«Կոնֆլիկտների կառավարում և հաղորդակցման հմտությունների զարգացում»

Մոտ 5 ամիս տեվողությամբ վարսահարդարման դասընթացներն ավարտված են: «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրի մասնակիցներն արդեն սկսել աշխատել իրենց համայնքներում և սպասարկել հաճախորդներին։ Սակայն բացի մասնագիտական գիտելիքներից, սպասարկման ոլորտում աշխատող յուրաքանչյուր անհատի համար շատ կարևոր է տիրապետել նաև որոշակի աշխատանքային հմտությունների և հաճախորդների հետ քաղաքակիրթ, բարյացկամ հաղորդակցվելու ունակությունների, քանզի ցանկացած կազմակերպության համար հաճախորդների սպասարկումը կարևորագույն օղակ է, իսկ սպասարկման մասնագետի պրոֆեսիոնալիզմն անգնահատելի է բիզնեսի հաջողության գործում։

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ գրասենյակում տեղի ունեցած «Կոնֆլիկտների կառավարում» թեմայով դասընթացը նպատակ ուներ մասնակիցներին տալու որոշակի գիտելիքներ հաղորդակցման հմտությունների վերաբերյալ։ Դասընթացը վարում էր ԿՀԶ ՀԿ կրթական բաժնի մասնագետ Սուսաննա Ղազարյանը, ով կոնֆլիկտների կառավարման մասին հմտություններն ու գիտելիքները տեղայնացրել էր հիմնականում սպասարկման ոլորտի պահանջներին ու յուրահատկություններին համապատասխան։

Դասընթացն ընդգրկում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են

  • Հաճախորդների հետ հաղորդակցման հմտություններ։
  • Կոնտակտ/շփում հաստատելու կարողություն։
  • Լսելու և հասկանալու կարողություն։
  • Կոնֆլիկտների խաղաղ լուծման հմտություններ և պատվիրաններ և այլն։

Վարսահարդարների բերած կոնկրետ օրինակների վրա դասընթացավարը բացատրեց, թե ինչպիսի հնարավոր լուծումներ կարելի է գտնել այս կամ այն կոնֆլիկտի լուծման համար, որից կշահի թե՛ հաճախորդը և թե սպասարկողը։

Մասնակիցները նույնպես կարևորեցին այս դասընթացը, նշելով, որ ձեռք բերած տեսական գիտելիքներն իրենք անպայման կօգտագօրծեն իրենց աշխատանքում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու, բազմաթիվ կարծիքների ու տեսակետների նկատմամբ հարգանք ունենալու և արդյունավետ հաղորդակցման մթնոլորտ ձևավորելու համար։

Դասընթացի ավարտին «Տնտեսական կայունություն մասնագիտացված կրթության միջոցով» ծրագրի պատասխանատու Բոբի Սելթզերը մասնակիցներին հանձնեց վարսահարդարման դասընթացի մասնակցության վկայականները։

[fbalbum url=”https://www.facebook.com/media/set/?set=a.848571021884003.1073741925.158335984240847&type=3&uploaded=13″ slider=”1″]