Գյումրու Հայորդյաց տունն այսօր նշեց իր հիմնադրման մեկ ամյակը։ Հրաշալի ու ինքնատիպ համարներով հանդես եկան երգչախմբի, պարի, ասմունքի և մյուս խմբակների սաները, որոնք նաև յուրատեսակ հաշվետվություն էին այս մեկ տարում Հայորդյաց տան գործունեության վերաբերյալ։
Միջոցառմանը ներկա էին Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ծնողներ և այլ հրավիրյալներ։
Հաստատության ցուցասրահում նկարչության և քանդակի խմբակների սաների կողմից պատրաստված դիմանկարների ցուցադրության կողքին այսօր ներկայացվեց նաև «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով ցուցահանդեսը։ ԿՀԶ ՀԿ նախագահ Գ․Մարկոսյանն իր խոսքում շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Հայորդյաց տան տնօրեն Ա․Եդիգարյանին՝ ակտիվ համագործակցության համար, նշելով․ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունն՝ ուղղված Գյումրու մատաղ սերնդի կրթությանն ու գեղագիտական դաստիարակությանը: Չնայած Հայորդյաց տան գործունեության այս կարճ ժամանակահատվածին, հաստատությունը կարողացել է ձեռք բերել բոլորիս վստահությունն ու համակրանքը, հասցրել դառնալ մեր երեխաների կրթադաստիարակչական աշխատանքը համալրող կարևորագույն օջախներից մեկը Գյումրիում:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայորդյաց տան մեկ ամյակը, Ձեզ և հաստատության ողջ աշխատակազմին մաղթում ենք անսպառ եռանդ, բազում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ՝ ձեր ազգանպաստ գործում և թող բազում հոբելյանական տարեդարձներ տոնեք այս գեղեցիկ ու լուսավոր հարկի տակ»։ Գ․Մարկոսյանը ներկաներին բաժանեց «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» նկարչական մրցույթի հաղթող, Հայորդյաց տան սան Տիգրան Աբաջյանի աշխատանքի հիման վրա տպագրված բացիկն ու մրցույթի մյուս մասնակիցների աշխատանքներով տպագրված օրացույցը։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաև Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ե․ Վարոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ։ Հանդիսությունը եզրափակվեց սաների համատեղ շուրջպարով և տոնական հրավառությամբ։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.950632861677818.1073741945.158335984240847&type=3″]