարվա իր վերջին պարապմունքը։ Իսկ թե ինչպես՝ կարդացեք խմբակի ղեկավար, Թորոսգյուղի երիտասարդական ակտիվ խմբի անդամ Ջուլիետա Պետրոսյանի գրառումը։
Այսօր իմ կյանքի ամենագեղեցիկ և անմոռանալի օրերից մեկն է։ Այս տարվա ամենագունեղ, ամենապայծառ ամանորյա օրը, նախատոնական տրամադրությունը և, իհարկե, մեր գեղեցիկ միջոցառումը միշտ կհիշենք։
Գոգհովիտ համայնքում արդեն 4 ամիս գործող անգլերենի խմբակի այս տարվա վերջին դասն էր։ Ինչպես միշտ հրավիրել էինք մեր սիրելի ծնողներին, տատիկներին։ Միջոցառումը անցավ շատ ջերմ ու մտերմիկ մթնոլորտում։ Երեխաներին հյուր էին եկել Ձմեռ պապը, Ձյունանուշիկը, Ծաղրածուն և Նապաստակը։ Նկարվեցինք, ուրախացանք, իսկ վերջում էլ վառեցինք տորթը, և Ձմեռ պապը իր սիրելի Ձյունանուշիկի հետ բաժանեց նվերները։
Այնքան ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա Գոգհովիտ համայնքում բացել անգլերենի խմբակ։ Ծանոթացա հրաշալի մարդկանց հետ։ Գոգհովիտի երիտասարդական ակտիվ խմբի բոլոր մասնակիցները ջերմորեն ընդունեցին ինձ և այդ սերտ համագործակցությունը պահվում է առ այսօր։
Գոգհովիտի երիտասարդական ակտիվ խմբի ղեկավար, մեր սիրելի Շահանե Թադևոսյան ջան, շնորհակալ ենք քեզ, որ մեր կողքին ես եղել այս ամիսների ընթացքում և օգնել ցանկացած հարցով։
Դե ոչինչ չէ՞, որ քեզ միշտ չէինք թողնում երկար քնես:
Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել անգլերենի խմբակի իմ շատ սիրելի ծնողներին, ովքեր ոգեւորությամբ և մեծ ուրախությամբ ընդունեցին ինձ։ Ցանկացած հարցով միշտ իմ և երեխաների կողքին են եղել և աջակցել ինձ։ Շնորհակալ եմ նաև անակնկալի համար։
Գոգհովիտի իմ շատ սիրելի երեխաներ, Դուք շատ լավն եք։ Մնացեք միշտ այդպես խելացի և սովորեք անգլերենը։ Միշտ հիշեք, որ ընկեր Ջուլիետան Ձեզ շատ է սիրում։ Կհանդիպենք հաջորդ տարի։
Թող 2023 թվականը լինի խաղաղության տարի։ Թող բոլոր մանուկները ժպտան և երբեք չտխրեն։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հ.Գ. Խմբակը համալրվել է ևս 3 հոգով։ Այժմ 13 հոգի ենք 🙂