21.10.2019
Այսուհետ Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի երիտասարդներն ու տարեցները կունենան իրենց ազատ ժամանակն ավելի հետաքրքիր ու արդյունավետ անցկացնելու հարմարավետ վայր։ Երկար տարիներ Մշակույթի տան հիմնանորոգումն եղել է համայնքի առաջնահերթ խնդիրներից մեկը, քանզի դրա բացակայությունը բացասաբար է ազդում համայնքի մշակութային կյանքի և երիտասարդների ժամանցի կազմակերպման վրա։
Դեռևս 1960-ական թվականներին կառուցված Մշակույթի տունը երբևե չի վերանորոգվել և տարիների ընթացքում վիճակն ավելի անմխիթար է դարձել։
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից համայնքում անցկացված դասընթացների ու քննարկումների արդյունքում համայնքային ակտիվ խումբը համայնքապետ Մովսես Մովսիսյանի նախաձեռնությամբ ձեռնամուխ եղավ մշակույթի տան վերանորոգման աշխատանքներին։ Մոտ 4 ամիս տևած շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են շենքի բոլոր հին դռներն ու պատուհանները, հիմնովին վերանորոգվել է շենքի միջանցքն ու 35մ2 մակերեսով սենյակներից մեկը։ Վերանորոգված և նոր գույքով համալրված սենյակն արդեն իսկ դարձել է երեկոյան ժամանցի լավագույն վայրը գյուղի երիտասարդների ու տարեցների համար։ Սենյակը ծառայելու է նաև հանրային հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպելու համար։
Այս փուլի շինարարական աշխատանքների համար ծախսվել է ընդհանուր 2մլն 900 հազար դրամ, որից 800․000 դրամ ներդրվել է ԿՀԶ ՀԿ կողմից, 100․000 դրամ՝ համայնքապետարանի կողմից, իսկ 2 մլն դրամը հավաքագրվել է համայնքի բնակիչների և դրսում ապրող լեռնակերտցիների դրամահավաքի արդյունքում։
Համայնքապետ Մ․ Մովսիսյանի հավաստմամբ ծրագիրը շարունակական է լինելու և փուլ առ փուլ վերանորոգվելու է ամբողջ շենքը, որը կծառայի ինչպես տարբեր խմբակների պարապմունքների, այնպես էլ համայնքային մեծամասշտաբ միջոցառումների կազմակերպման համար։
Շնորհակալություն հայտնելով ԿՀԶ ՀԿ ներկայացուցիչներին իրենց համայնքում իրականացրած սոցիալական ծրագրերի ու համագործակցված աշխատանքի համար, պրն․ Մովսիսյանը հույս հայտնեց, որ այն շարունակական է լինելու և համայնքի անունից շնորհակալագիր հանձնեց կազմակերպությանը։