Խաղաղաշինության բնագավառում ձեռք բերած իրենց նոր գիտելիքներով ու փորձով գործընկերների հետ կիսվեցին ԿՀԶ ՀԿ աշխատակիցներ Անի Սիմոնյանն ու Արփինե Նիկոլյանը։ Վերջիններս հունիսի 5-27 -ը ԱՄՆ-ում մասնակցել են «Կոնֆլիկտների փոխակերպում մշակութային բազմազանության միջոցով (CONTACT)» խաղաղաշինության ամառային ծրագրին։ 3-շաբաթյա ինտենսիվ դասընթացները կազմակերպվել էին Վերմոնտ նահանգի Բրաթելբորոյի Միջազգային ուսուցման դպրոցի կողմից (SIT Graduate Institute)։
Դասընթացի հիմնական թեմաներն են եղել կոնֆլիկտ, բռնություն և խաղաղություն հասկացությունները, կոնֆլիկտների վերլուծության և խաղաղաշինության գործնական կիրառության հմտությունները, ազգային ինքնություն և կոնֆլիկտ, երկխոսություն, հաշտեցում և այլ թեմաներ, որոնք ուսուցանվել են Միջազգային ուսուցման դպրոցի փորձառու և բանիմաց դասախոսների կողմից։
Դասընթացին մասնակցել են 30 ուսանողներ 15 երկրներից։
Անին և Արփինեն եղել են նաև Բոստոնի «Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցություն»-ում (NAASR), տեղում ծանոթացել ընկերացկության հայրենանվեր գործունեությանը, որը հիմնականում առնչվում է Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ գրականությունը և հոդվածները տարբեր լեզուներով թարգմանելուն և ողջ աշխարհին հասանելի դարձնելուն: Նրանք սիրով ԿՀԶ ՀԿ-ին են նվիրել ճանաչված արևմտահայ գրող-ակտիվիստ Զաբել Եսայանի հատորյակներից, որոնք անգլերեն լեզվով թարգմանվել են բոստոնաբնակ Ջուդիթ Սարյանի և մի խումբ կանանց նախաձեռնությամբ և հրատարակվել Հայ կանանց միջազգային ընկերակցության (AIWA) կողմից: Նախաձեռնության նպատակն է հանրայնացնել արևմտահայ կին գրողների գործերը ոչ միայն հայ, այլև այլազգի ընթերցողների շրջանում:
Անի Սիմոնյանի և Արփինե Նիկոլյանի մասնակցությունը դասընթացին հնարավոր եղավ ԱՄՆ Միջազգային ուսուցման դպրոցի, Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) և Կանայք հանուն զարգացման ՀԿ կողմից տրամադրած կրթաթոշակների շնորհիվ:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1559026877505077.1073741935.158335984240847&type=1″]