Արփենիում իրականացված «Մեր համայնքը մեր տունն է» ծրագրի հաջողությունների, ձեռքբերումների ու դրական արդյունքների մասին ԿՀԶ ՀԿ-ն բազմիցս է ներկայացրել ոչ միայն շահառու համայնքներում, այլ տարբեր հանդիպումների, դասընթացների ու միջոցառումների ժամանակ: Շիրակի մարզի այս փոքրիկ գյուղի (ընդամենը 70 ընտանիք) մի խումբ ակտիվ կանանց կողմից նախաձեռնած ծրագիրը դարձավ համայնքի անդամների համախմբման ու համագործակցության հրաշալի օրինակ:
Արփենիի հաջողության պատմությունը օրինակ հանդիսացավ նաեվ Թորոսգյուղ համայնքի համար: Ինչպես Արփենին, այնպես էլ Թորոսգյուղն ունի վերանորոգված Մշակույթի տուն՝ իր հանդիսությունների մեծ ու լուսավոր սրահով: Սակայն կահավորված չլինելու պատճառով այն չէր օգտագործվում: Հաճախ մեծ միջոցառումների ժամանակ բնակիչները ստիպված էին լինում հարեվան համայնքներից վարձույթով սեղան, աթոռներ, ինչպես նաեվ սպասք վերցնել:
Բոլորովին վերջերս Թորոսգյուղի համայնքապետ Արմեն Սարգսյանը համայնքապետարանի միջոցներով 16 սեղան եվ 32 նստարան ձեռք բերեց համայնքի հանդիսությունների սրահի համար, որից ոգեվորված գյուղի Համայնքային կենտրոնի պատասխանատու Մարիամ Ղուկասյանն ու կենտրոնի ակտիվիստ կանայք որոշեցին հետեվել Արփենիի օրինակին եվ գյուղում կազմակերպել դրամահավաք՝ մոտ 200 հոգու համար նախատեսված սպասք եվ անհրաժեշտ այլ պարագաներ ձեռք բերելու նպատակով: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն նույնպես խոստացավ աջակցել ծրագրին:
Փորձի փոխանակման եվ խորհրդատվության նպատակով ԿՀԶ ՀԿ նախաձեռնությամբ Թորոսգյուղի մի խումբ կանայք այսօր եղան Արփենիում: Նրանք այցելեցին գյուղի հանդիսությունների սրահ, որտեղ Համայնքային կենտրոնի պատասխանատու Արմենուհի Մուրադյանն ու մի քանի կամավոր կանայք մանրամասն ներկայացրեցին թե ինչպես առաջացավ նման ծրագիր իրականացնելու գաղափարը, ինչպես ստեղծվեց կամավոր կանանց խումբը, ինչպես իրականացրեցին դրամահավաքն ու ինչ սկզբունքով է այն մինչեվ այժմ գործում: Խոսվեց նաեվ ծրագրի ընթացքում առաջացած դժվարությունների ու խոչընդոտների, ինչպես նաեվ դրանց հաղթահարման հնարավոր ուղիների մասին:
Նշենք, որ Արփենիի բնակչները տարբեր միջոցառումների համար սրահը և սպասքը օգտագործում են վարձակալական հիմունքներով, իսկ հավաքված գումարը օգտագործվում է սրահին անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու նպատակով: Վերջինս համայնքային խմբի ինքնակառավարման հաջողված օրինակ է:
Թորոսգյուղի կամավորների խոսքերով այս այցելությունն իսկապես շատ արժեքավոր էր, քանի որ գրեթե բոլոր համայնքներն իրար նման են թե՛ իրենց հոգսերով ու խնդիրներով, եվ թե բնակիչների մտածելակերպով: Այդ առումով Արփենիի արդեն իսկ ունեցած փորձի փոխանցումը շատ հարցերի պատասխաններ տվեց իրենց:
Արփենիի նախաձեռնող խմբի կանայք, ովքեր շատ շուտով գյուղում կստեղծեն նաեվ հիմնադրամ, պատրաստակամ են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել գյուղական համայնքների զարգացման ու համախմբման ծրագրերով զբաղվող հասարակական կազմակերպություններին ու համայնքային խմբերին:
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1180351338705968.1073741971.158335984240847&type=3″]