«Պարգևենք ժպիտ երեխաներին» ծրագիրն այլևս իրականություն է

«Պարգևենք ժպիտ երեխաներին» ծրագրի մեկնարկը տրվեց 2014թ․ նոյեմբերին։ Ամանորին ընդառաջ ԿՀԶ ՀԿ-ի և անհատ բարերարների ֆինանսական միջոցներով անակնկալ մատուցվեց Լանջիկի երեխաներին՝ նրանց համար պատվիրելով Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստներ, իսկ ահա 3 ամիս անց նրանց սպասում էր մեկ այլ անակնկալ՝ Լանջիկի փոքրիկներին հասան նաև իրենց սիրելի մուլտհերոսների հագուստները։ Ծրագիրն հնարավոր եղավ ամբողջական դարձնել ԿՀԶ ՀԿ ֆինանսական ներդրմամբ և Լանջիկի համայնքապետ Ա․Մարդոյանի աջակցությամբ։ Այսօր արդեն համայնքն ունի մուլտ հերոսների և այլ կերպարների 5 հագուստներ, որոնց միջոցով կենտրոնի կամավորները պատրաստվում են առավել գունեղ ու հիշարժան դարձնել մանկական տարբեր միջոցառումները, երեխաների ծննդյան տոները և մշակութային այլ ծրագրեր։

Սակայն հագուստները ձեռք բերելուց հետո անհրաժեշտություն առաջացավ կամավորների համար դերասանական դասընթացների կազմակերպումը, որպեսզի նրանք կարողանան ավելի արհեստավարժ և ճիշտ պահել իրենց լսարանի առջև: Այդ նպատակով կամավորների համար կազմակերպվեցին հատուկ դասընթացներ, որոնց ժամանակ մասնակիցները ձեռք բերեցին հիմնական գիտելիքներ դերասանի վարպետության, բեմական խոսքի և շարժուձևի, կերպարային մտածողության վերաբերյալ։ Գյումրու Տիկնիկային թատրոնի փորձառու դերասանուհի և տիկնիկավար Ռուզաննա Փահլևանյանի օգնությամբ սկսնակ դերասանները ձերբազատվեցին բարդույթներից, մշակեցին զանազան սցենարներ ու խաղեր տարբեր՝ միջոցառումների համար։

Օրերս Լանջիկի Համայնքային կենտրոնում կայացած հանդիպումը նպատակ ուներ կամավորների ծնողներին ներկայացնել ծրագրի ընթացքը՝ ի՞նչ է արվել, ի՞նչ են սովորել երեխաները վերջին մեկ ամսվա ընթացքում, ի՞նչ նպատակներ ու անելիքներ կան և այլն։

Ներկա գտնվելով երեխաների հերթական փորձին, ծնողները հաճելիորեն զարմացած էին՝ իրենց երեխաների մեջ հայտնաբերելով դերասանական հմտություններ՝ հանդիսատեսի հետ շփում ստեղծելու, պահի տակ ինքնուրույն ստեղծագործելու, ուրախ տրամադրություն հաղորդելու և բեմական արվեստին տիրապետելու ընդունակություններ։

Շնորհակալություն հայտնելով դասընթացավար Ռ․ Փահլևանյանին և Համայնքային կենտրոնի պատասխանատու Ա․Առաքելյանին՝ բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար, ծնողները նշեցին․«Դեռևս մեկ տարի առաջ մուլտհերոսների պրոֆեսիոնալ հագուստներ ունենալը երազանք էր Լանջիկի երեխաների և ինչու չէ, նաև մեծահասակներիս համար։ Սակայն այսօր այդ երազանքն արդեն իրականություն է՝ շնորհիվ Կանայք հանուն զարգացման ՀԿ-ի։ Համոզված ենք, որ այն կլինի կայուն և շարունակական և անպայման դրական փոփոխություն կմտցնի երեխաների առօրյայում»։

Հ․Գ․ Հագուստներն առաջին անգամ կներկայացվի համայնքի դատին հունիսի 1-ին՝ անակնկալ մատուցելով փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Ստորև ներկայացված տեսանյութում ընդգրկված են հատվածներ կամավորների հերթական փորձից։