Բիզնես դասընթացներ գյուղաբնակների համար

Ընթացքի մեջ է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի Զարգացման Հաստատության (EFSE DF – European Fund for Southeast Europe Development Facility) համատեղ ծրագրի 2-րդ փուլը, որի շրջանակներում հոկտեմբերի 5-9 «Ինչպես սկսել սեփական բիզնես Հայաստանում. Բիզնես պլանի կազմում» թեմայով դասընթացներ անցկացվեցին ԿՀԶ ՀԿ շահառու համայնքների թվով 9 ներկայացուցիչների համար։ Մասնակիցներն ընտրվել էին նախապես լրացրած դիմում-հայտերի հիման վրա, որի ժամանակ հաշվի էր առնվել իրենց հետաքրքրվածությունն ու նախնական բիզնես գաղափար ունենալու հանգամանքը։
5-օրյա դասընթացները ներառում էին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են կարիքների ուսումնասիրում և գնահատում, բիզնես գաղափարի ընտրություն, արդյունավետ կառավարում, բիզնես պլանի կազմում, բրենդավորմում, մարքեթինգի և վաճառքի հմտություններ և այլն։ Դասընթացը վարում էր ԿՀԶ ՀԿ ծրագրի օգնական, բիզնես զարգացման մասնագետ Անահիտ Հակոբյանը։

Տեսական գիտելիքներից զատ, մասնակիցներն հնարավորություն ունեցան նաև այցելելու և տեղում ծանոթանալու Գյումրիում ու Շիրակի մարզի գյուղական համայնքներում գործող սոցիալական ձեռներեցության և սեփական բիզնեսի մի քանի հաջողված օրինակների, որոնք առավել առարկայական և գործնական դարձրեցին մասնակիցների ձեռք բերած գիտելիքները։ Ձեռներեցները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով, թե ինչպես են սկսել իրենց սեփական բիզնեսը, ովքեր են աջակցել, ինչ դժվարություններ ու խոչըդոտներ են հաղթահարել, որոնք էլ լրացուցիչ խթան հանդիսացան մասնակիցների համար՝ սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչելու համար։
Մասնակիցների համար հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են մատուցվում ու ներկայացվում իրենց ծանոթ գյուղական սննդամթերքն ու ճաշատեսակները, ինչը նրանց օգնեց նորովի բացահայտել հայկական ավանդական խոհանոցը․ «Մեր այցելած բոլոր վայրերում մենք համտեսեցինք մեզ ծանոթ գյուղական ճաշատեսակներ ու սննդամթերքներ, որոնք բոլորիս տներում մշտապես կա, բայց հետաքրքիրն այն է, որ երբ մենք հյուրեր ենք ունենում, խառնվում ենք իրար, թե ինչ հյուրասիրենք։ Մենք չէինք էլ մտածում, որ այդ նույն շերտած կարտոֆիլը, արիշտան, չեչիլ պանիրը կամ թթվի տեսականին կարելի է ընդամենը գեղեցիկ ձևով ներկայացնել ու հրամցնել հյուրին», – ասաց Անուշավան համայնքի մասնակից Մարիամ Սաքոյանը։

«Այս այցելություններից հետո ես հասկացա, որ մենք ոչ միայն ճիշտ չենք կարողանում ներկայացնել մեր գյուղական էկոլոգիապես մաքուր սնունդը, այլ նաև ինքներս չենք գնահատում այն», – ավելացրեց Լուսինե Ավետիսյանը Լեռնաերտ համայնքից։

Դասընթացի և հետագա խորհրդատվությունների արդյունքում մասնակիցները կկազմեն սեփական բիզնես պլանները, որոնցից առավել հետաքրքիր և իրատեսական գաղափարները կֆինանսավորվեն։

Լուսանկարներ