Գյումրու «Ստիլ» պատկերասրահում կայացավ «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով նկարչական մրցույթի ընտրության առաջին փուլը: Հանձնաժողովի կազմում էին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս, նկարիչ Սարգիս Հովհաննիսյանը, ԵԽՀ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի ծրագրի պատասխանատու Ծովինար Ղազարյանը, ինչպես նաև «Կանայք հանուն զարգացման» ՀԿ աշխատակիցներ։
«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի, ԵՀԽ Հայաստանյան կլոր սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ հայտարարած «Ես խաղաղության սերմնացան եմ» խորագրով ամենամյա մրցույթը նպատակ ունի նկարչական ստեղծագործությունների միջոցով հայ դպրոցականների խաղաղության ուղերձը հղել մեր հարևան երկրներին ու ողջ մարդկությանը՝ մեկ անգամ ևս ընդգծելով պատերազմների դադարեցման ու խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Մրցույթին էին ներկայացվել 609 նկարներ՝ Հայաստանի բոլոր մարզերից, որոնց ընտրությունը բավականին դժվար էր հանձնաժողովականների համար, քանզի բոլոր նկարներն էլ շատ ինքնատիպ էին ու խոսուն: 7-16 տարեկան երեխաներն ու պատանիները գույների լեզվով փորձել էին արտահայտել խաղաղության, մարդասիրության ու հանդուրժողականության մասին իրենց մտորումներն ու պատկերացումները: Հատկանշական է, որ այս տարի նկարներում գերակշռող էին հայրենիքը պաշտպանող, ծառայությունից ուրախ տուն վերադարձող կամ իրենց երեխաներին ամուր գրկած զինվորների նկարները, որոնցում զգացվում էր ապրիլյան քառօրյայի ազդեցությունը երեխաների վրա: Մասնակիցներն իրենց նկարների միջոցով բարձրացրել էին մարդկության համար գերագույն արժեք հանդիսացող խաղաղության ու անվտանգության անհրաժեշտության գաղափարը, որը ցայտուն կերպով արտահայտված էր յուրաքանչյուրի նկարում:
Ներկայացված աշխատանքներից երկրորդ փուլ անցան 112 նկարներ: Առջևում ևս մեկ դժվարին ու պատասխանատու փուլ է սպասվում հանձնաժողովի անդամներին: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն հուլիսի 13-ին:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1535502889857476.1073741935.158335984240847&type=1″]