«Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի մոնիտորինգ Գյումրու դպրոցներում

«Կոնֆլիկտների կառավարման կրթություն» ծրագրի մոնիտորինգի եվ գնահատման նպատակով ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի պատասխանատու Սուսաննա  Ղազարյանն այցելեց Գյումրու մի շարք դպրոցներ, որոնք  դեռեվս 2005թվականից ընդգրկված են եղել կազմակերպության կողմից իրականացվող «Խաղաղության եվ կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն» ծրագրում:

Այս տարիների ընթացքում շատ դպրոցներում բնականաբար տեղի են ունեցել փոփոխություններ թե՛ տնօրենների ու փոխտնօրենների եվ թե դասղեկների շրջանում, ովքեր աշխատել  եվ համագործակցել են ԿՀԶ ՀԿ հետ: Սակայն շատ ուրախալի էր տեսնել, որ անկախ փոփոխություններից, բոլոր դպրոցներում մինչեվ այսօր պահպանվել են եվ դասղեկների կողմից պարտաճանաչորեն կիրառվում են ԿՀԶ ՀԿ կողմից տրամադրված մեթոդական ձեռնարկներն ու պաստառները: Տնօրենների ու փոխտնօրենների հավաստմամբ, այս թեմաներն այսօր էլ խիստ արդիական են, դրանց դասավանդման անհրաժեշտությունը չի պակասել եվ իրենք դասղեկական ժամերին շատ հաճախ են անդրադառնում կոնֆլիկտների խաղաղ կառավարման հմտություններին: Ինչպես նշեց թիվ 9 դպրոցի տնօրեն Ա. Մովսիսյանը. «Այդ ձեռնարկներով արդեն մի քանի սերունդներ են կրթվել, յուրացրել դասընթացները եվ ես համոզված եմ, որ այս դասերն անպայման իրենց ազդեցությունը թողել են երեխաների վրա»:

Թիվ 20 դպրոցի ուսուցչուհի, «Խաղաղության ուսուցման կենտրոնի» նախկին պատասխանատու Աննա Հարությունյանն էլ իր խոսքում անչափ կարեվորեց Կոնֆլիկտների կառավարման կրթության դասավանդումը դպրոցում. «Չնայած, այսօր դպրոցում Խաղաղության ուսուցման կենտրոնն այլեվս չի գործում, սակայն ես իմ դասղեկական հանդիպման ժամերին շատ հաճախ եմ անդրադառնում մեր թեմաներին, քանի որ դրա անհրաժեշտությունն անընդհատ զգում եմ: Նույնը կարող եմ ասել մեր դպրոցի մյուս ուսուցիչների համար, ովքեր պարբերաբար դասեր են անցկացնում իրենց դասարաններում: Այս թեմաները փորձարկվել են նույնիսկ տարրական օղակում եվ տվել են իրենց դրական արդյունքը: Կարող եմ նույնիսկ օրինակ բերել, երբ բոլորովին վերջերս իմ դասղեկական դասարանում աշակերտական խորհրդի նախագահի ընտրության պատճառով լարվածություն առաջացավ երկու մտերիմ ընկերուհիների միջեվ, սակայն շնորհիվ այս բնագավառում ունեցած իմ փորձի, կարողացանք հարթել կոնֆլիկտը»: Ա. Հարությունյանի խոսքերով, լավ կլիներ եթե դպրոցում էլի գործեր «Խաղաղության ուսուցման կենտրոնը», որտեղ կոնֆլիկտները լուծեին ոչ թե ուսուցիչները, այլ արդեն վերապատրաստված աշակերտները, քանի որ այս դեպքում աշակերտներն ավելի շատ են վստահում իրենց հասակակիցներին, հետեվաբար արդյունքն էլ առավել ակնհայտ կլիներ:

Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը նույնպես գտնում է, որ այս դասընթացներն արդյունավետ էին եվ իրենք մինչեվ հիմա էլ պարբերաբար անդրադառնում են այդ թեմաներին. «Դասագիրքը, ներառված նյութերն այնպիսին են, որ հետաքրքիր են թե՛ ուսուցիչների եվ թե աշակերտների համար: Դասղեկներն այսօր էլ սիրով են պարապում եվ ոչ թե պարտադրանքից ելնելով, իսկ դա նշանակում է, որ ձեռնարկն հաջողված է: Բոլորս շատ կարեվորում ենք խաղաղության կրթությունը, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ կոնֆլիկտներն առավել շատ են ու ակնառու»:
Նշենք, որ Գյումրու թիվ 7 դպրոցում մինչեվ այսօր էլ պահպանվում է «Խաղաղության ուսուցման կենտրոնի» դասասենյակի վրա փակցված խորհրդանշանը:

Հարցված 15 դպրոցներից գրեթե բոլորի տնօրեններն ու ՄԿԱԳ փոխտնօրենները հավաստիացրեցին, որ «Կոնֆլիկտների կառավարման կրթություն դպրոցներում» մեթոդական ձեռնարկն ու պաստառները մշտապես դասղեկների ձեռքի տակ են, քանզի մեր կյանքում կոնֆլիկտներն անխուսափելի են եվ բոլորիս պետք է յուրացնել այն հմտությունները, որոնք կօգնեն ոչ թե ավելի սրել իրավիճակը, այլ ստեղծված կոնֆլիկտները լուծել խաղաղ, կառուցողական եղանակով եվ դրանից դասեր քաղել:

Բոլոր դպրոցներին բաժանվեցին ԿՀԶ ՀԿ կողմից տպագրված «Ապրենք խաղաղ մեր հարեվանների հետ» խորագրով մրցույթի օրացույցներ:

[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.994346770639760.1073741955.158335984240847&type=3″]