«Ցողամարգի փոքրիկների գունավոր աշխարհը»

Երգ, պար, փոքրիկների վառ ժպիտներ ու տոնական բարձր տրամադրություն։ Ցողամարգի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը վաղ առավոտից այստեղ էր հավաքել համայնքի բնակիչներին։ Դեռևս նախորդ տարի «Կանայք հանուն զարգացման» ՀԿ և «Փարոս» հիմնադրամի համագործակցության արդյունքում Ցողամարգում տեղադրվեցին սահարան և ճոճանակներ, սակայն սարքավորումները բավարար չէին համայնքի փոքրիկների համար, իսկ խաղահրապարակն էլ բարեկարգելու անհրաժեշտություն ուներ։ Ցողամարգի երիտասարդական ակտիվ խմբի նախաձեռնությամբ գրված «Գունավորենք մեր փոքրիկների աշխարհը» ծրագիրն այսօր իրականություն դարձավ ԿՀԶ ՀԿ և Սարապատի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև համայնքում կազմակերպված դրամահավաքի շնորհիվ։  Ծրագրի շրջանակներում  համայնքի բնակիչների ուժերով պարսպապատվել և բարեկարգվել է խաղահրապարակի տարածքը, տեղադրվել են նոր խաղեր, իսկ հին տաղավարն ամբողջովին վերանորոգվել ու նոր շունչ է ստացել համայնքի երիտասարդների շնորհիվ։ Տաղավարի պատերից երեխաներին են ժպտում և ուրախ տրամադրություն փոխանցում փոքրիկների սիրած մուլտհերոսները։

Շնորհակալություն հայտնելով գյուղում իրականացված ևս մեկ ծրագրի համար, Ցողամարգի վարչական ներկայացուցիչ Գնել Բարսեղյանը նշեց. ««Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Ֆինանսական ներդրումներից բացի մեծ դեր է ունեցել համայնքում՝  մեզ սովորեցնելով այլ կերպ աշխատել, սովորեցնելով ինքնուրույն գործել ու ավելի սրտացավորեն վերաբերվել համայնքին։ Երբ 2 տարի առաջ որոշեցին գյուղում իրականացնել առաջին դրամահավաքը, բոլորս էլ մի փոքր թերահավատ էինք, սակայն շատ ուրախ եմ, որ Համայնքային կենտրոնի պատասխանատուների շնորհիվ կոտրեցինք այդ կարծրատիպը, ձեռք բերեցինք վստահություն և այսօր մեր երիտասարդները կարողացան ավելի մեծ թվով բնակիչների ներգրավել դրամահավաքին։ Ես շատ ուրախ եմ մեր համայնքի համար, այս փոքրիկների համար և ցանկանում եմ, որպեսզի մեր համայնքում ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղից ոչ մի երիտասարդ չուզենա գնալ։ Մենք մեր ուժերով պետք է զարգացնենք ու շենացնենք մեր գյուղը»։

Միջոցառման մասնակիցներն իրենց երախտիքի խոսքն հայտնեցին երիտասարդներին նման հրաշալի գաղափարի համար, ինչպես նաև համայնքի բոլոր բնակիչներին, ովքեր անշահախնդիր կերպով մասնակցել են խաղահրապարակի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներին։

Փոքրիկներին հաճելի անակնկալ էին մատուցել նաև Թորոսգյուղ համայնքի երիտասարդները՝ երեխաներին ներկայանալով իրենց սիրելի մուլտհերոսների կերպարներով։

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.2010068889067538.1073742041.158335984240847&type=1″]