10․07․2020
Սարապատ միավորված համայնքի Թորոսգյուղ վարչական կենտրոնում այսօր կայացած հանդիպման միջոցով տրվեց «Տեղական և տարածաշրջանային դերակատարների հզորացում հանուն տարածաշրջանային խաղաղության և գյուղական աղքատության հաղթահարման Հայաստանի հյուսիսում» ծրագրի մեկնարկը։ ԿՀԶ ՀԿ կողմից իրականացվող եռամյա ծրագիրը ֆինանսավորվել է գերմանական «Հաց աշխրահին» կազմակերպության կողմից և իրականացվելու է Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքում։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Սարապատ համայնքի զարգացմանը՝ ապահովելով տեղական բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքային խնդրիների բարձրացման և որոշումների կայացման գործընթացում։
Հանդիպմանը ներկա էին Սարապատ միավորված համայնքի համայնքապետ Արտուշ Մանուկյանը, ծրագրի շահառու 8 համայնքների (Թորոսգյուղ, Սալուտ, Արփենի, Ցողամարգ, Փոքր Սարիար, Գոգհովիտ, Հողմիկ, Սարապատ) վարչական ներկայացուցիչներ և ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ։
ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը հանդիպման մասնակիցներին մանրամասն ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակներն ու խնդիրները, նոր մոտեցումներն ու նախատեսված գործողությունները։ ԿՀԶ ՀԿ ծրագրի համադասող Արմինե Շիրոյանը առավել մանրամասն ներկայացրեց ծրագրի ԼԻԴԵՐ մոտեցման նոր հասկացությունը, որն հաջողությամբ կիրառվում է Եվրոպական բոլոր երկրներում։ ԼԻԴԵՐ մոտեցման հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ վերջինս հնարավորություն է տալիս ապահովել «ներքից վերև» կառավարման մոդելը գյուղական համայնքներում։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Սարապատ խոշորացված համայնքի 8 բնակավայրերի հիմքի վրա հիմնել Գործողությունների Իրականացման Տեղական Խումբ (ԳԻՏԽ), որի անդամները ԿՀԶ ՀԿ աջակցությամբ վեր կհանեն ինչպես առանձին բնակավայրերի, այնպես էլ Սարապատ համայնքի զարգացման հիմնական առաջնահերթությունները, կմշակեն համայնքի զարգացման ռազմավարությունը, կառաջարկեն համայնքում հանրային ծառայությունների բարելավման, կյանքի որակի բարձրացման, համայնքներում ծառայությունների տրամադրման, շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված իրատեսական ծրագրեր։
Սարապատ խոշորացված համայնքի համայնքապետ Ա․ Մանուկյանը ողջունեց նոր ծրագրի մեկնարկը և ԿՀԶ ՀԿ հետ համագործակցության շարունակականությունը՝ ընգծելով վերջինիս առանցքային դերակատարությունը նախորդ ծրագրի շահառու համայնքներում իրականացված սոցիալական և բիզնես ծրագրերի արդյունավետության, երիտասարդական կենտրոնների ստեղծման ու համայնքների բնակիչների կարողությունների զարգացման գործում։ Հանդիպմանը ներկա վարչական ներկայացուցիչները նույնպես ուժերը համախմբելու և համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին։
Լուսանկարներ