Նորաբաց Արվեստի դպրոց Անուշավան համայնքում

25.02.2019

Շիրակի մարզի Անուշավանի դպրոցականների համար այսօր իր դռները բացեց համայնքի Արվեստի դպրոցը։ Մարտի 1-ից նորաբաց դպրոցում կգործեն նկարչության և պարի խմբակները, որտեղ կկարողանան հաճախել համայնքի 7-15 տարեկան դպրոցահասակներ։ Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով գյուղի մշակույթի տան մասնաշենքի մի հատվածը երկրաշարժից հետո մնացել էր անմխիթար վիճակում։ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և Անուշավանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումների միջոցով ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են մշակույթի տան 2 մեծ սրահներ, որոնք կծառայեն որպես նկարչական և պարարվեստի խմբակներ։ Մոտ 3 ամիս տևած շինարարական աշխատանքներն իրականացվել են համայնքի կամավորական խմբի անդամների ուժերով։
Մինչև դասերի մեկնարկը կավարտվեն նաև սանհանգույցի վերանորոգման աշխատանքները և դպրոցն ապահովված կլինի անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմաններով և մշտական ջրով։

Արվեստի դպրոցի կարմիր ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց համայնքի ղեկավար Երվանդ Հակոբյանին և ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանին, որից հետո հյուրերն ու համայնքի անդամները հնարավորություն ունեցան շրջելու և  ծանոթանալու նորաբաց դպրոցին։ Ողջունելով ներկաներին, Ե․ Հակոբյանը իր և բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց ԿՀԶ ՀԿ-ին՝ համայնքի երիտասարդական ակտիվ խմբի անդամների գաղափարին աջակցելու և այն կյանքի կոչելու համար, նշելով, որ սա դեռ սկիզբն է և միայն այսքանով չեն սահմանափակվելու։ Նախատեսվում է նաև քանդակագործության և այլ խմբակների բացում ևս, ինչը կնպաստի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և համայնքի մշակութային կյանքի աշխուժացմանը։
ԿՀԶ ՀԿ նախագահ Գոհար Մարկոսյանը նույնպես շնորհավորեց համայնքի բնակիչներին Արվեստի դպրոցի բացման առթիվ և իր հերթին շնորհակալություն հայտնեց համայնքապետին իր աջակցության համար՝ վստահեցնելով, որ Անուշավանի հետ համագործակցությունը շարունակական կլինի, քանզի համայնքում տեսնում է մշակութային փոփոխություն՝ փոփոխություն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր այս ծրագրերն ընդունում են իրենց սեփականը, սրտացավորեն մոտենում դրանցից յուրաքանչյուրին։

Հավաքվածներին ողջունեց և ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների մասին առավել մանրամասն ներկայացրեց Անուշավանի երիտասարդական խմբի ակտիվիստ, ծրագրի նախաձեռնող Մանե Վարդանյանը։
Դպրոցի բացումը որոշ չափով կլուծի նաև համայնքում նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը։  Ե․ Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել նաև ապահովել նկարչական խմբակի ուսուցչի աշխատավարձը, որը կլինի համայնքապետարանի ներդրումը։

Ներկաների համար գեղեցիկ ֆուրշետ և հյուրասիրություն էր կազմակերպվել Մանե Վարդանյանի ևկամավոր Գոհար  Դավթյանի նախաձեռնությամբ, ովքեր ջանք ու եռանդ չէին խնայել օրը տոնական ու անմոռանալի դարձնելու հյուրերի ու համայնքի բնակիչների համար։