2022թ․ Մարտի 10-ին կայացավ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ տարեկան 4-րդ համաժողովը, որն այս անգամ համընկավ կազմակերպության հիմնադրման 25-ամյա տարելիցի հետ։
«25 տարի համայնքի հետ, համայնքի համար» խորագիրը կրող համաժողովը կազմակերպության երկարամյա գործունեության և հատկապես համայնքային զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվություն էր։
Բացման խոսքով հանդես եկավ ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանն, ով հրավիրվածներին ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի արդյունքները, խոսեց հաջողության պատմությունների, ձեռքբերումների ու հետագա պլանների մասին։
Կազմակերպության 25 ամյակի առթիվ շնորհավորեցին և իրենց ողջույնի խոսքն հղեցին մարզային և տեղական կառույցների ներկայացուցիչները, ՏԻՄ ղեկավարներն ու գործընկեր կազմակերպությունների անդամները` կարևորելով կազմակերպության ունեցած դերը հատկապես հեռավոր գյուղական համայնքների զարգացաման, կանանց ձեռներեցության խթանման, երիտասարդների հզորացման և կոնֆլիկտների կառավարման կրթության ոլորտներում։
Այնուհետև համաժողովը շարունակվեց զեկույց-պանելային քննարկում ձևաչափով, որտեղ կազմակերպության բոլոր 4 ուղղությունների ներկայացուցիչները՝ ՏԻՄ գործընկերներ, երիտասարդական ակտիվ խմբերի անդամներ, բիզնես դրամաշնորհառուներ ու ֆորում թատրոն խմբակների ղեկավարները հնարավորություն ունեցան մասնակիցների հետ կիսվելու իրենց հաջողության պատմություններով, ունեցած դժվարություններով, ձեռքբերումներով, գրանցած արդյունքներով, ինչպես նաև պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։ Հրավիրվածներն հնարավորություն ունեցան դիտելու կազմակերպության գործունեության 25 տարիներն ամփոփող ֆիլմը, որը յուրատեսակ հաշվետվություն էր երկար տարիների կատարած աշխատանքի։
Համաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաև «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից ֆինանսավորված մի քանի բիզնեսների ցուցահանդես-վաճառք, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հրավիրվածների մոտ՝ հնարավորություն տալով նոր գործընկերներ գտնելու։ Համաժողովի ավարտին Գ․ Մարկոսյանը հատուկ անվանակարգերով պարգևատրեց կազմակերպության շահառուներին ու գործընկերներին՝ այս կամ այն ոլորտում գրանցած հաջողությունների, կազմակերպության հետ սերտ համագործակցության ու համայնքային խնդիրների լուծմանը աջակցելու համար։
ԿՀԶ ՀԿ բիզնես դրամաշնորհառու Գոհար Դավթյանի պատրաստած հոբելյանական տորթն ու տոնական հյուրասիրությունն եզրափակեցին կազմակերպության հերթական համաժողովը։
Նշված հղումով կարող եք դիտել Tsayg TV/Ցայգ ՀԸ/ТК Цайг մարզային հեռուստաընկերության անդրադարձը համաժողովին։
“Կանայք հանուն զարգացման” ՀԿ 25-ամյա գործունեությանը նվիրված ֆիլմը կարող եք դիտել նշված հղումով
Համաժողովի լուսանկարներն՝ այստեղ