«Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» ծրագրի մոնիտորինգի և գնահատման նպատակով Գյումրիում էին գտնվում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Ծովինար Ղազարյանն ու “HEKS EPER” Հարավային Կովկասի գրասենյակի ծրագրի պատասխանատու Բուբա Ծիրիկիձեն։
Նրանք նախ հանդիպում ունեցան ԿՀԶ ՀԿ գրասենյակում, որտեղ նրանց մանրամասն հաշվետվություն ներկայացվեց ծրագրի ողջ ընթացքի, ձեռք բերված արդյունքների ու արձագանքների մասին։ Բուբա Ծիրիկիձեն կարևորեց նաև ԿՀԶ ՀԿ կողմից տպագրված բացիկի և օրացույցի տարածումը գործընկերների, միջազգային տարբեր կազմակերպությունների ու դպրոցականների շրջանում, նշելով, որ դրանց առօրյա կիրառումը բոլորիս համար ևս մեկ միջոց կլինի խաղաղության մասին խորհելու և սեփական մտածողության մեջ խաղաղասիրության գաղափարն ամրապնդելու համար։
Այնուհետև նրանք այցելեցին Գյումրու Հայորդյաց տուն, որտեղ հանդիպեցին հաստատության տնօրեն Աստղիկ Եդիգարյանի, նկարչության և քանդակի դասարանի ուսուցիչների, ինչպես նաև մրցույթի մասնակից երեխաների ու նրանց ծնողների հետ։
Երեխաները հյուրերին ներկայացրեցին իրենց նկարներն ու թե ինչպես են իրենք պատկերացնում խաղաղությունը, ինչպիսի ելքեր են տեսնում հարևան երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Ծնողները նույնպես անչափ կարևորեցին խաղաղության գաղափարի տարածումը երեխաների շրջանում, նշելով, որ այսօր, առավել քան երբևէ, մարդիկ կարիք ունեն խաղաղության և նման ծրագրերը խիստ անհրաժեշտ են։ Բայց միևնույն ժամանակ նրանք առաջարկեցին նման մրցույթներում ընդգրկել նաև հարևան երկրների երեխաներին և հնարավորության դեպքում միասին նկարել, ստեղծագործել ու խորհել խաղաղության շուրջ։ Միայն բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում հնարավոր կլինի հասնել խաղաղության։
Ելնելով իրականացված ծրագրի արդյունքներից ու դրական արձագանքներից, թե՛ ծրագիրը գնահատողների և թե ծնողների ու երեխաների կողմից առաջարկ եղավ նմանատիպ մրցույթները դարձնել ամենամյա։
[fbalbum url=”https://web.facebook.com/media/set/?set=a.985060488235055.1073741954.158335984240847&type=3″]