Հանրային իրազեկման հանդիպում Թորոսգյուղում

«Շիրակի մարզի համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում՝ հանուն կանաչ ապագայի» ծրագրի շրջանակներում Թորոսգյուղ համայնքում կայացավ հանրային իրազեկման առաջին հանդիպումը: Ծրագրի ղեկավար Հրաչյա Հովհաննսիյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակները, գործողություններն ու ակնկալվող արդյունքները: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցային տնտեսությունների հիմնումը նորույթ է համայնքի բնակիչների համար, այդ իսկ պատճառով ծրագրի փորձագետ Գեվորգ Պետրոսյանը մանրամասն կանգ առավ ջերմոցների արդյունավետության ու դրանց հիման վրա հետագայում այլ ծրագրերի ու ներդրումների իրականացմանը: Հատկապես Աշոցքի ենթաշրջանում, որտեղ կարկուտը, ցրտահարություններն ու բնակլիմայական պայմաններն առավել անբարենպաստ են գյուղացու համար, նմանատիպ ջերմոցային տնտեսությունների զարգացումը եվ նոր ագրոտեխնոլոգիաների կիրառությունը բավականին եկամտաբեր են: Որպես հաջողված օրինակ Գ. Պետրոսյանը ներկայացրեց Շիրակի մարզի Բասեն համայնքում իրականացված ծրագիրը եվ այն, թե ինչպես արեվային ջրատաքացուցիչներն ու ջերմատունը վերափոխեցին կյանքը Բասենում:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրվածությունն ու ոգեվարվածությունը մեծ էր համայնքի բնակիչների մոտ, ովքեր հանդիպման ավարտին փորձագետին ուղղեցին ծրագրին առնչվող մի շարք հարցեր եվ ստացան մասնագիտական սպառիչ պատասխաններ:

Ծրագրի շրջանակներում հաջորդ հանդիպումը տեղի կունենա մյուս շաբաթ, որի ընթացքում նախատեսվում է համայնքի շահագրգիռ անդամների հետ ձեվավորել գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ֆերմերային նախաձեռնող խումբ, սկսել ջերմոցի համար նախատեսված տարածքի պարսպապատման ու հիմքի փորման աշխատանքները:

 

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.1033396080068162.1073741961.158335984240847&type=3″]