Հանդիպում Համայնքային Կենտրոնների պատասխանատուների հետ

Հերթական եռամսյա հաշվետու հանդիպումը տեղի ունեցավ ԿՀԶ ՀԿ գրասենյակում՝ Համայնքային կենտրոնների պատասխանատուների հետ: Ի թիվս համայնքներում իրականացված այլ միջոցառումների, պատասխանատուները մանրամասն հաշվետվություններ ներկայացրեցին սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
ԿՀԶ ՀԿ շահառու համայնքներում հայտարարված փոքր դրամաշնորհների մրցույթի առաջին փուլն արդեն ավարտված է: Ավարտված են նաեվ Լանջիկ, Թորոսգյուղ եվ Արփենի համայնքների առաջին փուլին ներկայացված սոցիալական ծրագրերը: Միայն Ցողամարգ համայնքում դեռեվս շարունակվում են հանդիսությունների տան վերանորոգման աշխատանքները: Ցողամարգի Համայնքային կենտրոնի պատասխանատու Արեվհատ Մկրտչյանի խոսքերով, համայնքում ոգեվորությունը մեծ է, բոլորն ինչ-որ ձեվով ներգրավված են վերանորոգման աշխատանքներում, սակայն աշխատանքների դանդաղումը պայմանավորված է այս տարի գյուղի տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնողների առավել մեծ թվով: Վերջինիս խոսքերով, եթե նախորդ տարիներին արտագնա աշխատանքի մեկնողների թիվը մոտ 40 էր, ապա այս տարի ավելի քան 70 տղամարդ դրսում է. «Արդեն շոշափելի փոփոխություն կա համայնքում՝ բարձրացել է համախմբվածությունը, վստահությունը կենտրոնի աշխատանքների նկատմամբ, կամավոր աշխատանքի գիտակցումը, որ ինքդ էլ պարտավոր ես ինչ-որ բան անել քո համայնքի համար եվ փոձել սեփական ուժերով լուծել առկա խնդիրները: Մեծ ձեռքբերում կարող եմ համարել նաեվ հանդիսությունների տան վերանորոգման համար կազմակերպված դրամահավաքը, որին մասնակցել է գրեթե ողջ գյուղը: Եղել են ընտանիքներ, որոնք սահմանված 3000 դրամից ավելի գումար են տվել: Հետաքրքիր է, որ նույնիսկ այդ գումարը պատրաստակամորեն տվել են այն ընտանիքները, որոնք մեծ դժվարությամբ են վճարում հողի հարկը: Ես սա համարում եմ մեր համայնքի համար մեծ ձեռքբերում ու համախմբում»,-նշեց Ա. Մկրտչյանը:

Լանջիկի, Թորոսգյուղի եվ Արփենիի Համայնքային կենտրոնների պատասխանատուները նույնպես նշեցին այն դրական փոփոխություններն ու ձեռքբերումները, որոնք իրենց հետ բերել են համայնքներում իրականացված սոցիալական ծրագրերը:
Պատասխանատուների խոսքերով, մարդիկ արդյունքներից ոգեվորված են, արդեն ունեն նոր ծրագրեր եվ սպասում են հաջորդ փուլի մեկնարկին: