02.09.2020
Հանդիսանալով «Քաղաքացիական հասարակության կառույցների միջազգային միավորման» (ICAN) և «Կանանց անվտանգության և առաջնորդության դաշինքի» (WASL) անդամ՝ Կանայք հանուն զարգացման ՀԿ-ն նույնպես միացել էր 2020թ․ մարտ ամսին հայտարարված «Կանգնե՛նք կին խաղաղարարների կողքին» արշավին՝ նախաձեռնելով միջոցառում կազմակերպության շահառու համայնքների ավելի քան 32 երիտասարդների համար։ Երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով միջոցառումը մի քանի անգամ հետաձգվեց, սակայն մի քանի օր առաջ այն վերջապես հնարավոր եղավ իրականացնել։
Միջոցառման շրջանակներում ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը Անուշավան և Ցողամարգ համայնքների երիտասարդների համար անցկացրեց «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի» մասին թեմայով դասընթացը, որը կոչ է անում անդամ երկրներին ապահով կանանց առավել գործուն մասնացությունը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և հանգուցալուծման մակարդակներում՝ կարևորելով կանանց դերակատարությունը հատկապես խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացում։
Սա առաջին հիմնավոր բանաձևն է կանանց, խաղաղության և անվտանգության մասին, որը շեշտադրում է այն փաստը, որ հակամարտությունները կանանց և տղամարդկանց վրա ունենում են հավասար, սակայն միևնույն ժամանակ տարբերվող ազդեցություն։ Վերջին 2 տասնամյակների ընթացքում օրակարգն իրականացնելու ուղղությամբ տարբեր երկրներում ազգային ծրագրեր են մշակվել, իրականացվել են հստակ քայլեր խաղաղության և անվտանգության պահպանման, ինչպես նաև կանանց դերի բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի կառավարությունը նույնպես մշակել է ՄԱԿ-ի 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2023 թ. ծրագիր։
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև արշավի խորհրդանիշ ընտրված սիմուրգ թռչունի նախապատմության և խորհրդի մասին։
Միանալով «Կանգնենք կին խաղաղարարների կողքին» քարոզարշավին, «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն և մասնակից երիտասարդներն իրենց աջակցությունը բերեցին կին խաղաղարարներին ամբողջ աշխարհում, կոչ անելով՝
- երաշխավորել վերջիններիս անվտանգությունը,
- գնահատել և ներգրավել կանանց խաղաղության գործընթացներում,
- տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ կանանց կողմից իրականացվող խաղաղաշինական աշխատանքների կայունությունը ապահովելու նպատակով։
Նշենք, որ քարոզարշավին միացել են աշխարհի ավելի քան 28 երկրների կազմակերպություններ և առաջնորդներ։
#shebuildspeace #standwithwomenpeacebuilders #ican #wasl #wfdngo