միջազգային 2-րդ գիտաժողով
1-2 դեկտեմբերի, 2017թ. Գյումրի, Հայաստան
«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը, որն ունի ավելի քան 15 տարվա փորձառություն Հայաստանում խաղաղաշինության հաստատման բնագավառում, հայտարարում է «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով միջազգային 2-րդ գիտաժողովը, որը տեղի կունենա 2017թ. դեկտեմբերի 1-2-ը Հայաստանում՝ Գյումրի քաղաքում: Գիտաժողովի հիմնական նպատակն է միջազգային հանրության ուշադրությունն ուղղորդել խաղաղությանն ուղղված հիմնախնդիրներին՝ որպես լուծման հնարավոր տարբերակ ներկայացնելով խաղաղության մշակույթ կրող նոր սերնդի դաստիարակության անհրաժեշտությունը տարածաշրջանի բոլոր երկրներում և ամբողջ աշխարհում: Աշխատանքային 2 բուռն օրերի ընթացքում մասնակիցները քննարկելու են հետևյալ հիմնական թեմաները.
- խաղաղության կրթություն դպրոցներում և ԲՈՒՀ-երում,
- կոնֆլիկտների կառավարում համայնքներում,
- գենդերի դերը կոնֆլիկտների կառավարման և լուծման գործում,
- երիտասարդութուն և խաղաղաշինություն,
- բռնի ծայրահեղականության կանխարգելում խաղաղության կրթության միջոցով,
- համաշխարհային քաղաքացիություն,
- համագործակցություն հանուն խաղաղաշինության,
- միջսահմանային կոնֆլիկտների կանխարգելում խաղաղության կրթության միջոցով:
Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ խաղաղության կրթության «հայաստանյան մոդելին», ինչպես նաև ներկայացնել խաղաղության կրթության ոլորտում ունեցած իրենց սեփական փորձն ու ձեռքբերումները: Գիտաժողովի ընթացքում կազմակերպվող դասընթացները թույլ կտան աշխարհի տարբեր մասերից ժամանած ուսանողներին, հետազոտողներին և ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները խաղաղության կրթության ոլորտում, կիսվել գիտելիքներով, լավագույն փորձով, կրթական ծրագրերով, գնահատման գործիքներով: Միջոցառումը հնարավորություն կտա մասնակիցներին կապեր հաստատել և համագործակցել տարբեր երկրներում գործող կազմակերպությունների մասնագետների հետ: Կոնֆերանսի հատուկ հյուրերն են լինելու Զինված կոնֆլիկտների կանխարգելման համաշխարհային գործընկերության (GPPAC) Խաղաղության կրթություն աշխատանքային խմբի (PEWG) տարբեր երկրներից ժամանած անդամները: Վերջիններս կիսվելու են իրենց երկրներում և տարածաշրջաններում իրականացվող խաղաղության կրթության բնագավառում ունեցած հարուստ փորձով և քաղած դասերով: Խաղաղության կրթություն աշխատանքային խմբի աջակցությամբ 2017թ. դեկտեմբերի 3-ին՝ կոնֆերանսի հաջորդ օրը, Գյումրիում անցկացվելու է կարողությունների հզորացման դասընթաց ավագ դպրոցների և ԲՈՒՀ-երի դասախոսների ու վարչական աշխատողների համար, ովքեր վերապատրաստում են նոր ուսուցիչներ, ինչպես նաև պետական այն կառույցների համար, որոնք զբաղվում են ուսուցիչների կրթությանն առնչվող քաղաքականությունների մշակմամբ: Կոնֆերանսին մասնակցելու և Ձեր զեկույցները ներկայացնելու համար խնդրում ենք լրացնել կից հայտը, որը կարող եք ներբեռնել նաև ԿՀԶ ՀԿ կայքէջի միջոցառումներ բաժնի՝ գիտաժողով ենթաբաժնից՝ www.wfd.am: Կոնֆերանսի աշխատանքային լեզուն հայերենն է՝ անգլերենի համաժամանակյա թարգմանությամբ: Գիտաժողովի նախապատմություն Սա «Կանայք հանուն զարգացման» ՀԿ նախաձեռնությամբ կազմակերպվող «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» խորագրով երկրորդ գիտաժողովն է: Առաջին գիտաժողովը, որը կայացավ 2007թ. դեկտեմբերին, նպատակ ուներ ներկայացնել Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության մշակույթ տարածելու ԿՀԶ հասարակական կազմակերպության, վերջինիս գործընկեր կազմակերպությունների և համագործակցող դպրոցների փորձն ու ձեռքբերումները: Կոնֆերանսի ընթացքում շեշտվեց խաղաղության մշակույթ ձևավորելու և խաղաղաշինություն հաստատելու կարևորությունը: Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան ուղերձով՝ միանալու 1999թ. Հաագայում կայացած «Կոչ հանուն խաղաղության» կոնֆերանսի գլխավոր նպատակների իրագործմանը Հայաստանում, այն է՝ խաղաղության կրթության գաղափարը կրթական բոլոր մակարդակներում ֆորմալ և ոչ-ֆորմալ կրթության միջոցով տարածելու, ինչպես նաև խթանելու ուսուցիչների վերապատրաստումը խաղաղություն ուսուցանելու գործում: Շուրջ 10 տարի է անցել այդ գիտաժողովից, և «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն արձանագրել է էական արդյունքներ խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման բնագավառում: Կրթության ազգային ինստիտուտի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում խաղաղության կրթությունն ուսուցանվել է Հայաստանի ավելի քան 850 դպրոցներում: Նախորդ 15 տարիների ընթացքում ավելի քան 70,000 դպրոցականներ ձեռք են բերել եւ իրենց առօրյա կյանքում կիրառել կոնֆլիկտների կառավարման հմտությունները՝ զգալիորեն նվազեցնելով բռնի ելքով կոնֆլիկտների թիվը դպրոցներում: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կարևորագույն ձեռքբերումն է «Խաղաղության և կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթության» ինստիտուցիոնալացումը Հայաստանի դպրոցներում: 2015թ. օգոստոս ամսին ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտը պաշտոնապես ներառեց խաղաղության և կոնֆլիկտների կառավարման դասավանդումը դասղեկական ժամերին ուսուցանվող թեմաների շարքում: Միջնակարգ դպրոցների ՄԿԱ գծով փոխտնօրեններին ուղղված նամակում շեշտված է, որ կոնֆլիկտների կառավարման ուսուցումը նպատակ ունի նվազեցնել բռնությունները և ձևավորել խաղաղ միջավայր դպրոցներում: ԿՀԶ ՀԿ փորձը բարձր է գնահատվել խաղաղության կրթության բնագավառում աշխատող մի շարք միջազգային կազմակերպությունների և ցանցերի կողմից: Հաշվի առնելով ուսուցիչների, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկներում գործող հասարակական կազմակերպությունների մեծ հետաքրքրվածությունը խաղաղության կրթության «հայաստանյան մոդելի» նկատմամբ՝ ԿՀԶ ՀԿ-ը 2017թ. դեկտեմբերին կազմակերպում է «Խաղաղության կրթություն հանուն խաղաղաշինության» միջազգային երկրորդ գիտաժողովը: Գիտաժողովի հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապվել միջոցառման համակարգող Գոհար Մարկոսյանին հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ peace.conference2017@wfd.am կամ goharmark@gmail.com Գիտաժողովին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել առցանց մասնակցության հայտը եւ այնուհետ ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեներով Մասնակցության հայտ