Մեծ ուրախությամբ մեր հետևորդներին ենք ներկայացնում Թորոսգյուղ համայնքի մեր ակտիվ երիտասարդներից մեկի՝ Ջուլիետա Պետրոսյանի մեզ ուղարկած նամակը։ Վերջինս ավելի քան 2 ամիս է սովորում է Իսպանիայի Վալյադոլիդ համալսարանի Փիլիսոփայության և գրականության ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժնում և իր հաջողություններով ցանկացել է կիսվել մեր հետ։ Անչափ ուրախ ենք Ջուլիետայի հաջողությունների համար և ի սրտե մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ, եռանդ ու հաստատակամություն՝ իր առջև դրված նպատակներին հասնելու համար։ Համոզված ենք, որ Ջուլիետայի աշխատասիրությունն ու հաջողության պատմությունը դրական օրինակ կհանդիսանա մեր մյուս համայնքների երիտասարդների համար։
Եթե ունես երազանք և ուզում ես հասնել դրան, ուրեմն պետք է հաղթահարես բազում դժվարություններ ու երբեք չհանձնվես, որովհետև այն անպայման կիրականանա։
Այս կարգախոսով եմ ուզում պատմել իմ մասին, որովհետև այն միշտ եղել է ուղեցույց ինձ համար և օգնել, որպեսզի երբեք չհանձնվեմ և շարժվեմ առաջ:Ես Ջուլիետան եմ: Ծնվել և մեծացել եմ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքում: Մանկուց շատ նախասիրություններ եմ ունեցել, բայց ամենից շատ երազել եմ ճամփորդել: Ուստի, իմ երազանքն իրականացնելու համար անհրաժեշտ էր սովորել օտար լեզուներ, և ես ընտրեցի անգլերենը, որովհետև ուսումնասիրել էի դպրոցում: Սկզբում ընդունվեցի Շիրակի պետական համալսարանի թարգմանչական գործ` անգլերեն-հայերեն բաժինը: Զուգահեռաբար անդամակցեցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբին, որը «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի օժանդակությամբ ծրագրեր և տարբեր միջոցառումներ էր իրականացնում մեր համայնքում: Կազմակերպության օժանդակությամբ համայնքում գործում էին տարբեր խմբակներ և հենց այդ ժամանակ էլ իմ մեջ միտք առաջացավ անգլերենի խմբակ բացել։ Մոտ երկու տարի կամավոր հիմունքներով վարեցի անգլերենի խմբակը՝ նախատեսված նախադպրոցական ու դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար։ Դա ոչ միայն օգտակար ու մոտիվացնող էր երեխաների համար, այլ նաև փորձառություն էր ինձ համար:
Իմ աշխատանքն ու ակտիվ մասնակցությունը համայնքային տարբեր ծրագրերին շատ էր խրախուսվում ու գնահատվում ԿՀԶ ՀԿ կողմից և դա էր պատճառը, որ 2020թ-ին կազմակերպության աջակցությամբ հնարավորություն ստացա Լեհաստանում մասնակցելու Էրազմուս+ ծրագրի շրջանակներում կազմակերպված 1-շաբաթյա դասընթացին։ Ուրախությունս անսահման էր, որովհետև կամաց-կամաց մոտենում էի երազանքիս: Ծրագրին մասնակցելու ընթացքում հասկացա, թե ինչքան բան փոխվեց իմ կյանքում: Նոր ընկերներ ձեռք բերեցի, կարողացա հաղորդակցվել և ծանոթանալ տարբեր ազգերի մշակույթների հետ, փորձել նրանց ավանդական ուտելիքներն ու բացահայտել տարբեր երկրներ: Շնորհակալ եմ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ին, որ ինձ ընձեռնեց այդ հնարավորությունը, քանի որ ծրագրին մասնակցելու շնորհիվ ձեռք բերեցի ինքնավստահություն, անծանոթ միջավայրում անկաշկանդ խոսելու ունակություն և ամենակարևորը սովորեցի, թե ինչպես կարող եմ միայնակ ապրել օտար հողում:
Ծրագրի ավարտից հետո սեփական փորձով կիսվեցի ոչ միայն իմ համայնքի, այլ նաև կազմակերպության շահառու այլ համայքների երիտասարդների հետ: Հետո մտածում էի, որ հնարավորության դեպքում պետք է կրկին մասնակցեմ ու փորձեմ նոր գիտելիքներ ձեռք բերել: Երկու տարի անց համալսարանում հայտարարեցին Էրազմուսի նոր ծրագրի մասին, որին մասնակցելու և ընտրվելու դեպքում հնարավորություն կստանայի մեկ կիսամյակ սովորել Իսպանիայի Վալյադոլիդ համալսարանում: Որոշեցի անպայման դիմել ծրագրին, չնայած մտավախություն ունեի, որ գուցե ծնողներս՝ հատկապես հայրս, հնարավոր է, որ թույլ չտային երկար ժամանակով բացակայել երկրից։ Սակայն, ի զարմանս ինձ, ծնողներս այդ լուրն ուրախությամբ ընդունեցին: Մասնակցելով ծրագրին և հաղթահարելով տարբեր բարդության փուլեր, ի վերջո ես ընտրվեցի։ Այսօր արդեն ես սովորում եմ Իսպանիայի Վալյադոլիդ համալսարանի փիլիսոփայության և գրականության ֆակուլտետի անգլերեն լեզվի բաժինը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, իմ ճակատագրին՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու և քայլ առ քայլ իմ երազանքներն իրականացնելու համար։