Թորոսգյուղում տրամադրությունն այսօր տոնական էր: Մոտ 3 ամիս տևած պարսպապատման, բարեկարգման ու ծառատունկի աշխատանքներից հետո այսօր տեղի ունեցավ Համայնքային այգու բացման հանդիսավոր արարողությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Թորոսգյուղի դպրոցի նախկին տնօրեն Մյասնիկ Հակոբյանը, ով մանրամասն հաշվետվություն ներկայացրեց հավաքվածներին՝ կատարված աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնեց Թորոսգյուղի համայնքապետ Արմեն Սարգսյանին, ԿՀԶ ՀԿ-ին, «Հայաստանի ծառատունկ» ծրագրին ովքեր օգնեցին իրենց՝ իրականություն դարձնելու այգու գաղափարը:
ԿՀԶ ՀԿ նախագահ Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնելով նախաձեռնողներին ու աջակցողներին, նշեց, որ ծրագիրն իրականություն չէր դառնա, եթե չլիներ համայնքի համախմբվածությունն ու նվիրվածությունը, ովքեր նույնիսկ եղանակային վատ պայմաններին կամավոր մասնակցում էին այգու պարսպապատման, ծառատունկի աշխատանքներին: Գ. Մարկոսյանը շնորհակալագրեր հանձնեց համայնքապետ Ա. Սարգսյանին, դպրոցի ուսուցչական անձնակազմին և աշակերտներին, ովքեր դպրոցի տնօրեն Գ. Հակոբյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ ակտիվորեն ընդգրկված են եղել այգու հիմնման աշխատանքներին եւ իրենց անձնական օրինակով քաջալերել քաղաքացիներին՝ առավել ներգրավված լինելու սեփական համայնքի խնդիրներում:
Ժապավենը կտրելու պատիվը վերապահվեց համայնքապետ Ա. Սարգսյանին և դպրոցի տնօրեն Գ. Հակոբյանին, որից հետո ազգային երգ ու պարով շարունակվեց տոնական տրամադրությունը։ Հավաքվածների համար ելույթ ունեցան համայնքի պարի խմբակի սաներն ու դպրոցականները։ Այնտեղ էին նաև դպրոցի նկարչական խմբակի սաները, ովքեր կտավին էին հանձնում իրենց գյուղի գեղեցիկ բնությունն ու գյուղական կոլորիտը, իսկ համայնքի ամենափոքրիկները մանկական անհոգ ծիծաղով խաղում էին, թռչկոտում ու վայելում ուրախ մթնոլորտը։
Գ․ Հակոբյանի նախաձեռնությամբ այգին բաժանվել էր 12 հողակտորների, որոնց հետագա խնամքի պարտավորությունն ընկնում էր համայնքի բնակիչների վրա։ Հողակտորների բաշխումը համայնքի 72 ընտանիքների միջև տեղի ունեցավ վիճակահանության միջոցով։ Յուրաքանչյուր հողատարածք պարտավորվում են խնամել, բարեկարգել ու ձևավորել 6 ընտանիքներ, իսկ հաջորդ տարի նախատեսվում է անցկացնել մրցույթ՝ ամենալավ խնամված ծառի և ամենագեղեցիկ ձևավորման համար։ Նախատեսվում է նաև տեղադրել նստարաններ, աղբարկղեր, կառուցել քայլուղիներ և այլն։
Սույն գաղափարի ամենակարևոր բաղկացուցիչն հանդիսանում է այն, որ բնակիչներն իրենք են պատասխանատվություն կրում այգին մաքուր ու գեղեցիկ պահպանելու համար, ինչը նրանց կօգնի առավել սրտացավ վերաբերմունք դրսևորել այգու նկատմամբ, կխթանի կամավոր ներգրավվածությանը համայնքի խնդիրներում, ինչպես նաև կօգնի արժևորելու մաքուր ու կայուն շրջակա միջավայրի առկայությունը՝ պահպանելով այն գալիք սերունդների համար։
[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.868490416558730.1073741930.158335984240847&type=3″]